Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությամբ ՀՀ իշխանությունները, ի թիվս բազմաթիվ նպատակների, փորձում են իրենց համար շատ կարեւոր մի խնդիր լուծել, որը ոչ միայն չերեւացող է, այլեւ դրա մասին բարձրաձայնելն անգամ ընդդիմադիր դաշտում կարող է միանշանակ չընկալվել ու դրածո ընդդիմադիրների կողմից օգտագործվել այդ մասին բարձրաձայնողներին վարկաբեկելու համար:
1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ արել են, որ քաղաքական դաշտն աղճատվի: ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցելով, որ քաղաքական իրավիճակը հնարավոր է փոխել, միայն լուրջ, տարիների, տասնամյակների գործունեության հեռանկարով ընդդիմադիր կուսակցությունների առկայության դեպքում իրենց քայլերով փորձել են Հայաստանում բացառել նման զարգացումները: Հախուռն, դժգոհության ալիքի վրա հեղափոխության հնարավորությունը եւս տեսականորեն հնարավոր է, բայց դրա իրականացման համար անհրաժեշտ է իշխանական որոշակի շրջանակների աջակցությունը: Իշխանական համակարգի տոտալ վերահսկողությամբ իշխանությունները բացառել են, որ իրենց ներսում փոփոխության կողմնակից ինչ-որ շրջանակներ ձեւավորվեն: Մյուս կողմից էլ հետեւողական քայլերով կուսակցություններին վարկաբեկելով` հանրային ընկալման մեջ ավելի արմատական են դարձրել այն մտայնությունը, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Այս ամենի հետ ընդդիմադիրներին անընդհատ հետապնդելով՝ ՀՀ իշխանությունները հանրության լայն զանգվածներին պարտադրել են ընդդիմադիր կուսակցությունների հետ գործ ունենալուց ձեռնպահ մնալ:
Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը թեժացնում է քաղաքական կյանքը եւ մարդկանց ուշադրությունը սեւեռում է ներքաղաքական խնդիրների վրա: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենը նպաստում է իշխանափոխությանը, բայց իրականում հակառակն է տեղի ունենում. հետապնդումները մարդկանց ստիպում են քաղաքականությունից հեռու մնալ: 2003 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու թեկնածուների` Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի օգտին ընդհանուր քվեարկել էր շուրջ 650 հազար ընտրող: Դրանից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը կարողացավ իր օգտին պահել միայն 160 հազար քվե: Սա այն դեպքում, երբ այդ ընթացքում Գեղամյանի համագործակցությունն իշխանությունների հետ կայացել էր, եւ ենթադրվում էր, որ Դեմիրճյանի եւ Գեղամյանի ձայների մեծ մասը պետք է «անցնեին» հենց «Արդարություն» դաշինքին: Բայց նման բան տեղի չունեցավ, քանի որ նախագահական ընտրությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո իշխանությունների կողմից ընդդիմության վստահված անձանց եւ ակտիվիստների նկատմամբ կիրառված ռեպրեսիաները վախի մթնոլորտ ձեւավորեցին՝ այդպիսով ազդելով մարդկանց քվեարկության վրա: 2003-ից 2007 թվականներին իշխանությունները մշտապես կարողացան ընդդիմությանը պարտադրել իրենց օրակարգը, որի էությունը պարզ եւ կոնկրետ էր. ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ծախվել են, չծախվածներն էլ ոչինչ չեն կարող անել. ընդդիմադիր լինելը վտանգավոր է:
Արդյունքում, 2006-ի գարնանն արդեն ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր դաշտում վակուում է ստեղծվել: Հենց այդ ժամանակ էլ իշխանությունները սկսեցին 2007-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ սեփական «ընդդիմությունը» ստեղծել` ի դեմս ԲՀԿ-ի: Իսկ հասարակության ահաբեկման խնդիրը լուծեցին՝ 2006-ի դեկտեմբերի 6-ին Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ նրանց ընկերներին ձերբակալելով: Երբ 2007-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանները հարձակվեցին քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա եւ բռնությամբ նրանց բերման ենթարկեցին, շատերի համար անհասկանալի էր, թե ինչու են իշխանությունները նման քայլի գնում եւ 2008-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ինչու են քաղաքական դաշտը թեժացնում: Բայց փաստն այն է, որ այդ եւ դրան հաջորդած ահաբեկումներն իրենց արդյունքը տվեցին. տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, բայց չէին համարձակվում վստահված անձ դառնալ եւ գնալ տեղամասեր` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:
2012-ի ԱԺ եւ 2013-ի նախագահական ընտրությունների, 2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ «նախազգուշական» ահաբեկումների նկատմամբ իմունիտետ ունեցող անձանց թիվը Հայաստանում գնալով շատացել է: Ավելին՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում սկսել են լուրջ խմորումներ ընթանալ, որոնց նպատակը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ի սկզբանե լուրջ պատրաստվելն է: Մյուս կողմից քաղաքական դաշտում ընդդիմադիր նոր կուսակցություններ սկսեցին կազմավորվել, որոնց շուրջ սկսեցին համախմբվել նախկին քաղաքացիական ակտիվիստները: Գնալով հանրության շրջանում սկսել է ավելանալ այն գիտակցությունը, որ բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են Հայաստանում իշխանափոխության հասնել, անմիջական պետք է զբաղվեն քաղաքականությամբ, քանի որ դա է միակ ճանապարհը:
Ժիրայր Սէֆիլյանին հերթական անգամ ձերբակալելով՝ ՀՀ իշխանությունները նախ փորձում են ընդդիմադիրներին ահաբեկելու մթնոլորտին որոշակի թարմություն հաղորդել: Մյուս կողմից էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք ներկայումս զբաղված են կուսակցական շինարարությամբ եւ 2017-ի ԱԺ ընտրություններին նախապատրաստվելով, իշխանությունները փորձում են նոր քաղաքական օրակարգ պարտադրել, որի էությունը, ինչպես միշտ, նույնն է. դուք քաղբանտարկյալներ ունեք, զբաղվեք նրանց ազատության համար պայքարելով: Ավելին՝ բացառված չէ, որ եթե իշխանությունները տեսնեն, որ միայն Սէֆիլյանին հետապնդելով իրենց չի հաջողվում ընդդիմությանը թելադրել ուժերը հյուծող եւ ոչինչ չտվող իրենց օրակարգը, ապա նոր ձերբակալությունների եւս կդիմեն:
Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը հնարավորություն կունենա իշխանությունների ծրագրերը ձախողել, եթե կարողանա սառնասրտություն պահպանելով շարունակել զբաղվել 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությամբ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՏԱՔՍԻ «ՀԱՄԱՑԱՆՑ»
Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվ քննարկվում է «Յանդեքս տաքսի» ծառայության հնարավոր մուտքը հայկական շուկա: Խնդիրը հիմնականում դիտարկվում է տնտեսական տեսանկյունից, այն է, որ նման խոշոր եւ անսպառ ֆինանսական հնարավորություն ունեցող ընկերության մուտքը հայկական շուկա, ինչպիսին ռուսական «Յանդեքս»-ն է, տեղական տաքսի ծառայություններին կարող է սնանկության մատնել: Իսկ ինչու է միլիարդավոր դոլարների կարողություն ունեցող ռուսական ընկերությունը որոշել ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի համար մուտք գործել հայկական շուկա: Հանրահայտ իրողություն է, որ լրտեսական ամենաարդյունավետ ցանցը տաքսիներն են: Խորհրդային Միության տարիներին տաքսիների միջոցով իրավապահներն ամբողջությամբ վերահսկել են օպերատիվ իրավիճակը ԽՍՀՄ-ի ամբողջական` անվերջ թվացող տարածքով մեկ: Մեր օրերում տաքսիստների միջոցով ոչ միայն տեղեկություններ կարելի է հավաքել, այլ նաեւ տարածել: Ընդամենը տասը կամ քսան տաքսիստի միջոցով ցանկացած լուր կարելի է մի քանի ժամում շրջանառության մեջ դնել: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ կարող են անել մեկ կետից «տեղեկացվող» հարյուր եւ ավել տաքսիստները: Ոչ մի համացանց «օգտատերին» չի կարող նման «տեղեկատվական» հնարավորություն տալ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՅՐԸ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով Նաիրա Հայրապետյանը հունիսի 1-ից ստանձնել է նախարարի խորհրդականի պաշտոնը հասարակական հիմունքներով: Հայրապետյանի անունը շատերին կարող է ոչինչ չհուշել: Սակայն նա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մայրն է: Ասել է, թե նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մորաքույրը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ուրիխանյանից պարզել, թե Նաիրա Հայրապետյանը նախարարին ինչ խորհուրդներ է տալիս: Պատգամավորի փոխարեն պատասխանեց նրա օգնականը՝ Վարդան Քոչարյանը՝ ասելով. «Նաիրա Հայրապետյանը երկար տարիների մանկավարժի փորձ ունի, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ եւ տասը գրքի հեղինակ: Ներկա պահին դասավանդում է ռուս-սլավոնական համալսարանում եւ ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում: Հաշվի առնելով պետական միջոցների տնտեսման անհրաժեշտությունը եւ ուռճացված ապարատի կրճատումը՝ նախարարի խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց աշխատավարձի»:
ԱՇԽԱՏԻ, ՈՐ ԻՆՉ ԱՆԻ
ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 50 հազար դոլար եւ 300 հազար դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական մոտ 380 հազար դրամ: Փոխնախարարի տիկինը՝ Արմինե Դանիելյանը, ամուսնուց ունեւոր է: Նրա դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 0.5 մլն դրամ, 210 հազար դոլար եւ 5 հազար եվրո: Նա ոչ մի եկամուտ չի հայտարարագրել, ասել է, թե չի աշխատում:
ՀԱՋՈՐԴԸ ՖՐԱՆՍԻԱՅՈ՞ՒՄ
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները եւ ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», – ասել է Բուշեն:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը բավականին օգտակար էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: «Որոշ զգուշավորությամբ կարող եմ ասել նաեւ, որ անցել է կառուցողական մթնոլորտում», – հավելել է Նալբանդյանը: Նրա փոխանցմամբ՝ «որոշ հարցերի շուրջ նախագահները եկան այն ըմբռնման, որ եթե դրանց շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավորություն կստեղծվի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորում»: