ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԱԱՂՔԱՏՆ ԵՆ
Ըստ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալների՝ 2013թ. օգոստոսին Տավուշի մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը՝ Իջեւանի շրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը՝ Նոյեմբերյանում: Սոցիալական ծառայություններին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ օգոստոսին մարզում հրատապ դրամական օգնություն է ստացել 482 ընտանիք, որից Իջեւանում՝ 199, Դիլիջանում՝ 103, Բերդում՝ 115, Նոյեմբերյանում՝ 65: Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը սպասարկում է Դիլիջան քաղաքը, Թեղուտ, Հաղարծին եւ Գոշ գյուղերը: Ընդհանուր առմամբ շուրջ 21 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում եւ հարակից 3 գյուղերում ընտանեկան նպաստ ստացողների թիվն ավելի մեծ է, քան շուրջ 30 հազարական բնակիչ եւ Ադրբեջանին սահմանակից բազմաթիվ գյուղեր, չմշակվող հազարավոր հեկտար հողեր ունեցող Նոյեմբերյանի եւ Բերդի շրջաններում: Ստացվում է, որ զբոսաշրջային Դիլիջան քաղաքում եւ նշանավոր Գոշավանքի ու Հաղարծին վանական համալիրի շրջակայքում գտնվող նշված գյուղերում աղքատությունն ավելի մեծ է, քան Բերդի եւ Նոյեմբերյանի շրջաններում:

«ԴԱՎԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ, ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ»
Քաղաքակիրթ աշխարհում շատ են կարեւորվում մաքուր շրջակա միջավայրն ու էկոլոգիան: Աղտոտված շրջակա միջավայրը բառի բուն իմաստով թունավորում է մարդկանց կյանքը, տարբեր հիվանդությունների պատճառ դառնում: Սակայն Տավուշի մարզի բնակիչները կարծես թե այդքան էլ չեն կարեւորում բնապահպանական խնդիրները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը Գետահովիտ գյուղում նոր հէկ է կառուցում: Հիշեցնենք, որ Պաղջուր գետի վրա արդեն գործում է Քոքոբելյանների ընտանիքին պատկանող «Խաչաղբյուր-1» փոքր հէկ-ը:
Գետահովտի բնակիչները որքանո՞վ են տեղեկացված նոր հէկ-ի գործարկմամբ շրջակա միջավայրին հասցվելիք վնասների մասին, արդյո՞ք այս հէկ-ի կառուցման համար հասարակական լսումներ անցկացվել են, թե՞ դրանք միայն թղթի վրա են կայացել: Նույն գետի վրա 3 փոքր հէկ-ի շահագործումն ինչպե՞ս կանդրադառնա Պաղջուրի էկոհամակարգի վրա… Հարցերը շատ են, պատասխաններ չկան: Շատ են նաեւ շրջակա միջավայրն աղտոտող ձեռնարկությունները: Լոռու մարզում գործող, Դեբեդն աղտոտող Ախթալայի հանքահարստացման ֆաբրիկային, Ալավերդու պղնձաձուլական գործարանին եւ այլ ձեռնարկություններին շուտով կմիանա Թեղուտի հանքավայրը: Հայտնի է, որ Նոյեմբերյանի շրջանի այգիները ոռոգվում են Դեբեդի ջրերով, եւ այդ այգիների դեղձը «հագենում է» գետը լցվող արտադրական թափոններում առկա ծանր մետաղներով: Այդ մետաղները, որպես սնունդ թափանցելով մարդու օրգանիզմ, զանազան ծանր հիվանդություններ են առաջացնում: Թեղուտի հանքավայրի գործարկմամբ ծանր մետաղներով Դեբեդի աղտոտվածությունը էլ ավելի կմեծանա: Մինչդեռ տարօրինակ կերպով Դեբեդի հովտի համայնքների ղեկավարներն ու Տավուշի մարզի ՀԿ-ները լռում են: Այդպես էլ ապրում են` «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս