
Ժամանակն է լուծել 25 տարի ձգվող կոնֆլիկտը: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
«Այսօր մեծ ուշադրություն է հատկացվում այդ կոնֆլիկտին: Ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ, ինչպես նաև տարբեր հանդիպումների ժամանակ և՛ Ռուսաստանում, և՛ Ֆրանսիայում նշեցին հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ սկսելու կարևորությունը: Այժմ, դիտարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը, կարելի է տեսնել, որ առաջընթաց կա»,- ասել է Մամեդովը:
Նա նաև նշել է, որ ներկա պահին Գերմանիան փորձում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Հաշվի առնելով որպես ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի հնարավորությունները՝ Բեռլինը շահագրգիռ է կոնֆլիկտի լուծման հարցում: Բացի այդ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ առավել լայն շրջանակներում քննարկվել է այդ հարցը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է իր դիրքորոշման մասին »,- հավելել է Մամեդովը: