ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում հուլիսի 10-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը, ով Դարբասի դպրոցի պահակն է, եւ ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը, ով «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ ՍՊԸ-ում օպերատոր է աշխատում: Առաջիկա ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է երկու թեկնածուների հետ:
Սաշա Ստեփանյան
-Պարո՛ն Ստեփանյան, ինչպես եք պատրաստվում առաջիկա ընտրություններին:
-Պատրաստվում ենք, բա ինչ ենք անում, անպայման: Ինչպես ձեւն է, պատրաստվում ենք:
-Իսկ այդ ձեւը ո՞րն է:
-Օրինական կարգով, ուրիշ ձեւ չկա…
-Տնետո՞ւն մտնելով, մարդկանց համոզելո՞վ…
-Ոչ, տնետուն չենք մտնում:
-Թեկնածուներ կան, որ ընտրողներին գումար են բաժանում: Դո՞ւք էլ եք փող բաժանելու:
-Ես գումարի հնարավորություն չունեմ, որ բաժանեմ: Ցանկություն էլ չունեմ, որ բաժանեմ:
-Հիմա առանց փող ո՞վ է ընտրություն անցկացնում…
-Ես գիտեմ, որ առանց փող հնարավոր չէ ընտրություն անել: Գուցե՞ ժողովուրդը հասկանա, որ առանց փող կարելի է եւ ընտրել:
–Հաշվարկե՞լ եք, թե քանի գյուղացի է ընտրելու Ձեզ:
-Գյուղում իմ ազգը փոքր է, նրանց մեծ մասը դրսում է: Ես կարո՞ղ եմ իմանալ, թե քվեախցիկում իմ հորեղբոր տղան ինչ կարող է անել: Իհարկե, ոչ: Ինչքան էլ որ խոստանա:
Ռոբերտ Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք փո՞ղ բաժանելու եք գյուղացիներին, որ Ձեզ ընտրեն:
-Գյուղում իմաստ չունի փող բաժանելը (ծիծաղում է-Ս.Հ.): Արարատյան դաշտավայրի գյուղերում կարող են փող բաժանել, իսկ Սյունիքում՝ ոչ:
-Ձեզ ՀՀԿ-ն է առաջադրել…
-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ, 5 անգամ վերընտրվել եմ գյուղապետի պաշտոնում, բայց 6-րդ անգամ չեմ անցել, 16 տարվա ստաժ ունեմ:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 4-ին, Մարտակերտի ճանապարհին թշնամու կողմից ռմբակոծված ավտոբուսում զոհվել էին Սյունիքի մարզի Դարբաս եւ Ախլաթյան համայնքի ղեկավարներ Մայիս Միրզոյանն ու Արմեն Բեգլարյանը:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ