ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՈՂԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է ՀՀ սահմանների պատասխանատուն: Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին: Շիրխանյանը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Նա մասնավորապես զգուշացնում է. «1.Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել: 2.Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից: 3.Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները: 4.Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից: 5.Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»:

 

 

 
ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշտոնանկ անի: Արդյո՞ք Օհանյանը պատրաստվում է առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն անհեթեթ լուրեր, փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Ո՛չ ավել բառ, ո՛չ ավել պատասխան»: Ապրենք, կտեսնենք:

 

 

 
Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սէֆիլյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Ըստ իրավապահների՝ Սէֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավն այն է, որ Ժիրայր Սէֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սէֆիլյանի հետ:

 

 

 
Այս տարվա սեպտեմբերին, ի թիվս այլ համայնքների, քաղաքապետի ընտրություններ պետք է տեղի ունենան նաեւ Շիրակի մարզի Արթիկ համայնքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ թիվ 36 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մուշեղ Պետոյանը փորձում է Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին ամեն կերպ համոզել, որպեսզի նա հրաժարվի առաջադրվելու մտադրությունից: Բանն այն է, որ Պետոյանը, որը խորհրդարան էր մտել իբրեւ ԲՀԿ անդամ, իսկ այժմ անկուսակցական է, այլեւս հույս չունի, որ կկարողանա կրկին մանդատ ստանալ, ուստի ցանկանում է հիմա էլ դառնալ Արթիկի քաղաքապետ: Իրեն պարտադրելու մասին լուրերի առնչությամբ Արսեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ որեւէ մեկը չի կարող պարտադրել առաջադրվել կամ չառաջադրվել: Ես առաջադրվելու եմ անպայման: Եթե կուսակցությունը հարմար գտնի, ուրեմն ՀՀԿ-ի կողմից կառաջադրվեմ, բայց ամեն դեպքում ես առաջադրվելու եմ, կուսակցությունում կքննարկվի, եւ հնարավոր է, որ նաեւ սատարեն»:

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԴՈՐՐ
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը թե հայկական, թե ադրբեջանական կողմից դրական է գնահատվել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այն բնութագրել է «օգտակար», իսկ ադրբեջանցի նրա գործընկեր Մամեդյարովը՝ «կառուցողական»: Այդ հանդիպումից կարծես թե գոհ էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թեեւ նրանց այդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից, ըստ էության, զրկել էին, եւ ինչպես երեկ նկատեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ այդպիսով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դրել էին նույն վիճակում, ինչ վիճակում որ բանակցային սեղանից դուրս մղված Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են:
Ընդհանուր առմամբ, եթե Վիեննայի հանդիպումից հետո դեռ առկա էին որոշ շեշտադրումներ, որոնք, ի վերջո, հիշեցնում էին, որ դրան նախորդել է քառօրյա պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետեւած հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր, որոնցից հետո կողմերը դարձյալ կիրառում էին «կառուցողական», «օգտակար, դրական» որակումները՝ յուրաքանչյուր անգամ հույսեր հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կլինի «կես քայլ առաջ»:
Սակայն ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն այդպիսին չէր կարող լինել նախ եւ առաջ այն պատճառով, որ ապրիլից հետո աննախադեպ կոշտացել է Ադրբեջանի դիրքորոշումը, որը զավթած 800 հա տարածքը ներկայացնելով որպես մեծ հաղթանակ՝ այլեւս լսել չի ցանկանում փոխզիջման մասին եւ չնայած այս ողջ դիվանագիտական պաճուճանքին՝ անթաքույց կերպով պատրաստվում է նոր պատերազմի:
Չտեսնել դա, կնշանակի պարզապես կույր լինել: Իսկ տեսնելով ու հասկանալով այդ ամենը՝ ոչ մի առարկայական քայլ չանելն արդեն շատ հստակ եւ ծրագրված դավաճանություն է: Այնպիսի տպավորություն է, որ մեզանում կույրերի ու դավաճանների պակաս չկա, ինչպես եւ չկա հերոսների եւ հեռուն տեսնողների կարիք: Հակառակ դեպքում չպետք է որ իրեն ընդդիմադիր համարող ուժի առաջնորդի կողմից հնչեին հեռուն չտեսնողներին սատարելու եւ բանակցային սեղանի մոտ ուժեղացնելու կոչեր, իսկ, ահա, հերոսներին ձերբակալելով՝ նրանց կոշտ դիրքորոշումը բանակցային առեւտրում օգտագործելու փորձերն էլ պետք է որ ընդվզման մեծ ալիք բարձրացնեին:
Ինչեւէ: Ունենք այն, ինչ ունենք ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ միջնորդների, ե՛ւ դաշնակիցների առումով: Եվ, ինչպես երեկ նկատեց արդեն իսկ հիշատակված քաղաքագետ Ս. Գրիգորյանը, այսօրվա սահմանային անդորրը վաղվա ամենամեծ վտանգն է, քանզի եթե այս խաբուսիկ անդորրը շարունակվի, կնշանակի՝ մեզ տանում են դեպի Կազան-2, իսկ եթե Ադրբեջանը վերսկսի իր սահմանային լոկալ ոտնձգությունները, կնշանակի, որ հայկական կողմին, այդուամենայնիվ, չի հաջողվել պարտադրել գնալ դեպի Կազան-2:




Լրահոս