Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հանելու են պատվիրակության կազմից. «Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին ուղղել էր հետեւյալ հարցը. «Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց տեսակետն այս հարցի շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, ԱԺ նախագահը հայտարարեց, որ պատրաստվում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից հանել Զ. Փոստանջյանին: Ի՞նչ եք կարծում, դա օրինաչա՞փ է ժողովրդավար երկրի համար:
-Մենք ժողովրդավար երկիր ենք, որ մեր ընդդիմության ներկայացուցիչը հնարավորություն ունի մեր նախագահին հարց տալու: Բայց ԱԺ նախագահը ճիշտ նշեց, որ օրենքով կան սահմանափակումներ, զրպարտություն ու վիրավորանք չի կարելի: Սա իր իրավունքի մեջ արդեն չի մտնում: Հետեւաբար դա խախտում է:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հարց տալու իր հերթը զիջել Զ. Փոստանջյանին…
-Ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, որ իրենք վերադառնան, կարող եք այդ հարցն ուղղել իրենց: Պատվիրակությունը, երբ որ վերադառնա, այդ ժամանակ նոր կկարողանանք ճշտել ու պարզել իրականությունը:
-Իսկ ճի՞շտ եք համարում այն, որ Ձեր խմբակցության անդամներն ԱԺ պատգամավորին թուրք են անվանում:
-Կարծում եմ, որ պետք չէր, բայց դա պատգամավորների խնդիրն է, թե ինչպես որակեն, ես այդպես չէի որակի: Ամոթալի է, բայց թուրք է, քուրդ է… Ուղղակի մի բան էլ հստակ է, որ այդպես չէր կարելի վարվել, նման հարց ուղղել, դա տգեղ էր, եւ դա լավ չէ ո՛չ մեր եւ ո՛չ էլ մեր երկրի համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, հայտնի է, որ Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանի «թույլտվությամբ» է հարց ուղղել Ս. Սարգսյանին: Ինչո՞ւ են այժմ ՀՀԿ-ականները մեղադրանքներ հնչեցնում Զ. Փոստանջյանի հասցեին:
-Դա մեր ընդհանուր պատվիրակության տեսակետն է, այնպես ենք անում, որ բոլորն էլ հնարավորություն ունենան, մասնավորապես եթե ընդդիմադիր պատգամավոր է խնդրում, բնականաբար թույլտվություն է ստանում: Բայց խայտառակ արեց, որովհետեւ սովորաբար եթե ընդդիմադիր է, ընդդիմադիրը քաղաքական խոսք պետք է ասի, ոչ թե այլանդակություններ: Անսպասելի էր, որ մարդը կկարողանա իր ազգային արժանիքները մի կողմի վրա դնել ու փողոցի շվայտ կյանքով ապրողի նման մի բան հայտարարել:
-Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները:
-Ցանկացած հարց մեզ համար ընդունելի էր, քանի որ ինչ տարբերություն… իսկ եվրոպացի պատգամավորը քաղաքական հարցադրում կաներ, ոչ թե փողոցից վերցված նյութերով հանդես կգար:
-Իսկ հնարավո՞ր է, որ Դ. Հարությունյանը «պատժվի» Ա. Հովհաննիսյանի փոխարեն Զ. Փոստանջյանին հարց տալու հնարավորություն ընձեռելու համար:
-Իհարկե չէ, քանի որ մենք հստակ էլ չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ դրանք ասեկոսեներ են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, իշխանությունը կարծես թե ինքն իր «ձեռքով» իրեն խայտառակեց, քանի որ լավ հասկանալով, որ Զ. Փոստանջյանը կարող է անակնկալ հարց տալ, Դ. Հարությունյանը, այնուամենայնիվ, իրենց «տեղը» զիջեց նրան: Ինչո՞ւ:
-Ես ներքին ընթացակարգի հետ կապված, թե ով է զիջել, ինչպես է զիջել, որեւէ բան չեմ կարող ասել: Այստեղ հարցը վերաբերում է ազգի եւ պետության պատվին: Ես շատ տարբեր ընդդիմադիր պատգամավորների հետ եղել եմ տարբեր միջազգային հանդիպումների, որտեղ ազգի շահը, պետականության շահն ամենաբարձր տեղում է եղել: Գռեհկության չափ գոյություն ունի՝ անկախ նրանից՝ նա ընդդիմադիր է, թե դիմադիր: Իսկ այդ հարցերն արդեն երկրորդական են, թե ինչպես է զիջել, ով է զիջել, այդքան էլ կարեւոր չէ:
-Իշխանություններն անընդհատ վստահեցնում են, որ մենք ժողովրդավար երկիր եք, այդ դեպքում արժե՞, որ Փոստանջյանին հանեք ԵԽԽՎ պատվիրակության կազմից:
-Այո՛, ժողովրդավար երկիր ենք, ոչ թե ցինիկ:
Հ.Գ. Իրեն ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմից հանելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման հետ կապված՝ երեկ Զ. Փոստանջյանն «Առավոտ»-ին ասել է. «Հովիկ Աբրահամյանն արդեն կրկնվում է, տարիներ առաջ նման փորձ արդեն իր կողմից արվել է, եւ պատասխանը ստացել է: Հիմա էլ է պատասխան ստանալու»: