Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին:
Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ: Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ 22 մլն 350 հազար դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965 հազ. դրամ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ աղետի հենց առաջին օրը մեկնել է Արթիկ, հետևել աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին, դեպքի հաջորդ օրն էլ Արթիկ է այցելել վարչապետ Աբրահամյանը և տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարը նշել է, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:
Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ: Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու համար տարվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար: