Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ադրբեջան և Վրաստան սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Ինչպես հայտնում է Report-ը՝ պոնտիֆիկը ելույթ է ունեցել Վատիկանում:
Նա նշել է, որ որոշում է ընդունել այցելել այդ երկրներ 2 պատճառով.
«Առաջին հերթին, քրիստոնեական հնագույն արմատների արժեքը, որոնք առկա են այդ հողերի վրա, երկխոսության ոգին այլ կրոնների և մշակույթների հետ »,-հայտարարել է Հռոմի պապը:
Որպես երկրորդ պատճառ՝ Հռոմի պապը նշել է «հույսի ու խաղաղության ուղիների խրախուսանքը»:
«Պատմությունը սովորեցնում է մեզ, որ խաղաղության ճանապարհը հաստատակամություն և մշտական քայլեր է պահանջում՝ սկսած փոքր և աստիճանաբար մեծացող քայլերից: Այդ իսկ պատճառով իմ ցանկությունն է, որպեսզի յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա խաղաղության հաստատման գործում»,-հայտարարել է պոնտիֆիկը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցով գտնվում էր Հայաստանում: