Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Եվրոպական երկրներում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են: ArmLur.am-ը տուրիստական ընկերություններին փորձեց պարզել, թե հատկապես որ երկրներում են իրենց ամառային հանգիստն անցկացնում մեր հայրենակիցները։
«ՄԵՐՐԻ ՏՈՒՐ» տուրիստական գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի մեր քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում: «Տոմսերի գները նախկին տարիների համեմատ հիմնականում չեն փոփոխվել: Առաջարկվում է նաև փաթեթներ ընտանիքների համար, որոնք ավելի մատչելի են, բայց և կան ավելի թանկ փաթեթներ: Փաթեթների գները մեծ մասամբ կախված են հյուրանոցների գներից: Օրինակ երկու անձի համար նախատեսված փաթեթի արժեքը 13 օրվա համար կազմում է 2000$»:
Տուրիստական գործակալության աշխատակցի գնահատմամբ՝ արտերկրում հանգիստ անցկացնելը միջինում կազմում է մոտավորապես 2000-3000$:
Իսկ «ՍԱԳԱ ԹՐԵՎԼ» ընկերության տուրմենեջերը մեզ հետ զրույցում նշեց , որ մեկ-երկու տարի է ՝ բացվել են չարտերային չվերթները, և բավականին գնային տարբերություններ կան: «Մեկ անձի համար տոմսերի արժեքը սկսում է 350$-ից մինչև 470$: Սակագները կապված են հիմնականում սեզոնից: Այսպես՝ հուլիս-օգոստոս ամիսերին սակագներն ավելի են բարձրանում»:
Տուրմենեջերը նկատեց, որ կենսամակարդակը բարձրացել է , մարդիկ հասկացել են, որ կարելի է հանգիստ ասվածը օգտագործել: «Միջին հանգիստը կազմակերպելու համար Բուլղարիա, Իսպանիա, Հունաստան գնալու համար մոտավորապես մեկ անձի համար անհրաժեշտ է 800$։ Նշենք, որ նախկին տարիներին դրանք կազմել են մոտավորապես 1200$: Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այս տարի համեմատաբար 400$-ով նվազել է տուրփաթեթների գնային ցուցակը»:
Լիդա Եղիազարյան