Հայաստանում 2015թ. բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը բավականին տևական և լուրջ խնդիր է: «Սահմանադրական մշակույթ» մենագրության շնորհանդեսի ժամանակ լրագրողներից հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Նախնական գնահատականներով 100-ից ավել օրենքներ պետք է ընդունվեն, որից ավելի քան մեկ տասնյակը մայր օրենքներ են: Դրանց հայեցակարգերը մեր խորհրդում պարբերաբար քննարկման առարկա են դառնում:
Դրանք բոլորը կավարտվեն միայն 2018թ.: Եվ, երբ իրավական դաշտն ամբողջությամբ ներդաշնակ կլինի սահմանադրական լուծումներին և կառուցակարգային լուծումները կհամապատասխանեցվեն սահմանադրական լուծումներին, նոր Սահմանադրությունը կսկսի շնչել», «Արմենպրես»ի հաղորդմամբ` պարզաբանեց Հարությունյանը: Լրագրողներից մեկը ՍԴ նախագահին հիշեցրեց, որ ինքը միշտ նշում է, որ իր խիղճը հանգիստ չէ, քանի որ Սահմանադրության մեջ խնդիրներ է տեսնում և հարցրեց` արդյոք 2015թ. Սահամնադրական բարեփոխումներից հետո նրա խիղճը հանգստացե՞լ է:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է ասել, որովհետև ամեն օր տեսնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ: «Իմ մենագրության նախաբանի վերջում ես ավելի շատ պատգամ եմ անում, որ մեր տաղանդաշատ երիտասարդությունը կկարողանա կերտել մեր երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա որոշակի առումով դեռ ինձ համար էլ երազանք է», ասաց ՍԴ նախագահը: