«Ես էլ եմ ուզում իմանալ քունն ինչ ա». անտուն մնացած տարեց կինը երազում է չորս պատ ունենալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի` հատկապես կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մուրացկանների, որոնք օրվա հացի համար գումար են մուրում: Շատերը խղճահարությունից դրդված չեն մերժում եւ մի քանի հարյուր դրամ են տալիս կարիքավորներին:

Մաշտոցի պողոտայում ամեն օր հանդիպում ենք մի ծեր կնոջ՝ Մանյա տատիկին, որը նստած փող է մուրում՝ իր օրվա հացի խնդիրը լուծելու համար: ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է Մանյա տատիկի հետ, որը մեծ դժկամությամբ թոթափել է սրտի ողջ դառնությունը:

«Արդեն չեմ հիշում, թե որքան ժամանակ է՝ ապրում եմ փողոցում: Ունեմ առողջական լուրջ խնդիրներ՝ սրտի հետ կապված: Տղաս երիտասարդ տարիքում ընկել է մեքենայի տակ եւ մահացել: Աղջիկս ապրում է առանձին, իր երեխանների հետ»: Տատիկը ցավով է նշում.«Աղջիկս ասեց՝ տունը շատ փոքր ա, քո համար տեղ չկա, տենց ինձ տնից դուրս հանեցին: Թոռներիս մեկ-մեկ եմ տեսնում: Քնում եմ փողոցներում, պադվալներում, մեկ-մեկ էլ գալիս, ծեծելով հանում են, չեն թողնում մինչեւ լույսը բացվի: Գարդոններ եմ գցում տակս ու նստում»:

Մանյա տատիկը դժգոհում է ոստիկաններից՝ ասելով, որ նրանք ծեծելով տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն՝ փող մուրալու համար: Մանյա տատիկը դժգոհ է նաեւ երկրի եւ մայրաքաղաքի իշխանություններից: «Մեր երկիրը քանդվեց. քաղաքապետը մի-երկու ծաղիկ ա տնկում, յանի բան ա անում, մենք էլ սոված, անտուն ու անտեր փողոցներում քարշ ենք գալիս»: Անտուն մնացած տարեց կինը մեկ երազանք ունի. չորս պատ ունենալ, որ գիշերները փողոցում չլուսացնի: «Ես էլ եմ ուզում իմանալ քունն ինչ ա»-հոգոց հանելով՝ նշեց նա:

Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր երկրի բնակչության մեկ երրորդը կամ ավելի քան 900 հազար մարդ աղքատ է: Նրանցից ավելի քան 400 հազարը շատ աղքատ է, իսկ ավելի քան 80 հազար մարդ՝ ծայրահեղ աղքատ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս