Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բացեիբաց չի հայտարարում իր քաղաքական ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներում պարբերաբար մեկ հարց է առաջ գալիս՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հանդես չի գալիս եւ բացեիբաց չի հայտարարում իր քաղաքական ծրագրերի մասին:
Այսինքն՝ բոլորի համար ակնհայտ է, որ նա նախագահական նստավայրից հեռանալուց հետո երբեւէ չի դադարել ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ իշխանական համակարգի վրա մշտապես ունեցել է իր ազդեցությունը: Բոլորն ակնկալում էին, որ քոչարյանական գործիչներից կազմված կուսակցության ասպարեզ գալուց հետո Ռոբերտ Քոչարյանը, ընդունելով քաղաքական դաշտում վերջերս հաստատված խաղի կանոնները, եթե, իհրակե, չի ցանկանում դառնալ «թոշակառու», ապա այլեւս պարտադրված է հրապարակային հանդես գալ:

Սակայն դա տեղի չունեցավ, եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու: Իրականում տեղի ունեցածը լիարժեք բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս իր գործունեության ողջ ընթացքում, սկսած ղարաբաղյան շարժման տարիներից, նախընտրել է իր ծրագրերն իրագործել աննկատ, թաքուն եւ ուրիշի ձեռքով: Սրանում համոզվելու համար բավական է վերհիշել իշխանական աստիճաններով Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին:

Այսօր շատ քչերն են հիշում Արցախի գերագույն խորհրդի նախագահ երջանկահիշատակ Արթուր Մկտրչյանին: Վերջինս 1992-ի հունվարին ընտրվեց ԼՂՀ առաջին գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում: Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամիս. նույն թվականի ապրիլի 14-ին նա բնակարանից դուրս գալու պահին սպանվեց քունքին արձակված մահացու կրակոցից: Եթե Արթուր Մկրտչյանին չսպանեին, ապա դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ինչպիսի քաղաքական կենսագրություն կունենային:

Առավել հավանական է, որ նրանք լավագույն դեպքում Արցախի կառավարման համակարգում երկրորդական-երրորդական ինչ-որ պաշտոններ կզբաղեցնեին, եւ նրանց մասին ոչ ոք այդպես էլ չէր իմանա: Բայց ոչ, Արթուր Մկրտչյանը, որը կրթությամբ պատմաբան էր եւ մինչեւ 1988 թվականը` ղարաբաղյան շարժման սկսվելը, եղել էր Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն, սպանվեց: Ուշագրավ է, որ մինչ օրս բոլորը համոզված են, թե Արթուր Մկրտչյանին սպանել են Հայաստանի ՀՀՇ-ական իշխանության ղեկավարության հրահանգով, այլ տարբերակ նույնիսկ չի էլ դիտարկվել:

Ինչպես հայտնի է՝ մինչեւ ղարաբաղյան շարժումը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը զբաղված են եղել կոմկուսի կուսակցական աստիճաններում կոշիկներ մաշեցնելով, ակտիվ կոմերիտականներ են եղել, «աշխատանքներ են կատարել»: 1992-ին Քոչարյանը եւ Սարգսյանը հասցրել էին մտերմանալ Հայաստանում իշխանության եկած ՀՀՇ-ի ղեկավարության հետ ու դարձել էին նրանց սիրելին:
1998-ի փետրվարին Ռոբերտ Քոչարյանը, որը 1997-ի մարտի 20-ից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարեց, թե չի պատրաստվում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել:

Այդ օրերին բոլորը համոզված էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, հետեւաբար հենց նա էլ պետք է դառնար հաջորդ նախագահը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կոմերիտական դուետն ընդամենն օգտվել էր նրա` անմնացորդ նվիրվածությունից առ հայրենիք: Այսպիսով՝ դուետն աստիճանաբար Հայաստանում իշխանությունը վերցրեց իր ձեռքը:

Այնուհետեւ եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որն իրագործեց Նաիրի Հունանյանի գլխավորած հանցավոր խումբը՝ սպանելով Սպարապետին, Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ այլ պետական այրերի: Սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես էր նրանց հաջողվել իրավապահներից աննկատ ամիսներ շարունակ ծրագրել իրենց հանցագործությունը: Հանրահայտ փաստ է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում Հայաստանի զարգացումն առնվազն 30 տարով ետ շպրտվեց: Ընդդիմադիրները բազմիցս են ահազանգել, որ փոխարենը «կոմերիտական դուետը» ծաղկեց, մեկի ընտանիքը մի քանի տարում դարձավ միլիարդատեր, մյուսնն էլ, իր հերթին սպասելուց հետո, այժմ զբաղված է պետության մեջ պետություն կառուցելով:

Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի առաջխաղացման ողջ ընթացքում, նրա կարիերայի համար կարեւոր բոլոր իրադարձություններում անձնական մասնակցության հարցն ամեն կերպ եղել է անտեսանելի: Կարելի է կարծել, թե ամեն ինչ նրան մատուցվել է: Իրականում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ստվերային գործիչներ են:
Ու այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է Ռոբերտ Քոչարյանին ստիպել, որ նա հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվի կամ քաղաքական ասպարեզից հեռանա, ամենեւին էլ պատահական չէ:

Նա բոլորից լավ գիտի, որ Քոչարյանը հրապարակային դաշտում մի քանի ամսից ավել չի ձգի: Սերժ Սարգսյանն ինքն էլ է այդպիսին: Սակայն, ի տարբերություն Քոչարյանի, նա կարող է պաշտպանվել լրագրողների եւ հակառակորդ գործիչների հրապարակային հարցադրումներից` օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող իշխանական լծակներն ու քարոզչամեքենան: Ռոբերտ Քոչարյանը նման հնարավորություն չունի: Իշխանական համակարգի պարագլխի տիտղոսը վերադարձնելու գործում նա պարտադրված է սպասել հարմար պահի: Ահա թե ինչու չի վերադառնում Ռոբերտ Քոչարյանը:

Վահագն Հովակիմյան




Լրահոս