Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 6 զոհերի մեջ կան ընտանիքի անդամներ: Դժբախտ պատահարի զոհ դարձած 24-ամյա Ռուբեն Ավագյանը և 23-ամյա Սոնա Ջավադյանը ամուսիններ էին, բնակվում էին Շիկահող գյուղում: Համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը ArmLur.am-ին հայտնեց, որ նրանք երկու տարի առաջ են ամուսնացել. «Վթարի ժամանակ նրանց հետ իրենց մեկ տարեկան երեխան էլ է եղել: Դժբախտաբար, նա ևս մահացել է»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` իրեն հայտնի է դարձել, որ մեքենայի մեջ նաև երևանցի երկու երիտասարդներ են եղել, ինչպես նաև մահացած կնոջ մորաքրոջ աղջիկը: Ցավոք, բոլոր ուղևորները մահացել են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մահացել է 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից՝ իրենց զինվոր ազգականի տեսակցությունից:
Լուսանկարները` shamshyan.com-ի
Լիդա Եղիազարյան