ՃՈ պաշտոնյաները վերականգնում են «մսխած» գումարները. ինչ է սպասվում Արմեն Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել: Այնուհետեւ կեղծ դիմումներն են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որ անվճարունակ են ու տուգանքները չեն վճարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վճարունակ քաղաքացիներին եւ ՃՈ պաշտոնյաներին հրահանգվել է վերականգնել պետության վնասը:

Որտեղից սկսվեց պատմությունը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով ավտովթար է եղել` մահացու ելքով, որից հետո մեքենայի վարորդը, քաղաքացուն թողնելով անօգնական վիճակում, փախուստի է դիմել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրավապահները փորձել են գտնել փախուստի դիմած քաղաքացուն, որպեսզի պատասխանատվության ենթարկեն: Քրեական գործը վարող ՀՔԾ քննիչները սկսել են վարորդին փնտրել մեքենայի համարանիշով, որպեսզի հասկանան` ում է պատկանում: Բնականաբար, հարցում են ուղարկում ՀՀ ճանապարհային ոստիկանություն:

Տուգանքի առեղծվածը

Երբ իրավապահները գնում են ՃՈ տված հասցեով, պարզում են, որ աղքատ տնակում բնակվող քաղաքացին Range Rover մակնիշի թանկարժեք մեքենա չի ունեցել: Եւ փորձում են բացել կծիկը: Պարզվում է, որ մի շարք հարուստ գործարարներ, պաշտոնյաներ օրենքը շրջանցելու բանաձեւ են մշակել՝ ըստ ամենայնի, համաձայնեցնելով ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների հետ: Իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները գրանցել են անվճարունակ քաղաքացիների անունով եւ ազատ երթեւեկել բազում խախտումներով` այդպիսով հրաժարվելով տուգանքներ վճարելուց:

Ինչ շահ ուներ ՃՈ-ն

Նկարագրված մեքենայության մեջ, բնականաբար, իր զգալի մեղքի բաժինն ունի նաեւ ճանապարհային ոստիկանությունը: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի ղեկավարած ծառայությունում եղել են պաշտոնյաներ, որոնք այս գործում կոնկրետ շահագրգռվածություն են ունեցել եւ ներկայացված գերթանկարժեք ավտոմեքենա ունեցողների անվճարունակության մասին դիմումներն աչքաթող են արել: Իսկ թե ինչքան գումարի դիմաց կամ ինչ հումանիստական հիմունքներով են ՃՈ աշխատակիցները նման գործարքի գնացել, թերեւս քննությունը ցույց կտա:

«Ժողովուրդ»-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ անվճարունակության թերթիկներ ներկայացնելով՝ տուգանքների վճարումներից խուսափել են նաեւ մի շարք տաքսի ծառայության սեփականատերեր:

8 միլիոն դրամից ավել վնաս

Պաշտոնապես հայտնի է, որ այս գործով ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությամբ չարաշահելու եղանակով) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Այս հոդվածների հատկանիշներով 12 անձ, այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել, որից 5-ը գտնվում են կալանքի տակ:

Արդեն տեղեկացրել էինք, որ այս գործը 12 մեղադրյալներով չի ավարտվի, նրանց թիվը կմեծանա: Գրել էինք, որ չի բացառվում` գործը հասնի նաեւ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանին:

Իր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 8 միլիոն դրամից ավել գումար, որը դեռ աճելու միտում ունի, քանի որ գործով բացահայտումները շարունակվում են: Ի՞նչ նոր հանգամանքներ կան:

«Ժողովուրդ»-ը նշված տեղեկությունների մասով հավելյալ ինֆորմացիա ստանալու նպատակով դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ասաց. «Ասեմ, որ այս պահին քրեական գործով կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, ձեռնարկվում են նաեւ անհետաձգելի միջոցառումներ՝ նույն եղանակով գույքի տիրապետողին խաբեությամբ վնաս պատճառելու առերեւույթ հանցագործություն կատարած անձանց սպառիչ ցանկը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր տվյալներ ունեն նմանատիպ մեխանիզմներով ՃԵԿ խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները այլ քաղաքացիների անուններով գրանցելու վերաբերյալ, դիմեն ՀՀ ՀՔԾ (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-011, էլ. փոստ՝ [email protected]): Տվյալներ տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է: Միաժամանակ տեղեկացնենք քաղաքացիներին՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված վճարման ենթակա տուգանքների վճարումից խուսափելու նպատակով դրանք չվերագրել անվճարունակ անձանց: Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ. արարքը քրեորեն հետապնդելի է»:

Հետ են վճարում

Ու մինչ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննել գործը, մեքենաների իրական սեփականատերերը, ՃՈ պաշտոնյաների հետ համատեղ սկսել են վերականգնել պետությանը հասցված վնասը: Ըստ էության, եթե չլինեին ճանապարհատրանսպորտային պատահարը եւ փախուստի դիմած վարորդը, ՃՈ պաշտոնյաները եւ վճարունակ մեքենաների սեփականատերերը կշարունակեին իրենց գործը: Ու չի բացառվում, որ դեռ էլի կան այդպիսիք:

Քնար Մանուկյան




Լրահոս