ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աշխատանքային ռեսուրսները 2013թ. 2-րդ եռամսյակի դրությամբ մեկ տարվա ընթացքում պակասել են 13.8 հազար մարդով, թեեւ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը զգալի բարձր էր՝ 170.8 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում եղել է 2 մլն 232.8 հազար աշխատունակ մարդ:
Աշխատանքային ռեսուրսները պակասել են հիմնականում քաղաքներից, որտեղ այս տարվա առաջին կիսամյակում հաշվվել է 1 մլն 446.2 հազար մարդ 2012-ի նույն ժամանակաշրջանի 1 մլն 478.8 հազարի համեմատ, իսկ գյուղական շրջաններում նույնիսկ 1880-ով ավելացել է եւ կազմել 786.6 հազար մարդ: Ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ զբաղվածների թիվը նվազել էր 9100-ով, այս տարվա 2-րդ եռամսյակում զբաղվածները շատացել են 13.3 հազարով եւ կազմել 1 մլն 179.8 հազար մարդ: Իսկ ահա գործազուրկների թիվն անկում է արձանագրել՝ 2012-ի 2-րդ եռամսյակի 246.2 հազարից այս տարի 2-րդ եռամսյակի դրությամբ կազմելով 228.1 հազար մարդ:
Այս ցուցանիշների վերաբերյալ մասնագետի մեկնաբանություն լսելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: «Նման հաշվարկներ անելու մեթոդոլոգիան ավելի շատ եվրոպական ու ամերիկյան փորձից է վերցված: Դրանք սխալ մեթոդներ չեն, բայց մեր պարագայում կգործեին, եթե միայն սկզբնական պատկերը ճիշտ լիներ, այսինքն՝ թվային հաշվարկներն ու համեմատություններն արվեին երկրի գործազրկության կամ զբաղվածության իրական պատկերն արտացոլող թվերի հիման վրա»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի` Հայաստանից հեռանում են գործազուրկները` աշխատանք չունեցող մարդիկ, իսկ երկրում մնում են նրանք, ովքեր զբաղվածություն ունեն: «Ու ստացվում է` իբր գործազուրկների թիվը պակասում է, բայց հետաքրքիրն այն է, որ աշխատանք չունեցողների թիվը նոր աշխատատեղերի ստեղծմամբ չէ, որ պակասում է, այլ կառավարությունն այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ մարդիկ արտագաղթում են»,-նշեց Վ. Խաչատրյանը:

 ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս