Արտահանողները ծիրանը սառնարաններում են պահում. ինչ իրավիճակ է Վերին Լարսի փակվելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին, երբ Վերին Լարսի անցակետը փակ է, տուժում են ոչ միայն ծիրան արտահանողները, այլեւ այն գյուղերի բնակիչները, որտեղ սկսվել է ծիրանի բերքահավաքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է՝ այս տարի Հայաստանից արդեն արտահանվել է 9700 տոննա ծիրան, որը 2700 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա դրությամբ արտահանման ծավալը: Ըստ ԳՆ-ի՝ այս տարի ծիրանի մթերման գինը ավելի բարձր է, քան նախորդ տարի: Սակայն գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների հետ համաձայն չեն Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Բանն այն է, որ այս մարզում տասնյակ գյուղեր ընդհանրապես ծիրան չունեն, իսկ այն գյուղերում, որտեղ կարկուտը եւ ցրտահարությունը ամբողջությամբ չեն փչացրել բերքը, նախորդ տարվա համեմատ շատ քիչ քանակություն է առկա:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզի մի քանի գյուղապետերի հետ եւ միաժամանակ հետաքրքրվեց, թե ինչ տարբերակով են իրացնում իրենց բերքը:

Արմավիրի մարզի Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղում ծիրանի բերքահավաքը սկսել է հունիսի 15-ից եւ մի քանի օրից այն կավարտվի: Գյուղապետը ափսոսանքով նկատեց, որ ծիրանի այս տարվա բերքը քիչ է. եթե նախորդ տարում հացիկցիները հավաքել են 2000 տոննա ծիրան, ապա այս տարի կհավաքեն ընդամենը 500 տոննա: Պատճառը գարնանը եղած ցրտահարությունն է: Ավելին՝ գյուղում բնակիչ կա, ում ծիրանի այգիները այս տարի նույնիսկ մեկ հատիկ ծիրան չեն տվել: Գյուղապետի պատմելով՝ մարդիկ եղած ծիրանը վաճառում են գյուղ մտնող առեւտրականներին, որոնք այն իրենց հերթին արտահանում են Ռուսաստան եւ 1 կգ ծիրանի դիմաց առաջարկում են մոտ 420 դրամ. «12 կգ-անոց ծիրանի արկղի համար վճարում են 5000 դրամ»: Հացիկի գյուղապետ Եղիազարյանը կարծում է, որ ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով է, որ արտահանողներն իրենց ցածր գին են առաջարկում:
Վերին Լարսի անցակետի փակման պատճառով ծիրանի գնորդները այն լաստանավով չտեղափոխելու համար այլ հնար են մտածել. նրանք գնած ծիրանը այս օրերին սառնարաններում են պահում, որպեսզի անցակետի բացման դեպքում այն արտահանեն: «Եթե 10-15 օր անց Լարսի անցակետը բացվի, լավ կլինի, իսկ եթե ավելի ուշ, ապա խնդիրներ կառաջանան»,- նկատեց Հացիկի գյուղապետը:

Իսկ, ահա, նույն մարզի Քարակերտ գյուղում երեք օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը: Այս գյուղի բնակիչներին Վերին Լարսի անցակետի փակվելը լուրջ վնասներ է հասցրել: Եւ չնայած սրան՝ նրանք ստիպված քաղը շարունակում են: եթե ծիրանը թողնեն ծառին, այն կփչանա, եւ այդպես ավելի մեծ կորուստներ կունենան: Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ արտահանող ընկերությունները ծիրան գնելու նպատակով գյուղ չեն մտնում: Ինչպես Հացիկում, այնպես էլ Քարակերտում բնակիչները ծիրանը վաճառում են անհատ առեւտրականներին: Օրինակ՝ «Սպայկա» ընկերությունը գնացել է գյուղ, խոսել է բնակիչների հետ, բայց դեռ ծիրան չի մթերել: «Մեր գնորդները հիմնականում Երեւանից են կամ մեր մարզի առեւտրականներն են: Նրանց մեծ մասը ծիրանը լաստանավով չեն տեղափոխում, այլ պահում են սառնարաններում»,- ներկայացրեց Քարակերտի գյուղապետը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ առեւտրականները բնակիչներից ծիրանը գնում են 450-550 դրամով: Իսկ գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեցին, որ այս օրերին ռուսական շուկայում ծիրանի 1 կգ-ը վաճառվում է 130-180 ռուբլիով, այսինքն՝ մոտ 900-1300 դրամի սահմաններում:

Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալները, թե ծիրանի արտահանումն աճել է, վրդովվեցրել է գյուղապետերին: Ինչպես Հացիկ գյուղում, այնպես էլ Քարակերտում բնակիչները ցրտահարության եւ կարկտահարության պատճառով մեծ վնասներ են կրել: Այս գյուղում նույնպես մարդիկ կան, որոնք իրենց այգիներից անգամ մեկ հատիկ ծիրան չեն հավաքել: Իսկ, օրինակ, Քարակերտի ծիրանագործներից մեկը նախորդ տարի 1 հա-ից հավաքել է 10 տոննա ծիրան, մինչդեռ այս տարի՝ ընդամենը 2 տոննա:

Մարզի Դալարիկ գյուղում էլ ծիրան կա, բայց բավականացնում է միայն դալարիկցիների կոմպոտների եւ մուրաբաների համար: Նույն իրավիճակն է նաեւ Երվանդաշատ գյուղում. այստեղ վաղ գարնանը ծիրանի այգիները ցրտահարվել են: Երվանդաշատցիների խոսքերով՝ ա««»«յգիներում մնացել է ընդամենը 10-20 տոկոս ծիրան, որը նույնիսկ մթերման ենթակա չէ: Նկատենք, որ ծիրանի բերքն այս տարի սակավ էր նաեւ Արարատի մարզի մի շարք գյուղերում: Եվ այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ ըստ ԳՆ-ի՝ Հայաստանում այս տարի ծիրանի առատ բերք է հավաքվել եւ նույն առատությամբ էլ արտահանվել:

Հ. Գ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնեցին, որ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։ Առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս