Սևանի լողափնյա հանգստի շրջանն արդեն բացվել է և այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր:
«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք հունիսի 29-ին այցելել եք «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ ծանոթանալու այնտեղ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքներին: Արդյո՞ք գոհ եք կատարված աշխատանքից, եւ հանրային լողափերն ուշադրության կենտրոնում պահելուց բացի՝ Սեւանի մյուս հատվածներին եւս հետեւում եք:
-Հանրային լողափերը մենք հիմնականում բացում ենք հուլիսի մեկից եւ դրա հետ կապված մենք Գեղարքունիքի մարզպետի հետ միասին եղանք տարածքում, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե ինչ աշխատանքներ են կատարվել, եւ ինչ թերություններ կան: Կային որոշակի խնդիրներ, որոնք երեկ, այսօր արդեն ամբողջությամբ ավարտին հասցված կլինեն: Կարծում եմ, որ մենք շատ արագ կկարողանանք լիարժեք սպասարկումներ իրականացնել եւ ծառայություն մատուցել: Եւ կհրավիրեմ նաեւ բոլորին, որ, իրոք, կարելի է գնալ եւ հանգստանալ: Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է:
-Բազմաթիվ բնապահպաններ բարձրաձայնում են, որ Սեւանա լճի մի շարք հատվածներ ճահճակալման վտանգի առաջ են կանգնած, բացի այս՝ լճի աղտոտվածությանը նպաստում են նաեւ ապամոնտաժված որոշ կառույցներ: Դուք այս խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
-Եթե մենք մշտական գնում ենք խնդրի լուծման եւ տարեցտարի բարձրացնում ենք Սեւանը, բնականաբար պետք է առաջանան նաեւ ճահճացված տարածքներ, բայց մենք լիովին համոզված ենք, որ կարճ ժամանակ հետո, ջրի բարձրացման առումով, այդ տարածքներն ամբողջությամբ կմաքրվեն եւ նորմալ վիճակի կգան, աստիճանաբար ինքնամաքրման գործընթաց կգնա: Այսօր մենք ինքներս տեսնում ենք, որ Սեւանում բնական ճանապարհով ունենք համարյա 16 մետր թափանցելիություն: Սեւանը ինքնամաքրված է այսօր, ձկան պաշարների քանակի ավելացում կա. սա նույնպես կապված է ջրի մաքրման հետ: Սրանք կարեւոր խնդիրներ են, եւ դրա համար ես կուզեի, որ սիրողական բնույթի խոսակցությունները մենք թողնենք:
-Պարո՛ն Գրիգորյան, տեսակետ կա, թե ներկայումս էլ «Սեւան» ազգային պարկի աշխատանքները փաստացի ղեկավարում է նախկին տնօրեն, այժմ փոխտնօրեն Աշոտ Գնդոյանը, այդ իսկ պատճառով հետեւողական աշխատանքներ չեն իրականացվում: Ի՞նչ կասեք:
-Գիտեք, Սեւանի խնդիրները գալիս են բավականին վաղուց, դեռեւս 25-30 տարի առաջ, երբ ոչ լիարժեք մոտեցում է ցուցաբերվել, եւ եղել են ոչ ճիշտ վարձակալություններ, եղել են նաեւ ոչ օրինական կառույցներ: Եվ սրա արդյունքում այսօր կան որոշակի տարածքներ, որտեղ արդեն ջուրը բարձրացել է, եւ քաղաքացիները, բնականաբար, իրենք իրենց գույքը պետք է քանդեն եւ տեղափոխեն իրենց ուժերով: Կա նման իրավիճակ, բնականաբար, բայց չեմ կարծում, որ դա շտկելու խնդիրն ունենք: Մենք դա շտկում ենք, ժամ առ ժամ ենք կատարում, եւ տեսանելի է բոլորի մոտ, մենք պահելու, փակելու ոչինչ չունենք: Այո, եղել են խնդիրներ, այսօր դրանք օրինական ճանապարհով հարթվում են:
զրուցեց Արփինե Թովմասյանը