Մի խումբ ազատամարտիկներ իրենց դժգոհությունն էին արտահայտել ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից, որոնք ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, զինդատախազ Գեւորգ Կոստանյանին այդպես էլ հարց չուղղեցին՝ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության հետ կապված. “Զինդատախազը ներկայացավ բոլոր խմբակցություններին, հետո ելույթ ունեցավ ԱԺ-ում: Նրա կատարած այդ ամբողջ գործողությունների ընթացքում ոչ մի պատգամավոր՝ լիներ դա ընդդիմությունից, թե իշխանությունից, զինդատախազին հարց չուղղեց նախօրեին կալանավորված ազատամարտիկ գնդապետի ձերբակալման մանրամասները պարզելու համար”: Այս հարցի հետ կապված՝ “Ժողովուրդ”-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ:
-Պարո՛ն Գասպարյան, Դուք անձամբ ճանաչո՞ւմ եք ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որն այժմ ձերբակալված է, ու հավատո՞ւմ եք, որ նա կարող եր խարդախության միջոցով գումարներ “աշխատել”:
-Մենք իրար հետ նաեւ ծառայել ենք: Ես, իրեն շատ լավ ճանաչելով, նման բան երբեւիցե չեմ մտածել իր մասին, պարզ, մաքուր, անկաշառ մարդ էր: Թե կյանքը փոխել է, չեմ կարող ասել, բայց դե երբ ես իրեն ճանաչել եմ, նորմալ անձնավորություն է եղել, նորմալ սպա է եղել:
-Իսկ վերջին ժամանակահատվածում որեւէ շփում ունեցե՞լ եք:
-Չէ՛, ինչ ես բանակից դուրս եմ եկել, 2000թ.-ից հետո, ճիշտ է, առիթ ունեցել ենք հանդիպելու, բայց այդքանը: Այլ շփումներ չեն եղել:
-Ինչո՞ւ Վ. Ավետիսյանի ձերբակալության մասին որեւէ պատգամավոր հարց չուղղեց Գ. Կոստանյանին: Մինչեւ այսօր ազատամարտիկների պահանջները մնացել են անպատասխան, Դուք ինչո՞ւ որեւէ քայլ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ:
-Ես տեղեկացա, որ իրենց հարցերը կարգավորվում են: Ճիշտ է, ես իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, ուղղակի տեղեկացա, որ ինչ-որ արտոնություններ ու հարցերի լուծում պատրաստվում են տալ: Ճիշտն ասած, անցած նստաշրջանում ես էլ մի նախագիծ ներկայացրի՝ ազատամարտիկների հետ կապված, բայց բյուջեի սղության պատճառով այդ հարցը չլուծվեց: Իմ առաջարկությունն այն էր, որ ազատամարտիկի կարգավիճակը նույնը լիներ, ինչ Հայրենական պատերազմի մասնակիցներինը: Տարբերությունը ո՞րն է, եթե բոլորն էլ պայքարել են իրենց հայրենիքի համար: Մարդիկ վիրավորվել են, առողջություն են կորցրել, բայց այսօր ոչ մի բանից չեն օգտվում: Բայց դե բյուջեի սղության պատճառով այդ հարցն այդպես էլ անպատասխան մնաց:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 631 համար