ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՍԼԱՔՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր հորեղբոր սպանությունը չի բացահայտվի, քանի որ ինչ-որ մարդիկ փորձում են այն գաղտնի պահել:
Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետը նշված օրը՝ վաղ առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, աշխատանքի գնալիս սպանվեց հենց գյուղապետարանի դիմաց հնչած կրակոցներից: Այս գործով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, այնուհետեւ Արայիկ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց, եւ նրան կալանավորեցին: Ու չնայած գյուղապետի սպանությունից անցել է շուրջ 6 ամիս, սակայն մինչ օրս սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի հարազատները պնդում են, որ նա այս ամենի հետ կապ չունի, ավելին, սպանված Հրաչ Մուրադյանի եղբոր որդին եւս չի հավատում, որ Արայիկն է սպանել հորեղբորը:
Նշենք, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ ՀՀ ոստիկանությունը փորձեց շահագրգռել ականատեսներին՝ խոստանաով 5000 դոլարին համարժեք դրամական պարգեւ այն մարդուն, որը սպանության մասին ճիշտ վկայություններ կտա: Սակայն, ինչպես նկատում ենք, սպանությանը հաջորդած վախի մթնոլորտը գյուղում միանգամայն այլ պատկեր է ստեղծել, եւ մինչ օրս որեւէ մեկն այդ գործով վկայություն չի տվել: Միայն հայտնի է, որ սպանության գործով կրկնակի փորձաքննություն է նշանակվել:
Հակոբ Մուրադյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե ոստիկանությունը ցանկանար այս գործը բացահայտել, ապա կբացահայտեր. “Չգիտեմ, թե ոստիկանությունն ինչով է շահագրգռված, որ այս հանցագործությունը չբացահայտվի, բայց չի կարող պատահել, որ օրը ցերեկով մարդուն սպանեն, ու ոստիկաններն ուզենան պարզել եւ չկարողանան: Ես այն կարծիքին եմ, որ ինչ-որ մարդիկ փորձում են այն պահել, ու ոստիկանության՝ այդ գումարի պարգեւը գալիս է ցույց տալու նրանց թույլ լինելը”: 
Սպանության օրերին Պռոշյանում լուրեր էին շրջանառվում, որ գյուղապետ Հրաչ Մուրադյանին դեպքից երկու օր առաջ ոստիկանություն են կանչել: Լուրը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Հակոբը՝ մանրամասնելով, որ գյուղում գողության դեպք էր եղել, դրա համար էին Մուրադյանին հրավիրել բաժին:
Իսկ ո՞րն էր սպանության իրական դրդապատճառը: Հակոբի խոսքով` այս սպանությունը քաղաքական էր, եւ անձնական կամ մեկ այլ բան չէր կարող պատճառ դառնալ: ,Սպանողներն էլ երեւի հայտնի են, համոզված եմ, որ իշխանություններն էլ գիտեն: Եթե այդպես չլիներ, հաստատ չէին թողնի, որ այսօրվա դրությամբ գյուղի միակ մանկապարտեզում անտերության վիճակ լիներ: Ո՞նց է լինում, որ 8 հոգի դիմում է գրում, ազատվում աշխատանքից, ու ոչ ոք չգիտի, թե ինչու: Ինչպես սպանությունը, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել: Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերն առանց նրա որեւէ բան չեն կարող անել,-ասաց Հակոբը՝ հավելելով, որ այս սպանությունը կբացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում, եւ ով ինչ ուզում է, անում է,-եթե մարզպետը թողնում է՝ իր համայնքներից մեկում նման վիճակ ստեղծվի, ուրեմն այս երկրում մի բան այն չէ, մի բան ճիշտ չի դրված, մենք ճիշտ տեղում չենք: Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանի՛ն հարցրեք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը: Ո՛չ, իհարկե չի հաստատել: Այդ հարցը անգամ չեն էլ դրել”:
Ըստ մեր զրուցակցի՝ գյուղապետարանի աշխատակիցները նորանշանակ գյուղապետի հետ չեն աշխատել միայն մի բանի համար, որ նա կասկածվում է նախկին գյուղապետի սպանության մեջ: Սպանված Հրաչ Մուրադյանի եղբոր որդին ասաց, որ իրենք չեն պատրաստվում լռել, ու եթե ամեն ինչ այս հունով ընթանա, ապա իրենք էլ իրենց քայլերը կանեն. “Նախագահական նստավայրի հենց դիմացը նստացույցից սկսած մինչեւ հացադուլ կանենք, իսկ մնացածը հետո կտեսնենք”:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Պռոշյանում ամեն ինչ նորմալ է: “Հարազատներն ինչ ասես կարող են ասել, բայց հո դա հի՞մք չէ: Ի՞նչ կապ ունի մարզպետն այս ամենի հետ: Հիմարությունների վերջը տվե՛ք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան: Իրավապահ մարմիններ կան, թող դիմեն իրավապահներին, իսկ մարզպետն այդտեղ որեւէ իրավասություն չունի”,-ասաց Կ. Շահգալդյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող ենթադրել՝ Հրաչ Մուրադյանի սպանությունը կբացահայտվի, թե ոչ, ավելին, “կանխատեսումներ անելու վախտն էլ չի”:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 630 համար




Լրահոս