ՍԴ-ն քննության է ընդունել Վարուժան Ավետիսյանի դիմումը. պատասխանող կողմը ԱԺ-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ-ն քննության է ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի դիմումը՝ կապված արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից զրկվելու հետ:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջնշվում է.

«2016 թ. հունվարի 29-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ նույն թվականի փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի եւ երթի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը իրազեկման առնչությամբ իր որոշմամբ սահամանափակել է հավաքի անցկացման ժամանակահատվածը՝ կրճատելով այն, եւ արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում:

Վերոնշյալ որոշումը Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է վարչական դատարան, որն էլ 2016 թ. փետրվարի 19-ին մերժել է հայցը եւ վճռի եզրակափակիչ մասում, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, նշել, որ «Սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սրանով, փաստորեն, Վարուժան Ավետիսյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից:

Վարուժան Ավետիսյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը 2016 թ. հունիսի 6-ին դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը որոշելու հարցով: 2016 թ. հունիսի 21-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը, գտնելով, որ դիմումը համապատասխանում է Դատարան դիմելու բոլոր նորմերին, քննության է ընդունել Վարուժան Ավետիսյանի դիմումը եւ որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Դիմումի քննությունը նշանակված է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին»:




Լրահոս