Պահուստային ֆոնդի փողերը վերջանում են. ինչի վրա են ծախսվել դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ 2016 թվականի պետական բյուջեի միջոցներից հունիսի 29-ի դրությամբ ծախսվել է 620 միլիարդ 114 միլիոն 821 հազար դրամ, որը կազմում է ընդհանուրի 43,3 տոկոսը: Այսպես՝ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսվում է ծախսել 1 տրիլիոն 433 միլիարդ 416 միլիոն 965 հազար դրամ, որից պետության դրամարկղում երեկվա դրությամբ մնացել է 813 միլիարդ 302 միլիոն 144 հազար դրամը:

Ըստ ոլորտների հատկացված գումարների՝ մեծ մասը հիմնականում ծախսվել է նույն հարաբերակցությամբ, այսինքն՝ գումարների մոտ 55 տոկոսը դեռ շարունակվում է մնալ դրամարկղում: Իհարկե, հուլիսի սկզբին՝ պետական հիմնարկների աշխատակիցների հունիսի աշխատավարձերը վճարելուց հետո, պատկերը կփոխվի, եւ պետբյուջեի ծախսերը կգերազանցեն 50 տոկոսը:
Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնական բաժիններին չդասվող բյուջետային ծախսերի համար հատկացված պահուստաին ֆոնդի միջոցները սպառման եզրին են: Այսպես՝ պահուստային ֆոնդում տարվա համար նախատեսվել է 9 միլիարդ 841 միլիոն 509 հազար դրամ, որի ավելի քան 70 տոկոսը արդեն ծախսվել է: Պահուստային ֆոնդում մնացել է ընդամենը 2 միլիարդ 935 միլիոն 40 հազար դրամ: Եթե այսպես շարունակվի, ապա երկու ամսից, այսինքն՝ տարվա ավարտից դեռ հինգ ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլեւս միջոցներ չեն մնա:

Ի դեպ, պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու հարցում առաջատարը գյուղատնտեսության նախարարությունն է: Վերջինիս պահուստային ֆոնդից այս տարի հատկացվել է 3 միլիարդ 46 միլիոն 264 հազար դրամ, որի 99 տոկոսն արդեն ծախսվել է եւ պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մնացել է ծախսել ընդամենը 28 մլն 42 հազար դրամ: Հաջորդ գերատեսչությունը, որը աչքի է ընկել պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու գործում, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն է: Վերջինիս պահուստային ֆոնդից այս տարի հատկացվել է 995 միլիոն 786 հազար դրամ, որի 94 տոկոսն արդեն ծախսվել է: Երեկվա դրությամբ պահուստային ֆոնդից այս տարի ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված միջոցներից դրամարկղում մնացել է ընդամենը 58 մլն 600 հազար դրամ:

Պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու հարցում, սակայն, ՀՀ մշակույթի նախարարությունը միակն է, որը հարյուր տոկոսանոց արդյունք է արձանագրել: Ընթացիկ տարվա համար մշակույթի նախարարությանը հատկացվել է 593 միլիոն 694 հազար դրամ, որը երեկվա դրությամբ ամբողջությամբ` մինչեւ վերջին լուման, արդեն ծախսված է: Իհարկե, այլ գերատեսչություններ էլ կան, որոնք պահուստային ֆոնդից իրենց հատկացված միջոցներն ամբողջությամբ կամ ավելի քան 90 տոկոսով արդեն ծախսել են, սակայն նրանց հատկացված միջոցները համեմատաբար փոքր գումար են կազմում: Օրինակ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է ընդամենը 11 մլն 803 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրվել է 136 մլն 468 հազար դրամ, որի 90 տոկոս` 125 մլն 441 հազար դրամը, արդեն ծախսվել է, եւ այսպես շարունակ:

Ի դեպ, երբ ուսումնասիրում ենք, թե պետական բյուջեի միջոցներն ինչի վրա են ծախսվել, այստեղ հանդիպում ենք այսպիսի ձեւակերպման. ««Բլումբերգ» եւ «Ռոյթերս» տեղեկատվական համակարգերի առեւտրային տերմինալների տեղադրման եւ սպասարկման վճար»: Այդ նպատակով հատկացված է 33 միլիոն 130 հազար դրամ, որից 15 մլն 894 հազարն արդեն ծախսվել է: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կամ նրա ենթակայության ձեռնարկություններից որեւէ մեկը «Բլումբերգում» եւ «Ռոյթերսում» գովազդներ են պատվիրում: Իհարկե, եթե Հայաստանում տնտեսական հարաբերությունները իրավական հարթության վրա լինեին, եւ բոլոր հարաբերությունները ընդհանուր խաղի կանոններով կարգավորվեին, ապա նման քայլը ոչ միայն լիարժեք արդարացված կլիներ, այլ նաեւ ավելի շատ միջոցներ կարելի էր ծախսել՝ միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացնելու համար: Բայց մեր իրականությունն այլ է, եւ նման գովազդներն անիմաստ գումարի վատնում են, քանի որ դրանց արդյունքը զրոյական է, որովհետեւ երբ որեւէ արտերկրյա ընկերություն կամ կազմակերպություն Հայաստանի մասին ճշտումներ է կատարում, անմիջապես հրաժարվում է այստեղ ներդրում կատարելու մտքից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս