Հունիսի 16-ին Ազգային ժողովում իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ ստորագրվեց ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության փաստաթուղթ, որին, սակայն, չմիացան «Ժառանգություն» կուսակցությունը եւ քաղհասարակությունը:
Նկատենք, որ ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը. մասնավորապես՝ ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, ինչպես նաեւ քվեարկության ողջ ընթացքը տեղամասում կտեսագրվի եւ առցանց կհեռարձակվի:
Սակայն տեսակետ կա, որ ստորագրվածը ոչ թե ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսին է վերաբերում, այլ այդ ուժերի քաղաքական ապագային, այլ կերպ ասած՝ դա քաղաքական բարտերի փաստաթուղթ է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է կոնսենսուսային փաստաթուղթը ստորագրած եւ չստորագրած ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը չմասնակցեց ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին եւ դրանց արդյունքում կոնսենսուսային փաստաթղթի ստորագրմանը, ինչո՞ւ:
-Մենք հինգ կետերի կողմնակից ենք եղել, եւ այդ հինգ կետերը այդտեղ արտացոլված չեն, իսկ Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կամ Մադրիդյան սկզբունքների շուրջ միավորվելու ցանկություն «Ժառանգությունը» չունի:
-Տեսակետ կա, որ այս համաձայնագիրը քաղաքական բարտերի փաստաթուղթ է:
-Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, սա այն համաձայնագիրն է, որը ընդամենը մի հինգ խմբակցություն է ստորագրել, որոնք բոլորը ԵՏՄ-ին կողմ են քվեարկել, Մադրիդյան սկզբունքներին կողմ են քվեարկել, Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կողմնակից են, եւ ակնհայտ է, որ նաեւ հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ունենալու խնդիրն են փորձում լուծել: Այնպես որ, թե սա բարտեր է, թե պայմանավորվածություն է, թե գործարք է, թե ինչ է, դա արդեն էական չէ, բովանդակային առումով ոչինչ չի փոխվում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
-Պարո՛ն Էնֆիաջյան, օրեր առաջ իշխանության եւ ընդդիմադիր որոշ ուժերի միջեւ ստորագրվեց ԸՕ շուրջ կոնսենսուսի մասին փաստաթուղթ: Կարծիք կա, որ ստորագրվածը ոչ այդքան ԸՕ-ին է վերաբերում, որքան գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ մանդատների բաշխման հարցում բանակցություններին: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական բարտերի փաստաթուղթ է: Ի՞նչ կասեք:
-Ստորագրված փաստաթուղթն իր մեջ քաղաքական նոր մշակույթի տարրեր է պարունակում: Կոնսենսուսային որոշումների քիչ ենք ականատես լինում, իսկ ստորագրված փաստաթուղթը հենց այդպիսին է: Բազմակարծությունն ինքնին լավ բան է, սակայն այն պետք է զուգակցվի իրականության հետ, եւ եթե փաստերը բացակայում են, ապա ցանկացած մեկնաբանություն տալը նույնպես տեղին չեմ համարում: Անհրաժեշտ է գիտակցել, որ նոր ընտրական օրենսգիրքն առավելագույնս պետք է փակի ընտրակեղծարարների համար բոլոր այն հավանական սողանցքները, որոնք կարող են տեղ գտնել ապագա ընտրություններում: Ամիսներ շարունակ ԲՀԿ-ն աշխատել է ներկայացված ԸՕ-ի նախագծի վրա, իսկ դա աննպատակ չէր, քանի որ հասարակությունը սպասում եւ պահանջում է չկեղծված ընտրություններ:
-Իսկ ինչպիսի՞ տեսակետ ունեք քաղհասարակության ներկայացուցիչների կողմից ստորագրված համաձայնագրին չմիանալու որոշման շուրջ:
-Քաղաքացիական հասարակության կարծիքը միշտ պետք է ուշադրության առանցքում լինի, բայց դրան զուգահեռ պետք է շատ զգոն լինել, որպեսզի մեկ կամ մի քանի հասարակական կազմակերպությունների կամ միավորների կարծիքները չներկայացվի իբրեւ համընդհանուր տեսակետ: Աշնանն արդեն մեզ սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որից ամիսներ անց` 2017-ի գարնանը, համապետական խորհրդարանական ընտրություններն են, ուստի ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական ուժերը պարտավոր են անել առավելագույնը, որպեսզի սպասվող ընտրություններն անցնեն մեր օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, արդյոք ԸՕ-ի շուրջ ստորագրված փոխհամաձայնության փաստաթուղթը փոխհամաձայնություն չէր՝ առաջիկա Աժ ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման գործընթացի շուրջ, այլ կերպ ասած՝ քաղաքական բարտեր:
-Չեմ կիսում այս տեսակետը: Ինչ քաղաքական բարտերի մասին է խոսքը: Կոնկրետ ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների շուրջ համաձայնության ենք եկել: Ինձ համար անհասկանալի է քաղաքական բարտերի տերմինալոգիան: Ընդամենը բանակցային գործընթացը, որը նախօրոք էլ հայտարարվել էր, որ կարող է վերսկսվել, կայացավ, եւ կողմերը որոշակի փոխզիջումների գնացին, դա է տեղի ունեցել, որի արդյունքում կունենանք հնարավորություն, այսպես ասած, էլ ավելի ապահովել թափանցիկությունը գործընթացի հանդեպ: Կարծում եմ, որ ուրիշ վատ բան այդտեղ չկա:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՈՐՈՇԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՀԵՆՑ ՊՈՒՏԻՆԸ
ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
-Պարո՛ն Մարկեդոնով, ինչպե՞ս կգնահատեք երեկ կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը: Դա մեկ քայլ առա՞ջ էր:
-Նախագահների եռակողմ հանդիպումը ո՛չ քայլ առաջ էր, ո՛չ էլ ետ: Դրանք փորձեր են, որով փորձ է արվում դիվանագիտական ֆորմատին ավելի կայունություն հաղորդել: Ապրիլին էսկալացիա եղավ, մայիսին` հանդիպում Վիեննայում, եւ դա հնարավորություն է տալիս ամրապնդել բանակցային պրոցեսը: Ասել, թե դա ինչ-որ շրջադարձային կամ հեղափոխական իրադարձություն էր, սխալ կլինի:
-Բայց ի՞նչ կարող են տալ այդ հանդիպումները: Ադրբեջանը կհետեւի՞ իր ստանձնած պարտավորություններին:
-Հանդիպման արդյունքները կախված են նրանից, թե ինչ ենք սպասում: Որոշ մարդկանց մոտ այլ սպասելիքներ կարող են լինել, մեկ այլ մարդկանց մոտ` ուրիշ: Եթե մենք սպասում ենք, որ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, չի լինի, եւ այդ առումով հանդիպումները ոչինչ չեն կարող տալ: Նման միջոցառումների հաջողությունները շատ սահմանափակ են:
-Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի բանակցություններում որեւէ էական արդյունք լինի:
-Ոչ մի կոնֆլիկտի լուծում արագ չի լինում: Իհարկե, եթե շատ տանջվես, կարող է ինչ-որ բան ստացվել, կոնֆլիկտը կարող է լուծվել 20, 30 կամ 50 տարիների ընթացքում: Ինչպե՞ս հանկարծ Պուտինը դա կարող է լուծել մեկ գիշերվա ընթացքում, որտեղի՞ց մարդկանց մոտ նման վստահություն: Ինչո՞ւ ենք մենք որոշել, որ այդ կոնֆլիկտը պետք է լուծի հենց Պուտինը: Իրականում այդ կոնֆլիկտը կարող են լուծել միայն անձամբ Հայաստանն ու Ադրբեջանը, իհարկե, Պուտինը կարող է լուծել, բայց ի՞նչ եք կարծում, Պուտինը հրաշագո՞րծ է:
-Մոսկվան կոնֆլիկտի լուծումը չի՞ վերցրել իր ձեռքը:
-Հանդիպման ընթացքում մյուս համանախագահները նույնպես ներկա են եղել եւ պաշտպանել են ռուսական կողմի ձգտումները: Իսկ ո՞վ պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի` Թուրքիա՞ն, Իրա՞նը: Իսկ ինչ-որ այլ պետություն ցանկանո՞ւմ է զբաղվել հակամարտության կարգավորման գործով, ես չեմ տեսնում նման ձգտում:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Արցախը ե՞րբ պետք է վերադառնա բանակցությունների սեղանին:
-Ես վստահ չեմ, որ Արցախը մոտ ժամանակներս կվերադառնա բանակցությունների սեղանին: Դրա համար պետք է բոլոր կողմերի քաղաքական շահագրգռվածությունը: Իհարկե, ցանկալի է, որ ժողովուրդը, որն ապրում է այդ տարածքում, ինքը որոշի իր ճակատագիրը: Ցանկալի է, որ բոլոր կոնֆլիկտներում այդպես լինի, բայց ոչ միշտ է դա լինում: Հիմա չկա շատ մեծ ցանկություն, որպեսզի Ղարաբաղը վերադառնա: Բոլորը սպասում են, որ բանակցություններում հեղափոխություններ կլինեն, սակայն դա չի կարող լինել, քանի որ բանակցությունները վարում են սովորական դիվանագետներ, այլ ոչ թե հեղափոխականներ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանի ընկերությունը՝ «Սարգիս Կարոլինա»-ն, կրկին տուգանվել է: Այս տարվա հունիսի 6-ին «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչը դիմում է ներկայացրել մաքսային ծառայությանը եւ տեղեկացրել, որ 2016 թվականի մայիսին իրենց ընկերությունը օղի է ներկրել, որի վերաբերյալ ներկայացված հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել: Արդյունքում, մաքսային ծառայությունում որոշվել է «Սարգիս Կարոլինա» ընկերության ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանին տուգանել 50 հազար դրամի չափով:
ԾՆՆԴԿԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԵՂԾՎԱԾԸ
2015 հուլիսի 27-ին կլրանա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ տարին, սակայն փաստի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս Շենգավիթ վարչական շրջանի դատարանը վարույթ չի ընդունել: Պարզվում է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը գործը վերադարձրել է դատախազին` թերությունները շտկելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում նշված քրեական գործն իրավապահներին վերադարձնելն ավելի լուրջ նպատակներ է հետապնդում: Դավիթ Բալայանը նախկինում աշխատել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա ու դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ բարի դրացիական չեն: Մյուս կողմից բոլորին հայտնի է, որ Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազն էլ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը: Ուստի կասկածներ կան, որ այսպիսով Բալայանը հաշվեհարդար է տեսնում իր նախկին «ղեկավարի» հետ՝ նրա որդուն մեղադրելով անգրագետ մեղադրանք ներկայացնելու մեջ:
ԷԼԻ ԽԱՓԱՆՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերը չեն գործում եւ հասանելի չեն: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ խնդիրը տեխնիկական է, կապված է սերվերի հետ: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ, երբ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, այդ ժամանակ մարզպետարանների կայքէջերը տեւական ժամանակ չէին գործում: Երեք ամիս առաջ այդ նախարարություններին առանձնացրեցին, եւ մարզպետարանի կայքերը կրկին շարքից դուրս եկան: Այլ կերպ ասած՝ մարզպետարանների կայքերն իրենց վերադաս նախարարության միավորումներից եւ բաժանումներից հուզվում եւ շարքից դուրս են գալիս: