ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՓՈԽԱԿԱՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է ՃՈ-ն մշտապես հակասական տեղեկություններ հրապարակում տեխնիկական զննության կտրոնները փակցնելու վերաբերյալ: Մե՛կ ասում են, թե կտրոնը դիմապակու աջ անկյունում փակցնելը պարտադիր է, մե՛կ ասում են՝ ոչ: ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենց պահանջները մշտապես էլ եղել են շատ հստակ. «Երբեւիցե հայտարարություն չի եղել, որ չպետք է փակցնել տեխզննման կտրոնը, այս պահի դրությամբ նման բան չկա, որ վարորդն իրավունք ունի չփակցնել կտրոնը: Հնարավոր է՝ այն ժամանակ, երբ բանկերում տեխզննության կտրոն չկար, ու չէին կարողանում տրամադրել, ներողամիտ ենք եղել, չենք ստուգել, բայց օրենքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել»: Այսպիսով՝ ՃՈ-ն հայտնում է, որ մեքենաները պետք է վարել միայն տեխզննման կտրոնը փակցված: Ավելին, հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը. հավանաբար դա կապված է ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցության հետ:

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարչի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել: Մեր տեղեկություններով՝ նախկին կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը հրաժարվել է այդ պաշտոնի համար «պայքարել» կամ էլ նրան արգելել են: Մեզ հետ զրույցում Ա. Մկրտչյանը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով. «Իմ լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, մինչեւ այսօր դեռ որոշված չէ՝ ես մնալու եմ, թե ոչ, բայց ճիշտ է, որ բանկը հայտարարություն տվել է կառավարչի պաշտոնի համար: Ճիշտ է, որ ես էլ ասել եմ, որ դուրս եմ գալու, չեմ մնալու»: Հարցին, թե ինչու է որոշել հրաժարվել այդ «յուղոտ» պաշտոնից ու հեռանալ, ասաց. «Իմ աշխատանքի կասեցումը դեռ երկարելու էր, դրա համար»:
Հիշեցնենք՝ դեռեւս հուլիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդենիսի բազում բնակիչներ «Արդշինինվեստբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ էին վերցրել, ժամանակին մարել այն, սակայն երբ գնացել էին ոսկին վերցնելու, պարզվել էր, որ վճարումների դիմաց բանկի կողմից տրված կտրոնները կեղծ են: Մեր հրապարակումից հետո Ա. Մկրտչյանի գործունեությունը կասեցվել էր, ու հարուցվել քրեական գործ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ նախաքննությունը դեռ շարունակվում է:

ԴԱՍԱԽՈՍԸ
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո) պարզել՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը «կողմ» քվեարկելը կապված է որդու եւ իր շուրջ պտտվող քրեական պատմությունների հետ: «Մտածում եք՝ գոնե Կոստանյանը ձեզ կազատի՞ քրեական պատասխանատվությունից»,-հարցին պատգամավորն այսպես պատասխանեց. «Չէ՛, տենց բան չի եղել: Իմ տղան կամ ես տենց խնդիր չենք ունեցել: Գեւորգ Կոստանյանը եղել ա իմ տղայի դասախոսը, էդքան բան, այլ բան չկա»:




Լրահոս