Պետբյուջեն շարունակում է կատարվել հավելուրդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 8 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ ութ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 88.4 և 81.8 տոկոսով: Բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.7% ով կամ 103.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրված մեկ միասնական հարկի` եկամտային հարկի աճով և նոր ներդրված շրջանառության հարկի մուտքերով: Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետը հավաստեց՝ պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի, պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով 7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով: Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները: 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս