ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցություններից ում հետ կհամագործակցի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմի՞, թե՞ ոչ:
«Հայ ազգային կոնգրեսի հետ ունենք դաշինքային, կարելի է ասել, համագործակցություն, բնականաբար կա սերտ համագործակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, աշնանը»,- ասաց Դեմիճյանը: Հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա անվանափոխված ՕԵԿ-ին, այսինքն՝ «Հայկական վերածնունդ»-ին կամ էլ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:
Ի վերջո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆինանսավորում է «Հայկական վերածննդին», իսկ Աբրահամյանը եւ Դեմիրճյանը խնամիներ են: Ի պատասխան՝ ՀԺԿ նախագահն ասաց. «Ես ինչ-որ ասելու էի, ասացի: Ընտրությունների հետ կապված հարցերին կանդրադառնանք ավելի ուշ՝ աշնանը, այսօր ես ավելին ասել չեմ կարող»: Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ: