Վերջին ամիսներին տեղական շուկայում խեցգետնի գինը կտրուկ բարձրացավ. մասնավորապես՝ մեծ չափի խեցգետնի 1 կգ-ը վաճառվում է 7000 դրամով, փոքր չափի խեցգետնի գինը տատանվում է 2500-2800 դրամի սահմաններում: Մասնագետների համոզմամբ՝ խեցգետնի գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված է իրացման ծավալների աճով:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ-ից արտահանվել է 1.216.988 կգ կենդանի եւ 31.914 կգ եփած խեցգետին: Իսկ մայիսին արտահանվել է 318.626 կգ կենդանի խեցգետին, 10.304 կգ՝ եփած: ՍԱՊԾ-ի տվյալներով՝ հունիսի 29-ի դրությամբ այս ամիս ՀՀ-ից արտահանվել է կենդանի խեցգետին՝ 236.320 կգ: Նշենք, որ Հայաստանից խեցգետին արտահանվել է հիմնականում Ռուսաստան, որտեղ հայկական խեցգետնի պահանջարկի աճը պայմանավորված է այդ երկրում առհասարակ կենդանի խեցգետնի նկատմամբ պահանջարկի աճով:
Եւ չնայած սրան՝ այս ամիսներին Հայաստանում խեցգետնի հասունացման հետ կապված որսը նվազեցվում է, թեեւ խեցգետնի վաճառքի լավագույն շրջանը համարվում են հենց ամռան ամիսները:
Սա հաստատեց նաեւ հայ ձկնարտահանողների եւ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը: Մասնագետի խոսքով՝ խեցգետնի գնի կտրուկ բարձրացումը կապված է նաեւ իրացման ծավալների աճի հետ, քանի որ վերջին ամիսներին մեծ քանակությամբ խեցգետին վաճառվեց: «Մինչեւ գարնան վերջ խեցգետնի շատ մեծ քանակությամբ իրացում է կատարվել, հիմա դրանք այս ընթացքում պետք է հասունանան, որպեսզի աշնանը նույնպես իրացում լինի: Դրանով է պայմանավորված այս օրերին խեցգետնի նկատվող գնաճը: Թե՛ ներսում է վաճառվել, թե՛ արտահանվել է»,- նկատեց Ա. Աթոյանը:
Նշենք, որ Հայաստանում խեցգետնի որսի համար հարկավոր է միայն բնապահպանության նախարարության թույլտվությունը, որը ստանալը դժվար չէ: 2016 թվականի ընթացքում սահմանվել է խեցգետնի որսի մինչեւ 3600 տոննա չափաքանակ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ