Վերջերս «Big Apple Music Awards»-ի հիմնադիր Ստելլա Բոյաջյանը «Իրավունք» թերթին պատմել է, որ BAMA-ն եւ «Daf Bama Music Awards»-ը դատական գործընթացի մեջ են գտնվում, քանի որ վերջինս գողացել է իրենց մրցանակաբաշխության անունը, եւ այսօր «Daf Bama Music Awards»ի կազմակերպիչներ աֆղանցի ամուսինները հանդես են գալիս BAMA-ի անունից եւ «Daf BAMA Music Awards»-ը ներկայացնում են որպես «Big Apple Music Awards»:
Ս. Բոյաջյանը նաեւ ուշագրավ մի հայտարարություն է արել, ըստ որի՝ «Daf Bama Music Awards»ի կազմակերպիչները` աֆղանցի ամուսիններ Ֆավադ եւ Ռոյա Նադիարները, որոնց հետ ինքը նախկինում համագործակցել է «Big Apple Music Awards»-ի շրջանակներում, ընդգրկված են մի շարք «մութ գործերի» մեջ: Նրա խոսքով` աֆղան տղամարդը կապված է թալիբանների եւ մոջահետների հետ (իսլամիստական ահաբեկչական շարժման ներկայացուցիչներ). գնալով տարբեր վայրեր` նա համոզում է մարդկանց, որ դառնան թալիբաններ եւ մոջահետներ, ովքեր հետագայում գումար են ուղարկում ահաբեկիչներին: Ս. Բոյաջյանի հավաստիացմամբ` այդ թվում Ադրբեջանն է տվյալ գումարով զենք ձեռք բերում, որն օգտագործում է մեր բանակի եւ զինվորների դեմ:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 27-ին Համբուրգում կայանալիք գերմանական «Daf Bama Music Awards» մրցանակաբաշխությանը Հայաստանից նոմինացված են Անդրեն եւ Սիրուշոն: Ս. Բոյաջյանը այն համոզման է, որ մեր երգիչ-երգչուհիները պետք է անպայման տեղյակ լինեն վերոնշյալ «խաբեության» մասին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ` պարզելու, թե ինչ է այս ամենի առթիվ մտածում վերջերս մայրացած երգչուհին, եւ արդյոք նա կմեկնի` մասնակցելու մրցույթին:
«Ես կարող եմ այս պահին հաստատել, որ Սիրուշոն նոմինացված է «Daf Bama Music Awards»-ին, բացի այդ` նա ստացել է պաշտոնական հրավեր` մասնակցություն ունենալու մրցանակաբաշխությանը: Այս պահին հարցը քննարկման փուլում է, ընթացքի մեջ է, ուստի վերջնական մեկնաբանություն տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է «Daf Bama Music Awards»-ի գործունեությանը, երկու կողմի կազմակերպիչների միջեւ հարաբերություններին կամ այդ մասին տարածվող լուրերին, ապա կասեմ, որ ես բավականաչափ ինֆորմացիա չունեմ եւ իրավասու չեմ դրանք մեկնաբանել»,-ասաց նա:
Հավելենք, որ մենք ծանոթացանք «Daf Bama Music Awards»-ի պաշտոնական կայքի «Մեր մասին» բաժնում զետեղված տեղեկությանը, որտեղ նշված է. «2008 թվականից սկսած, երկար ճանապարհ անցնելով` մենք ամեն անգամ թողնում ենք մեր հաջողության հետքը»: Իսկ, ահա, Ս. Բոյաջյանը նշել է, որ աֆղանցի ամուսինների հետ ծանոթացել է 2009-ին եւ ապա համագործակցել նրանց հետ «Big Apple Music Awards»-ի շրջանակներում:
Աննա Բաբաջանյան