Աղվերանում այսօր իր աշխատանքներն է շարունակել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագրի փակմանը նվիրված երկօրյա համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին և կազմակերպիչներին՝ իրականացված մեծ աշխատանքի համար: Երբ խոսում ենք եվրոպական քաղաքակրթական ազդեցության և արժեհամակարգի աստիճանական մուտքի մասին մեր երկիր, ապա չենք կարող նախևառաջ անդրադարձ չկատարել կրթության և գիտության ոլորտներին:
Թվինինգի այս՝ հատկապես խորհրդատվական ձևաչափը շատ մեծ ազդեցություն է թողնում նախ աշխարհամտածողության իմաստով: Եվ պատահական չէ, որ ընտրված են երկու կրթական երկրներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր ձևաչափով: Խոսքը վերաբերում է մեր գործընկերներին՝ Ֆինլանդիային և Գերմանիային: Ինձ համար ֆիննական մոդելը էտալոնային է՝ կրթական տարբեր մակարդակների սահուն անցումներով և համաչափ համակարգով: Երբ մենք սկսեցինք կրթական բարեփոխումների գործընթացը, դեռևս հանրակրթության փուլում, ֆիննական մոդելը միշտ եղել է կողմնորոշիչ:
Ուստի մեզ համար ֆիննական փորձի այս խորհրդատվական լավագույն ներկայությունը շատ կարևոր է: Մեր գերմանացի գործընկերները Հայաստան են տեղափոխել իրենց հզոր և հարուստ կրթական ավանդույթը, որի կառուցվածքը մեզ համար ավելի հոգեհարազատ է՝ իբրև կրթական կառուցվածք, ինչպես նաև բերել որակի հստակ չափորոշիչներ և կարգապահություն, որը հատկապես բարձրագույն կրթության ոլորտում կարևոր խնդիր է մեզ համար: Ի վերջո, այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձևավորել միջազգային կրթական կառույց, մեր բոլոր որակավորումների աստիճաններն ընթեռնելի և չափելի դարձնել՝ եվրոպական ստանդարտների տեսակետից, սակայն մենք ունենք խնդիր՝ որակի և բովանդակության հետ կապված:
Եվ պատահական չէ, որ Թվինինգը վերցրել է շատ նուրբ գործընթաց՝ ‹‹Բարձրագույն կրթության մասին›› օրենքի վերամշակումը և դրա շրջանակում որակի ապահովման, հավատարմագրման գործընթացի, կրթական մենեջմենտի հարցերը: Եթե մենք կարողանանք օրենսդրորեն ապահովել ազատ մտածողության ճանապարհը ՀՀ բարձրագույն կրթական տարածք, հստակեցնենք և որոշակիացնենք տեսակները, իրավապայմանագրային գործունեության ձևաչափերը, ճիշտ հղումները տանք հանրակրթություն-բարձրագույն կրթություն-գիտություն կապերի իմաստով, միջազգայնորեն ընդունելի փոխանցումների համակարգը դարձնենք ավելի սահուն և հստակեցնենք հասկացությունները՝ համալսարան, ցանցային, հետազոտական համալսարաններ, ապա բավականին կհեշտացնենք որակի խնդիրների կարգավորման գործընթացը:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև կատարված աշխատանքի համար՝ մեր բուհերում իրականացված հավատարմագրման և բարեվարքության ուղղություններով, որովհետև երբեմն ծանր սոցիալական վիճակները ստիպում են մեր բուհերին վերցնել իրենց վրա սոցիալական լրացուցիչ բեռ, որի ընթացքում վերջիններս հաճախ կորցնում են իրենց առաքելության գիտակցումը: Ուստի պետք է օրենսդրորեն հստակեցվի, որ յուրաքանչյուր բուհ՝ պետական և ոչ պետական, իր գործունեությունը ծավալի իր առաքելության շրջանակում և դրանից բխեցնի իր կարգավիճակը:
Այս իմաստով կարևոր է կատարված աշխատանքը, և ես կխնդրեմ ԵՄ դեսպանին՝ այս կրթական դաշտը Թվինինգի ծրագրերում մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Մեր հարցերը իսկապես շատ են, որոնք արագ չեն լուծվելու իհարկե, բայց դրանց մասին միշտ պետք է բարձրաձայնել և առաջ շարժվել: Առհասարակ, ժամանակակից աշխարհում փոփոխություններն անընդհատ են. մենք պետք է պարզապես օրենսդրորեն ամրագրենք մի քանի սկզբունքներ՝ մինիմում բեռնվածություն ունենա ԿԳ նախարությունը՝ իբրև վարչահրամայական մեխանիզմ, և մաքսիմում ինքնավարություն ստանան բուհերը: Եթե մենք չենք վստահում բուհին, ապա չենք կարող մոնիթորինգ իրականացնել և չափել որակը:
Այսինքն՝ կառավարման ապակենտրոնացում և բուհերի պատասխանատվության մեծացում: Ընդ որում՝ կառավարման ապակենտրոնացումը պետք է տեղի ունենա ոչ միայն նախարարություն-բուհ ձևաչափով, այլ բուհի ներսում ևս: Պետք է լայն իրավունքներ տրվեն ամբիոններին, ֆակուլտետներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք հնարավորություն կտան ակադեմիական և կրթական շարժունակություն ապահովել մեր երկրում,-նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ Թվինինգ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը անպայման հաշվի կառնվի առաջիկա կրթական նախաձեռնություններում:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը:
Համաժողովի ավարտին ներկայացվել են առաջին օրվա խմբային քննարկումների արդյունքները, ինչպես նաև ամփոփվել Թվինինգ ծրագրի արդյունքները և ձեռքբերումները: