ՈՎ Է ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք առաջադրեց` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, եւ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եվ, ահա, պաշտոնական վարկածի համաձայն՝ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք: ժիրայր Սէֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ:
Ու մինչ իրավապահ համակարգը փորձում է ամեն կերպ համոզել «հանցավոր խմբավորման» հետ «Հիմանդիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի կապը, վերջինիս թիմակիցները հրապարակավ հայտարարում են, որ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են շինծու մեղադրանքով, եւ սա քաղաքական պատվեր է:
Նշենք, որ այս առեղծվածային պատմության հրապարակայնությունից անցել է 3 օր, իսկ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք ովքեր են, եւ, առհասարակ, ինչ են նրանք պատմել Ժիրայր Սէֆիլյանի գործունեությունից, ինչ կոնկրետ առնչություն ունեն ազատամարտիկ Սէֆիլյանի հետ:
«Ժողովուրդ»-ը երեկ գրել է, որ այս գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում, եւ անհասկանալի է, թե ինչ առնչություն ունեն Սէֆիլյանի հետ: Մեզ հաջողվեց պարզել, որ 36-ամյա Ներսես Պողոսյանը եւ 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը Երեւան քաղաքի բնակիչներ են: Ավելին՝ մեզ հասած լուրերով՝ մինչ այս, երիտասարդները կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք չեն տվել, ոչինչ չեն հայտնել իրավապահներին:
Իսկ ովքե՞ր են այս գործով կալանավորված 7 անձինք, որոնց թվում է նաեւ Ժիրայր Սէֆիլյանը:
«Ժողովուրդ»-ին այդ անձանց մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի մեր աղբյուրների հաղորդմամբ՝ քրեական գործի շրջանակներում կալանքի տակ են գտնվում Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը:
Իսկ մի քաղաքացի, ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված հանձնարարության, այս պահին փնտրվում է: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ հետախուզման մեջ գտնվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որին իրավապահները երեկվա դրությամբ դեռեւս չէին հայտնաբերել:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Մովսիսյանը, Գալուստ Գրիգորյանը կամ Հրայր Թոփչյանը ինչ-որ բաներ են հայտնել իրավապահներին Ժիրայր Սէֆիլյանի մասին: Թե նրանցից կոնկրետ ով է եղել տեղեկություն տվողը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Հավելենք, որ ամեն դեպքում հասարակական ընկալում կա՝ ՀՀ քննչական կոմիտեն Ժիրայր Սէֆիլյանին կալանավորեց իր քաղաքական հայացքների համար, եւ հիմա նրա «գլխին գործ է սարքվում»:
Հ. Գ. Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ էր, բանն այն է, որ մինչ դատավոր Սիմիզար Հովսեփյանը քննարկում էր ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Ժ. Սէֆիլյանի խափանման միջոցի՝ կալանավորման մասին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի առջեւ: Ակցիայի մասնակից կանանց մի մասը ցանկացել է պառկել դատարանի դիմաց, ինչն էլ պատճառ է դարձել տարածքը հսկող ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ առաջացած քաշքշուկի, եւ մի քանի կանայք բերման են ենթարկվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔՐՈՋ ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ
2015 թվականի հունիսի 4-ին Երեւանի 16-րդ թաղամասի 39 շենքի մոտ դանակի 20 հարվածից սպանվել էր Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանը: Սպանությունը կատարելու համար կալանավորվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանը:
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Գրել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել աղջկա համար: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2016 թվականի մայիսի 11-ին այս սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության, Վաղինակ Դերձյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրոջ՝ Լ. Դերձյանի եւ Ազատ Առաքելյանի միջեւ առկա փոխհարաբերությունների շուրջ Առաքելյանից պարզաբանումներ պահանջելու նպատակով ընկերների՝ Ա. Մամյանի եւ Ա. Հովսեփյանի հետ հանդիպել է նրան: Արդյունքում, վերջիններս վիճաբանել են, եւ Վաղինակ Դերձյանը վնասվածքներ է հասցրել Ազատ Առաքելյանին, որի հետեւանքով Ազատ Առաքելյանը մահացել է:

 

 

ԴԱՏԱԽԱԶԻՑ ԴԱՏԱՎՈՐ
Ինչպես արդեն գիտենք՝ 2016 թվականի հունիսի 16-ի Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթեւոսյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Նկատենք, որ Աննա Մաթեւոսյանն այնքան էլ պատահական չի հայտնվել իրավական դաշտում: Վերջինիս հայրը՝ Գեւորգ Մաթեւոսյանը, աշխատել է իրավապահ համակարգում, նա եղել է գերագույն դատարանի նախագահի տեղակալը, իսկ նորանշանակ դատավորի մայրը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում:
Հավելենք, որ Աննա Մաթեւոսյանը մինչ դատավոր նշանակվելը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազն էր:

 

 

ԿՆՎԻՐԱԲԵՐԵՆ
ՀՀ ոստիկանության կողմից ԼՂՀ ոստիկանությանը կտրամադրվեն իրավախախտման կատարման վայրում վարորդի եւ տրանսպորտային միջոցի տվյալները շտեմարանների միջոցով պարզելու, ինչպես նաեւ սթափության վիճակի զննության համար նախատեսված սարքավորումներ: Այս հարցը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կներկայացնի կառավարության նիստում: Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեկշռում գտնվող սարքավորումները եւ դրանց օժանդակ նյութերը՝ 11 մլն 834 հազար 945 դրամ ընդհանուր արժողությամբ, նվիրաբերել ԼՂՀ ոստիկանությանը եւ հանել այն ՀՀ ՃՈ հաշվեկշռից։

 

 

ԳՆԴԱՑԻՐՆԵՐՈՎ
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արեւելյան եւ հյուսիսային ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ:

 

 

ԺԻՐԱՅՐԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյանը, կարծում է, որ Ժիրայրին երկու ամիս նախնական կալանք կտան, եւ հուսով է, որ դրանից հետո բաց կթողնեն, քանի որ, նրա կարծիքով, չեն կարող ապացուցել մեղադրանքները: «Եթե չեն վախենում, ինչո՞ւ են այս թատրոնը սարքում: Ժիրայրը միշտ էլ իշխանափոխության կողմնակից է եղել, բայց երբեք ոչ զենքով ու բռնի ուժով, երբեք այդ միջոցին չի ուզեցել դիմել,- «Առաջին լրատվական»-ին ասել է Բարսեղյանը՝ հավելելով,-ինձ թվում է՝ Ժիրայրի անհատականությունը, մաքուր անունը, ծրագրերի մեջ մինչեւ վերջ գնալը, դա է, որ վախեցնում է: Ինքը մաքուր մարդ է, իրեն հավատում ու սիրում են»:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ: Դավթյանը 38 տարեկան է, դատախազության համակարգում է 2006 թվականից, արդարադատության 2-րդ դասի խորհրդական է, 2013-2016 թվականներին եղել է Երեւան քաղաքի դատախազը։ Դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, ավելի վաղ եղել է Երեւանի պետհամալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի՝ հունիսի 18-ի հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվել էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

 

 

ԸՆԴՀԱՏԵԼ ԵՆ
ՌԴ վերաքննիչ ատյանը հետաձգել է հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի դատավճռի բողոքարկման քննությունը։ Հայրապետյանը առողջական խնդիրների պատճառով նիստին մասնակցել է մեկուսարանից՝ տեսակապի միջոցով։ Նա հայտնել է, որ ինքնազգացողությունը վատանում է, դատարանն ընդմիջում է հայտարարել եւ բժիշկ հրավիրել: Հիշեցնենք, որ Հայրապետյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։




Լրահոս