Պարտքն աճում է, եկամուտը՝ նվազում․ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հինգ ամիսների արդյունքներով ավելացել է 18 միլիոն 442 հազար դոլարով եւ ընդհանուր կազմել է 5 միլիարդ 270 միլիոն 613 հազար դոլար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին:

Ի դեպ, Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 432 միլիոն 140 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը եւ կենտրոնական բանկը վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից: Արտաքին պարտքը վերջին մեկ ամսում` մայիսին, 26 միլիոն 943 հազար դոլարով նվազել է: Փոխարենը ներքին պարտքը, որը մայիսի վերջի դրությամբ ընդհանուր կազմել է 838 միլիոն 473 հազար դոլար, վերջին ամսում աճել է 45 միլիոն 385 հազար դոլարով: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը վերջին մեկ ամսում պետական պարտատոմսեր թողարկելով՝ Հայաստանի ընդհանուր պարտքը շեշտակի ավելացրել է:

Առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել: Այս երեւույթը շարունակվում է արդեն մեկուկես տարի: Սա այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումներից հետո, թվում էր, որ եթե այս տարի մի փոքր իրավիճակը շտկվի, ապա առեւտրի շրջանառությունը, անցած տարվա համեմատ, աճ կգրանցի: Սակայն իրականությունն ավելի դաժան է, եւ առեւտրի շրջանառությունը, միեւնույն է, շարունակում է նվազել. նախորդ տարվա հինգ ամսվա հետ համեմատած՝ անկումը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ:

Ուշագրավ է այն, որ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով գործազրկության անկում են արձանագրել. անցած տարվա 18,5 տոկոս գործազրկության ցուցանիշից հետո այս տարվա համար ներկայացրել են, թե իբր այդ թիվը դարձել է 18 տոկոս: Հաշվի առնելով, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է թվեր նկարելով, ուստի ցանկության դեպքում նրանք կարող էին գրել, որ Հայաստանում ընդհանրապես գործազրկություն չկա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հինգ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 441 միլիարդ 403 մլն դրամ: Այդ գումարից հարկեր եւ տուրքերի գծով ստացված եկամուտը կազմել է 420 միլիարդ 125 միլիոն 700 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 2,3 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ հիմնական հարկատեսակի` ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի խայտառակ անկում է արձանագրվել` մոտ 8 տոկոսով, կամ նույնն է, թե 13 միլիարդ դրամի չափով: ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Այսինքն՝ չի կարող տնտեսական աճ ունեցող երկրում ԱԱՀ-ն նվազել: Իսկ այդ հարկատեսակի նվազման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես են պաշտոնական վիճակագիրները փորձում Հայաստանի հանրությանը համոզել, որ մեր տնտեսությունը շարունակում է աճել:

ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած թվերից մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս ի հայտ է գալիս: Բանն այն է, որ ըստ արդյունաբերության բնեղեն արտահայտության՝ մետաղագործական արդյունաբերության հիմնական ճյուղերում լուրջ աճ է արձանագրվել, մասնավորապես, պղնձի խտանյութի արտադրությունն աճել է ավելի քան 28 տոկոսով: Պղնձի խտանյութի արտադրությունն արդյունաբերության տվյալ ոլորտի հիմնական ճյուղն է: Սակայն ուշագրավն այն է, որ գումարային արտահայտությամբ հանքագործական արդյունաբերությունն աճել է ընդամենը 19 տոկոսով: Այլ կերպ ասած՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի հանքերն անցած տարվա համեմատ մոտ 30 տոկոսով ավելի շատ պղինձ են արդյունահանել, բայց արդյունքում նրանց գումարները աճել են ընդամենը 19 տոկոսով: Այս երեւույթի պատճառը միջազգային շուկայում պղնձի գների անկումն է, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ տարի: Արդյունքում, ստացվում է, որ Հայաստանի հանքագործները ներկայումս պարզապես կաշվից դուրս գալով են փորձում եկամուտով աշխատել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս