Վարդավառին նախառաջ Ծարավաղբյուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան Ջուր ՓԲԸ-ում վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, այս անգամ եւս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախառաջ մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից հերթականում՝ Ծարավաղբյուրում Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահեի ձեռամբ կատարվեց աղբյուրի օրհնության կարգ:
Այս այցը մյուսներից առանձնացավ թերեւս նրանով, որ միջոցառման մասնակիցները հիմնականում համակարգի աշխատակիցներն էին՝ ընտանյոք հանդերձ՝ մոտ 200 մարդ: Սակայն նպատակը մեկն էր, ինչպես եւ նախորդ անգամներին, մաղթել, որ մեր աղբյուրները չցամաքեն, որ կյանքը հարատեւի եւ աշխարհում տիրի բարին ու մարդկանց սրտերը լցվեն գթությամբ, ինչպես դա հավատացյալներին պատվիրել է մեր տեր Հիսուս Քրիստոսը:

Աղբյուրի օրհնությունից հետո, որին իր մասնակցությունը բերեց Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը, Տեր Շահեն հավատացյալներին պարզաբանեց օրվա խորհուրդը, այնուհետեւ հավուր պատշաճի օրհնեց նաեւ նրանց համեստ սեղանն ու մաղթեց Երեւան Ջրի աշխատակիցներին ուրախ ժողովրդական Վարդավառ: Այն անցավ իրոք ուրախ ու մեծ բավականություն պարգեւեց մասնակիցներին:

ՏԵՂԵԿԱՆՔ. Ծարավաղբյուրը գտնվում է Արաբկիրի վերջամասում, Հրազդանի ափին, Կորեայի ձոր կոչվող վայրում: Տարածքը կանաչապատ է և փակ օտար աչքերի համար, ինչպես և պահանջվում է հատուկ պահպանվող սանիտարական գոտու կանոններով: Չի կարելի անհարկի միջամտել բնության խաղին, որին հաճելի է եղել քաղցրահամ ջուր արարել այս հրաշք անկյունում:
Մոտ 6 հեկտար կազմող Ծարավաղբյուրի սանիտարական գոտում բխում են տասնյակ փոքր ու մեծ աղբյուրներ, որտեղ գոյացող ջուրը՝ վայրկյանում 230 լիտր քանակությամբ, հավաքվում է 6 կապտաժներում: Ինժեներական վերգետնյա կառույցներից այստեղ կա վարչական շենք ու քլորակայան, ուր ջուրը կանխարգելիչ նկատառումներով նախապես քլորացվում է, այնուհետև խոշոր տրամագիծ ունեցող ստորգետնյա խողովակով Հրազդանի հունին զուգահեռ հոսում դեպի «Ծիծեռնակաբերդի» օրվա կարգավորիչ ջրամբար և մատակարարվում է Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա ու Նորագյուղ թաղամասերին և Արգիշտիի հրապարակին հարակից շրջանին, մասամբ էլ՝ Շենգավիթ վարչական շրջանին:

Երեւան Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս