Հ. Աբրահամյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:
Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստում քննարկվել են կառույցի անդամակցությանը վերաբերող հարցեր, կազմակերպության նախագահի և գլխավոր քարտուղարի հաշվետվությունները, ֆինանսական հարցեր, ներկայացվել է Միջխորհրդարանական միության 2014 թ. ծրագիրը և բյուջեի նախագիծը:
Ղեկավար խորհրդի նիստից հետո աշխատանքները սկսել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում են 125 երկրների շուրջ 1200 պատվիրակներ, 45 երկրների խորհրդարանների նախագահներ: Բացման խոսքով հանդես է եկել Միջխորհրդարանական միության նախագահ Աբդելվահադ Ռադին:
Առաջին օրը վեհաժողովը քննարկել է “Դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ. խորհրդարանների դերակատարությունը” հարցը: ՄՄ հանձնաժողովներում քննարկվել են “Խորհրդարանների դերակատարությունը երեխաների, մասնավորապես առանց չափահասների ուղեկցության միգրանտ երեխաների իրավունքները պաշտպանելու և պատերազմական իրավիճակներում ու հակամարտությունների ժամանակ նրանց շահագործումը կանխարգելելու գործում” և “Զենքի վաճառքի մասին” պայմանագրի հետևանքներն ու դրա մասով գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1540՝ “Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման մասին” բանաձևի իրականացումը հարցերը:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը, Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ, կարևորում է համագործակցությունը թե′ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և թե′ միջազգային ասպարեզում:
Նրա խոսքով` հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից, Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի, և Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել ազգային ինքնությունը ու մշակույթը:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների և խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, երկկողմ շփումները, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Նրա գնահատմամբ` երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել նաև միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով:
Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը և ամրապնդումը: Նաբիհ Բըրրին Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Լիբանան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային հարցերի շուրջ` զրուցակիցները փաստել են բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս