ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրա՝ ինքը դատավճռի հրապարակումից հետո այցելել է ՔԿՀ-ում գտնվող ամուսնուն, եւ Խաչատուրն իրեն ասել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մեջ սխալ կա: «Այնտեղ գրված է, թե Խաչատուրն իր մեղքն ամբողջությամբ ընդունել է: Բայց նման բան չկա: Խաչատուրը բազմիցս է հայտարարել, որ իր մեղքը մասնակի է ընդունել: Ինչո՞ւ են նման բան արել, մենք ոչինչ չենք հասկանում, այս ի՞նչ են ուզում անել: Խաչատուրը եւս շատ զարմացած էր»,-պատմեց դատապարտյալի կինը: Հավելենք, որ այս գործով դատավորը Գագիկ Պողոսյանն էր, հետեւաբար մեղադրանքի սլաքն ուղղված է դեպի նա:
«Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ԳՈՐԾՆ Է ՕՐ»
«Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե, ի վերջո, սեպտեմբերի 20-ին Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցում ինչ էր նա խնդրում Սերժ Սարգսյանից: Ղուկասյանի պատասխանն ինչպես միշտ ինքնատիպ էր. «Պա՛հ, պա՛հ, պա՛հ, բոլորին հետաքրքրում է: Ո՞ւմ ի՞նչ գործն է, որ հետաքրքրվում են: Այսքանը, ցտեսություն, հաջողություն»:
ՍՏՈՒԳՈՒՄ ԶԵՆՔԵՐՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ին զանգահարած քաղաքացիները տեղեկացրին, որ ոստիկանությունը Գյումրիում զենքերով ստուգումներ է իրականացնում: Մեր զրուցակիցները նշեցին, որ անտեղի կանգնեցնում են ավտոմեքենաներն ու ստուգում: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից նշեցին, թե ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իր գործառույթներն է իրականացնում, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա:
«ՇԵՎՐՈԼԵՆԵՐՈՎ»
«Ուսուցչի օր» տոնի առթիվ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ 8 միլիոն դրամ: Իսկ ՀՀ 2013թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շեւրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 12 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, այս հանրապետական մրցույթներն անցկացվում են 13-րդ անգամ: 2011թ. այս մրցույթի համար կառավարության աշխատակազմին հատկացվել է 10 մլն դրամ մրցույթի հաղթողներին դարձյալ մեկական «Շեւրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով: 2012թ. արդեն թիվը փոքր-ինչ մեծացել է՝ դառնալով 11 մլն 900 հազար դրամ կրկին նույն մակնիշի ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով: Իսկ թե ովքեր են «լավագույն» ճանաչվում, կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա: