ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԲԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մայիսի 4-ից Ֆրեզնոյի շրջանային դատարանում վաճառքի էր հանվել հայազգի նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները։ 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տունը 1981թ. Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր եւ երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: Ամիսներ առաջ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի՝ աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա: Ամիսներ առաջ նշվում էր, որ թանգարանի բացումը, հավանաբար, տեղի կունենա տարեվեջին: ՀՀ-ում սարոյանական միջավայրի ստեղծման եւ գրողի տուն թանգարանի իրականացման համար խթան է հանդիսանում նաեւ «Սարոյանասերների ակումբը», որը բացվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Saroyan House» նախագծի շրջանակներում:

Նախագծի ղեկավար Ավագ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ տարվում են աշխատանքներ դիզայներների եւ Սարոյանին երբեւէ մոտ կանգնած մարդկանց հետ, որոնց մի մասն էլ համախմբվել է «Սարոյանասերների ակումբի» շրջանակում. «Միջազգային թիմ է հավաքվել, որը քննարկում է` երբ է բացվելու թանգարանը, ինչ տեսք է այն ունենալու, ինչ է այնտեղ ցուցադրվելու եւ այլն: Այս տարի, հավանաբար, թանգարանը չի բացվի, քանի որ չենք ուզում հապշտապ աշխատանքներ տանել, փոխարենը փորձում ենք ամեն բան մանրամասը մշակել: Նախատեսում ենք թանգարանը վերածել ակտիվ գործող մշակութային կենտրոնի: Ի դեպ, «Սարոյանասերների ակումբի» ֆորմատով ակումբ կստեղծվի նաեւ Ֆրեզնոյում, դրան կանդամակցեն այնտեղի մշակութային գործիչներ, հասարակության ներկայացուցիչներ»:
Ավագ Սիմոնյանի խոսքով` Սարոյանի տունը հիմա շատ անմխիթար վիճակում է. «30 տարվա ընթացքում այնտեղ տարբեր մարդիկ են բնակվել… Տունը բարեկարգելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվելու:
Նախագծի ղեկավարը նշեց, որ Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում հավաքագրվում են Սարոյանի գրքերը` տարբեր թվականների հրատարակություններ. «Դրանք կազմելու են թանգարանի հատուկ գրադարանի մի մասը: Ի դեպ, մենք արդեն ունենք մի շարք նվիրաբերություններ: Սարոյանի գործերի զգալի հատվածն անտիպ է, այնպես որ կփորձենք հավաքագրել, ինչու ոչ, հետագայում նաեւ տպագրել դրանք»:
Ա. Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է եղել «Սարոյանասերների ակումբի» բացմանը. «Նախարարը մեզ տրամադրելու է Սարոյանի` Հայաստանում առկա իրերի նմուշներ»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք հիմնադրամը համագործակցում է Սարոյանի որդու` Արամ Սարոյանի հետ, նախագծի ղեկավարը պատասխանեց. «Ինչպես գիտեք` Արամ Սարոյանը հրաժարվել է ժառանգությունից… Մենք համագործակցում ենք գրողի մյուս բարեկամների, ամերիկյան համալսարանների հետ: Իսկ Արամ Սարոյանի հետ փորձում ենք գտնել համագործակցության եզրեր»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ «Սարոյանասերների ակումբի» անդամ, կինոգետ եւ թարգմանիչ Արծվի Բախչինյանի հետ: Նա նախ անդրադարձավ ապագա թանգարանի արտաքին տեսքին. «Ակումբի շրջանակներում մեր վերջին հանդիպմանը քննարկում էինք` արդյոք անհրաժեշտ է ստեղծել թանգարան` «ավանդական» ձեւով, թե նորագույն տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Ես առաջարկեցի այս երկուսի համադրությունը: 21-րդ դարում չես կարող փոշոտ արտեֆակտներ ցուցադրել: Կարծում եմ` Սարոյանին վերաբերող նմուշները պետք է համադրվեն հոլոգրաֆիկ պատկերների հետ, որպեսզի թանգարանը շնչող, կենդանի օրգանիզմ լինի»,-նկատեց Ա. Բախչինյանը:
Նա հույս հայտնեց, որ Սարոյանի անտիպ մնացած գործերը վերջապես լույս կտեսնեն, կթարգմանվեն հայերեն. «Այդ մարդը հսկայական գրական ժառանգություն է թողել, եւ ո՞վ, եթե ոչ հայերս, պետք է տեր կանգնենք դրան: Հարցազրույցներից մեկում Սարոյանն ասել է, որ ամեն ժանրի չտպագրած գործ ունի, եւ գուցե դրանք թվով ավելի շատ են, քան տպագրվածները: Մենք Սարոյանին շատ միակողմանի գիտենք, մասամբ ենք ճանաչում: Թանգարան ստեղծելը շատ լավ է, բայց պետք է ստեղծվի գրողների, թարգմանիչների խումբ, որը կաշխատի նրա անհայտ էջերը վեր հանելու ուղղությամբ: Սա պետք է դառնա հեռահար նպատակ: Եթե այս գործում Հայաստանի կողմից պետական մոտեցում լինի` շատ ավելի լավ… Օրենքով դա պետք է լինի, բայց գիտեք` ինչ է կատարվում Հայաստանում…»,-մեկնաբանեց թարգմանիչը:
Ինչ վերաբերում է Սարոյանի որդու հետ համագործակցությանը, Ա. Բախչինյանը նշեց. «Չեմ կարծում, որ նա կարձագանքի, որովհետեւ գիտենք, որ հոր հետ դժվար հարաբերությունների մեջ է եղել… Բայց նա իր հերթին ունի երեք զավակ, որոնք, շատ հնարավոր է, համագործակցելու ցանկություն հայտնեն: Համենայն դեպս, աղջիկներից մեկը բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»:
Մեր այն դիտարկմանը, թե մի քանի անհատներով եւ հովանավորի միջոցով դժվար կլինի իրականացնել վերը նշված բոլոր ծրագրերը, Արծվի Բախչինյանը պատասխանեց. «Եթե մեզ հաջողվի դառնալ այն կառույցը կամ ենթակառույցը, որն իր ձեռքը կառնի սարոյանական միջոցառումների եւ ժառանգության հանրահռչակման հարցը, դա արդեն մեծ գործ կլինի: Այդ հարցում, իհարկե, պետությունն էլ պետք է աջակցի, այլապես մի քանի անհատներով շատ հեռուն գնալ հնարավոր չէ»:

 

 

 

«ՄՏԱՓՈԽՎԵՑԻ, ԵՍ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՄ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ԳՆԱԼ»

Հաուս ժանրում ներկայացող երգչուհի Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան) ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ պատրաստվում է զարմացնել իր լսարանին` մատուցելով բոլորովին այլ ոճի ստեղծագործություն:

«Ի դեպ, երգը ռուսերեն է: Սա չի նշանակում, թե հրաժարվել եմ իմ նախընտրած հաուս ոճից, պարզապես երկրպագուներիս խնդրանքով լսարանի համար հեշտ հասանելի երգի վրա եմ աշխատում, որի հիման վրա, գուցե, նկարահանվի նաեւ տեսահոլովակ»,-նշել էր նա:
Այժմ, սակայն, Սոնեն մեզ հետ զրույցում խոստովանեց, որ, այնուամենայնիվ, մտադիր չէ ժանրային փոփոխության դիմել. «Մտափոխվեցի, ես ի վիճակի չեմ այդ քայլին գնալ: Երբ ռուսերեն այդ երգը, որի հեղինակը իմ ընկեր Նիկ Եգիբյանն է, արդեն ստեղծվել էր, հասկացա, որ դեռ պատրաստ չեմ դրան: Կոմերցիան ինձ համար չէ, եթե դրան տուրք տամ, ամեն բան կեղծ կստացվի»,-մեկնաբանեց երգչուհին:
Փոխարենը Սոնեն ծրագրում է երկրպագուների դատին հանձնել նոր տեսահոլովակ` նկարահանված հաուս ժանրի երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Հայկ Մանուչարյանն է, խոսքերինը` Սոնեի քույրը` Ադրինե Մովսեսյանը:
Քանի որ Սոնեին հաճախ չենք տեսնում շոուբիզնեսյան ամենատարբեր միջոցառումների ժամանակ, հետաքրքրվեցինք` որքանով է երգչուհին մասնակցում նման հավաքույթների, արդյոք նա այս ոլորտում ունի մտերիմներ. «Այո, այս ասպարեզում ունեմ մի շարք լավ ընկերներ, իսկ հավաքույթները հիմնականում լինում են աշխատանքային մթնոլորտում: Ամեն դեպքում, ես հասարակ մարդ եմ, եւ շատ լավ հարաբերություններ ունեմ շոուբիզնեսցիների հետ»,- պատասխանեց նա:
Մենք անդրադարձանք նաեւ Սոնեի կարգավիճակին եւ հարցրինք` դեռեւս նախորդ տարի նշանադրված երգչուհին արդյոք պատրաստվում է ամուսնական թելերով կապվել իր ընտրյալի հետ. «Եկավ մի պահ, որ մարդիկ սկսեցին խոսել անձնականիս մասին, եւ դա ինձ բացարձակ դուր չեկավ, ուստի նախընտրում եմ այդ թեմային չանդրադառնալ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԵՐԿՐԱՇԱՐԺԸ՝ ԷԿՐԱՆԻՆ
1988թ. դեկտեմբերի 7¬ի ողբերգության մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի նոր պաստառն ազդարարում է ֆիլմի մեծ էկրան բարձրանալու օրը. ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի կունենա 2016 թ. դեկտեմբերի 1¬ին: Իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատմում է Սպիտակ, Կիրովական, Գյումրի, Ստեփանավան եւ ավելի քան 300 բնակեցված վայրերի ավերվելու մասին: Այդ օրը զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան կես միլիոն մարդ կորցրել է իր տունը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրենկոն (Կոնստանտին Բերեժնոյ), Վիկտոր Ստեփանյանը (Ռոբերտ Մելքոնյան), Մարիա Միրոնովան (Աննա Բերեժնայա), ինչպես նաեւ Արտյոմ Բիստրովը, Դանիիլ Իզոտոտվը, Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանը:

 

 

ՋԵՔՍՈՆԻ ՄԱՍԻՆ
Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը մտադիր է հեռուստասերիալ նկարահանել 2009թ. մահացած փոփի արքա Մայքլ Ջեքսոնի կյանքի վեջին օրերի մասին: The New York Daily News-ի փոխանցմամբ` հեռուստասերիալը նկարահանվելու է Թեւիս Սմայլիի ու Դեւիդ Ռիցի գրած գրքի հիման վրա: Գիրքը կրում է «Նախքան ինձ դատելը. Մայքլ Ջեքսոնի վերջին օրերի հաղթանակն ու ողբերգությունը» խորագիրը: Աբրամսն այժմ աշխատում է սցենարի վրա: Նկարահանման աշխատանքներն իրականացնելու է Warner Bros. Television ընկերությունը: Պրեմիերայի ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:

 

 

ՕԳՆԵԼ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԻՆ
Ամերիկացի պրոդյուսեր, ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթն աջակցել է փողոցում իր ուշադրությունը գրաված երիտասարդ երաժշտին դեբյուտային ալբոմ ձայնագրելու հարցում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Թենեսի նահանգում ծնված Քեմերոն Գրեյի տաղանդը գնահատելով՝ Ուեսթը ֆինանսավորել է ձայնագրությունն ու աշխատանքում ներգրավել պրոդյուսեր, «Գրեմմի»-ի քառակի մրցանակակիր Էնթոնի Քիլհոֆերին:




Լրահոս