Այս օրերին սոցիալական կայքերի քննարկման թեմաներից մեկը Նունե Եսայանի՝ ՀՀ անկախության օրը կայացած ճոխ համերգն է, որի համար պետական բյուջեից հատկացվել էր 54.7 միլիոն դրամ կամ մոտ 134 հազար ԱՄՆ դոլար: Իսկ երեկ NEWS.am-ից տեղեկացանք մեկ այլ` Մոսկվայի պետական կրեմլյան պալատում նոյեմբերի 18-ին կայանալիք համերգի մասին, որը նվիրված է դուդուկահար Ջիվան Գասպարյանի 85-ամյակին։ Նախապես հայտնի էր, որ դուդուկահարի հոբելյանական համերգին պետք է ելույթ ունենա նաեւ Շառլ Ազնավուրը, բայց լրատվամիջոցը հայտնում է, որ լեգենդար ֆրանսահայ շանսոնյեն, հնարավոր է, ելույթ չունենա, եւ բացառված չէ, որ համերգը մեկ շաբաթով հետաձգվի:
«Ժողովուրդ»-ը փորձեց մանրամասներ իմանալ հենց Ջիվան Գասպարյանից: Վերջինս մասնավորապես ասաց.
-Ինձ ոչինչ չեն ասել, ըստ երեւույթին, ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Ես որ զանգեմ, կասեն։ Ամեն ինչ կախված է Մոսկվայի կազմակերպիչներից, հովանավորներից։
-Իսկ Ազնավուրի հետ զրուցե՞լ եք համերգի մասին։
-Ես Ազնավուրի հետ շատ մոտ եմ, նա իմ լավ բարեկամն է, բայց ես այդ թեմայով նրա հետ չեմ խոսել, քանի որ մենեջերներն են միմյանց հետ պայմանավորվում։ Ես նման բաների մեջ չեմ խառնվում ու համոզված եմ, որ Շառլ Ազնավուրն էլ չի խառնվում։ Դա ո՛չ ինձ է սազում, ո՛չ էլ Շառլին։
-Ձեր ծննդյան օրը, որքան գիտեմ, հոկտեմբերի 12-ին է, եւ այդ օրն եք դառնալու 85 տարեկան։ Հայաստանում Ձեր հոբելյանը չե՞ն նշելու։
-Իմ ծննդյան իսկական օրը հոկտեմբերի 8-ն է, բայց անձնագրում հոկտեմբերի 12-ն է գրված։ Դահլիճների հետ կապված հարցեր կան. դրանք զբաղված էին, եւ որ օրն ազատ լինեին, այդ օրն էլ պիտի անցկացնեինք այդ երեկոն։ «Շարմ»-ի հետ պիտի անեին միջոցառումը, բայց ինչ-որ բաներ եղան, որոնցից ես տեղյակ չեմ։ Կառավարությունը երեւի կկանչի, կշնորհավորի։ Տեսնենք…
Հույս ունենանք, որ Նունե Եսայանին 134 հազար ԱՄՆ դոլար հատկացնող կառավարությունը նաեւ աշխարհահռչակ դուդուկահարի հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու ցանկություն ու գումար կունենա։
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ