Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին ասել է իսրայելցի հայտնի գիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության փորձագետ, Զորյան ինստիտուտի խորհրդի անդամ Յաիր Աուրոն: «Իսրայելը խուսափել է Հայոց ցեղասպանության ազատ քվեարկության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը թույլատրելուց՝ ԱՄՆ եւ Իսրայելի գլխավոր դաշնակից Թուրքիայի կառավարությունից օտարանալու վախից ելնելով: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Իսրայելի դիրքորոշումը, կապված Հայոց ցեղասպանության հետ, չափազանց հակասական է, ինչի համար կան շատ պատճառներ, այդ թվում նաեւ դիվանագիտական:
Ժամանակակից Թուրքիան հանցագործը չէ, սակայն այն Օսմանյան կայսրության բոլոր իրավունքների եւ պատասխանատվությունների իրավական ժառանգորդն է»,ասել է Յաիր Աուրոն: Նրա խոսքով՝ հատկապես Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, ինչպես նաեւ օրերս Թուրքիայի հետ դիվանագիտական կապերը թարմացնելուց հետո Իսրայելը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կապված Հայոց ցեղասպանության հարցի հետ:
«Ինձ համար դժվար է ընդունել Իսրայելի երկակի ստանդարտները եւ՛ որպես հրեա, եւ՛ որպես գիտնական: Դժվար է տեսնել, թե՛ Հոլոքոստի պատճառով առաջացած կարեկցանքի վրա հիմնված Իսրայելի առեւտուրը, թե՛ միեւնույն ժամանակ մյուսների ցեղասպանության ժխտումը: Եթե ժամանակակից Գերմանիան ընդունում է Գերմանական կայսրության հանցակցությունը Հայոց ցեղասպանության դեպքերին, ինչպե՞ս կարելի է հասկանալ Թուրքիայի ժխտումը:
Կցանկանամ, որ այս տարվա քննարկումը, այնուամենայնիվ, տարբերվի մյուսներից, լինի ազատ քվեարկություն՝ կրելով այն շեշտադրումը, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված կլինի ոչ թե Թուրքիայի հետ թշնամության կամ բարեկամության հանգամանքի վրա, այլ կլինի Իսրայելի բարոյական պատասխանատվությունը»,- ընդգծեց նա:
Մայիսի 16-ին Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդլստեյնը կոչ էր արել կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: