ԱՅԴ Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածեցին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂՀ խնդրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Ըստ այդմ, «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցի պաշտոնյան չափազանցացնում է իրավիճակը, կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից, եթե նա սուտ է խոսում, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ մասին ուղիղ հայտարարել: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, ասել էր, թե նա բանակցություններին ներկա չի եղել, իսկ ինչ վերաբերում է համաձայնության լինել-չլինելուն, նախարարն այսպես էր բացատրել. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը: Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»: Այլ կերպ ասած՝ ըստ Նալբանդյանի՝ Սանկտ Պետերբուրգում կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց միեւնույն ժամանակ նա անուղղակի չի հերքում, որ ԼՂՀ խնդրի կարգավորման փուլային, ասել է, թե հողերը զիջելու տարբերակը քննարկվում է՝ պնդելով, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնիշխանությունը: Տվյալ դեպքում երկու դիվանագետները ներկայացրել են խնդրի կարգավորման կողմերից յուրաքանչյուր տեսակետը: Իսկ երբ դրանք համադրում ենք, ստացվում է, որ տարածքների վերադարձի հարցում կողմերը համակարծիք են, պարզապես հայկական կողմը պահանջում է մինչ այդ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչել: Իսկ թե երեկ ինչ են այս մասին խոսել Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփանակերտում, այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծվեց:

 

 

 

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն: Ըստ Մակարյանի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան: «Դեռեւս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին եւ ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են: Ցավոք, չի պակասում»,- ասել է Մակարյանը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՌԴ-ից բացի՝ Հայաստանից էլ որ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի համար, գործարարների միության նախագահն ասել է. «Որոշ չափով Ղազախստանում կա ակտիվություն, որովհետեւ այնտեղ տնտեսության առումով, հատկապես բիզնես սկսելու տեսանկյունից, տեղացիները այդքան ճկուն չեն, իսկ հայերը կարողանում են»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: էջ 6

 

 

 
Վաղը Հայաստան կժամանի Հռոմի Պապ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը: Այս օրերին Հայաստանի ողջ տարածքում՝ Հռոմի Պապի այցելությունների ողջ երթուղով նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բարեկարգվում եւ վերանորոգվում են ճանապարհները, փողոցները մաքրվում են աղբից եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում եւս այս օրերին մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Երեկ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացրել գյուղում: Փոքր Վեդու գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ մաքրման աշխատանքները Հռոմի Պապի այցելության հետ են կապված: Ի դեպ, վերջին օրերին համացանցի հայկական տիրույթում անգամ մարդիկ սկսել են կատակել, թե ինչպես անենք, որ Հռոմի Պապը մեր թաղամաս կամ գյուղ այցելի, որպեսզի Հայաստանի իշխանությունները մեր ճանապարհներն էլ սարքեն եւ փողոցները աղբից մաքրեն:

 

 

 

Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր ՍԷֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը: Այսինքն՝ Սէֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել եւ ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ եւ այդպիսով նրա դեմ գործ սարքում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երեւանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը: Իսկ Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

 

 

 
BREXIT-Ի ԵԼՔԸ
Այսօր Մեծ Բրիտանիայում կանցկացվի ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի արդյունքները կարեւորագույն նշանակություն կունենան ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Եվրամիության համար: Ինքը՝ Մեծ Բրիտանիան, ԵՄ-ից դուրս գալով, կամ, ինչպես ընդունված է ասել՝ brexit-ով լուրջ մարտահրավեր է նետում ոչ միայն եվրոպական միասնականության գաղափարին, այլեւ սեփական տնտեսությանը: Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան մշտապես էլ հատուկ կարգավիճակ է ունեցել ԵՄ-ում եւ որոշակի սկեպտիցիզմով է մոտեցել միասնական օրակարգի մի շարք կարեւոր հարցերին, ինչը ԵՄ անդամ երկրների շրջանում առաջացրել է խուլ դժգոհություն: Եվ, այդուհանդերձ, թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ ԵՄ մնացած անդամները չեն ցանկացել թերագնահատել միմյանց կարեւորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:
Սակայն շուրջ երկու տարի տեւող այս գործընթացում, փաստորեն, կողմերը չկարողացան գալ համաձայնության, եւ ԵՄ ղեկավարությունն այդպես էլ չընդունեց Մեծ Բրիտանիայի կողմից պահանջվող բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այդպիսով գործը հասցնելով հանրաքվեի:
Նախօրեին բրիտանացիներին ԵՄ-ից դուրս գալու հետեւանքների մասին նախազգուշացրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ասելով. «Եթե ընտրությունը կատարվի ԵՄ-ից դուրս գալու օգտին, ապա դա կլինի անդարձ։ Մեծ Բրիտանիայի համար լուրջ ռիսկ կլինի կորցնել մուտքը միասնական շուկա եւ մասնակցությունն այն ամենին, ինչ տեղի է ունենում եվրոպական տնտեսական գոտում»: Իհարկե, ԵՄ-ն եւս տնտեսական եւ, առավելապես, քաղաքական առումով մեծ բան կկորցնի brexit-ի դեպքում, սակայն դրա ազդեցությունը եւ ռիսկերը, թերեւս, զգալիորեն ավելի փոքր կլինեն: Հիշեցնենք, որ ներկայումս բրիտանական արտաքին առեւտրից ստացվող շահույթի կեսից ավելին գալիս է ԵՄ անդամ երկրներից: Բացի այդ՝ լուրջ խնդիր կառաջանա նաեւ ԵՄ-ում ապրող ավելի քան 1.4 միլիոն բրիտանացիների, ինչպես նաեւ Բրիտանիայում բնակվող 2.5 միլիոն քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի, ինչպես նաեւ Անգլիայում արվող ներդրումների զանգվածային դուրս բերման հետ կապված:
Թե ինչպիսին կլինի բրիտանացիների վերջնական որոշումը, դժվար է ասել: Համենայնդեպս, վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներով կողմ եւ դեմ տեսակետ ունեցողների տարբերությունը շատ փոքր է հօգուտ վերջինի: Սակայն եթե հաշվի առնենք բրիտանացիների՝ գերակշռաբար պահպանողական մենթալությունն ու հիշենք նաեւ Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեի արդյունքները, ապա կարող ենք ասել, որ ԵՄ-ից դուրս գալու հավանականությունը փոքր չէ:
Ամեն դեպքում, Եվրոպան հենց դրանով է ուժեղ, որ այստեղ գործընթացների զարգացման հիմքում քաղաքացու քվեն է՝ անկախ նրանից՝ դա երկիրը տանելու է հեշտ թե դժվար ուղով: Մի բան, որից, ցավոք, այնքան հեռու է իրեն եվրոպական մոդելի պետություն հռչակած Հայաստանը:




Լրահոս