ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ քարաթափման պատճառով փակվել է Լարսի անցակետը: Ինչպես նաև հայտնել էինք, որ մարդիկ մնացել են այնտեղ և չեն կարողանում անցկացնել մի քանի տոննայի հասնող ծիրանները:
Մարդիկ գտնվելով հուսահատ վիճակում փորձում են ժամ առաջ հասնել իրենց ընտանիքներին: Սակայն, նշենք, որ այս օրերին կտրուկ բարձրացել են ավիատոմսերի գները:
Այդ իսկ պատճառով ArmLur.am-ը հետքրքրվեց մի քանի տուրիստական ընկերություններից՝ որքանո՞վ է բարձրացել ավիատոմսերի գները և արդյո՞ք կարող են խոչընդոտ հանդիսանալ մարդկանց տեղափոխվելու համար:
Մասնավորապես «ՄԵՐՐԻ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց. «Լարսի փակման հետևանքով կոնկրետ մեր տուրիստականում, և կարծում եմ բոլոր տեղերում այս օրերին թանկացել են ավիատոմսերը: Այս պահի դրությամբ ուղևորը Մոսկվա և այլ քաղաքներ մեկնելու համար նախկինից վճարում է գրեթե կրկնակի: Եթե նախկինում Երևան-Կրասնադար մեկնելու համար վճարում էին 100.000 դրամ, այժմ վճարում են 170.000 դրամ»:
Այս մասով զրուցեցինք նաև «Սագա ԹՐԵՎԼ» տուրիստական գործակալության մենեջերի հետ, ով նույնպես փաստեց ավիատոմսերի թանկացման մասին:
«Դա մեր ամենացավոտ կողմն է: Ինչ Լարսը փակվել է կտրուկ տոմսերի արժեքը բարձրացել է: Մարդիկ կան, ովքեր անհապաղ պետք է մեկնեն Ռուսաստան: Երևան-Մոսկվա ուղիղ չվերթի համար ստիպված են եղել վճարել 180.000 դրամ: Օրինակ Մինսկի ամենաթեթև տոմսը բարձրացել է 30-40.000 դրամով: Երեկվա դրությամբ սպառված են եղել բոլոր տոմսերը: Մարդը գնել է բիզնես կլասի տոմս Մոսկվա գնալու համար, որի արժեքն է 380.0000 դրամ: Քանի որ էկոնոմ բոլոր տոմսերը սպառված են եղել», ընդգծեց մենեջերը:
Ըստ տուրմենեջերի` սա մի քաղաքականություն է, որից ոչ ոք ոչինչ չի կարողանում հասկանալ. «Սա նույն բանն է, ինչ-որ Նոր տարուց առաջ սննդամթերքի գները բարձրացնում են»:
Նշենք, որ ըստ տուրմենեջերի տեղեկությունների` մինչև գալիք շաբաթվա վերջ դեռևս ավիատոմսերի գները կպահպանվեն:
Լիդա Եղիազարյան