«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»․ այսօր Դուշման Վարդանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի՝  Դուշման Վարդանի մահվան օրն է։ Ամփոփված է Եռաբլրում։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին։

Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։

Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին։ Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին։ Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։ Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։

Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։ Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։ Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը։ Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Բեկոր Աշոտի գլխավորած ուժերի մնացած մասը։ Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները։ Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Քեսալար, Բաշքենդ, Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17։

Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը։ Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը։

Վարդանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Նրա խոսքերից՝

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»,

«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ։»,

«Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու

– պատմում է Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին»։

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից։»։




Լրահոս