Այսօր` հոկտեմբերի 10 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքների մասին հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով, որի ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց կատարված աշխատանքները և փաստացի վիճակը:
Քաղաքապետը մասնավորապես խոսեց կատարած ասֆալտապատման աշխատանքներից, համաձայն որի մեկ տարվա ընթացքում տեղական բյուջեի միջոցներով կատարվել են շուրջ 410 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական մի շարք փողոցներ, “Վարդանանց” և “Ջիվանու” հրապարակները, հիմնական փողոցներում կատարվել են փոսային նորոգումներ, իսկ ընդհանուր ասֆալտապատման մակերեսը կազմել է շուրջ 102հզ մ.քառ, բարեկարգված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 52 կմ: Ասֆալտապատման աշխատանքների կատարման համար ստացվել է նաև կառավարության լուրջ աջակցությունը:
Խոսելով քաղաքի աղբահանությունից քաղաքապետը տեղեկացրեց, որ վերանորոգվել է քաղաքային աղբավայր տանող 1.5 կմ երկարության գրունտային ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մեծ ու փոքր աղբամաներ, կառուցվել են աղբապատնեշներ, աղբահանությունը կատարվում է կարգավորված գրաֆիկով և որ ի համեմամտություն 2012 թ ի նույն ժամանակահատվածի, առկա է շուրջ 70 մլն դրամի խնայողություն:
Քաղաքի բարեկարգման աշխատանքերի մասով Սամվել Բալասանյանն առանձնացրեց “Մայր Հայաստան”, “Պատվո բլուր”, “Երկրաշարժի զոհերի” հուշահամալիրների, “Հայուհու” հուշարձանի տարածքների, “Վարդանանց” և “Թատերական” հրապարակների շատրվանների բարեկարգումն ու նորոգումը, տարբեր փողոցներին հարակից մայթերին և հանգստյան գոտիներում տեղադրված շուրջ 100 նստարանների, տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում տնկված շուրջ 50 հզ ծառն ու թուփի փաստը:
Անդրադառնալով քաղաքի արտաքին լուսավորության` քաղաքապետը փաստեց, որ արդեն ունենք շուրջ 4900 ի հասնող լուսակետեր, և որ սկսվել են էներգիա խնայող լամպերի շահագործումը, ինչն ընդհանուր առմամբ հնարավորություն տվեց արտաքին լուսավորության վրա կատարված ծախսերի մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 22 մլն դրամի խնայողություն արձանագրել:
Խոսելով փողոցային երթևեկության նշանների և գծանշումների մասին Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ թվով 14 խաչմերուկներում գործող լուսաֆորները փոխարինվել են նոր, ժամանակակից թվային լուսաֆորներով (համայնքային բյուջեից միջոցներ չի ծախսվել) տեղադրված փողոցային երթևեկության մոտ 160 նոր նշանների, մոտ 45 կմ երկարությամբ կատարված գծանշումների և վարձակալությամբ տրված նախկինում չգործող 2 (երկու) ստորգետնյա անցումների մասին:
Քաղաքային տրանսպորտի ոլորտում կատարված բարեփոխումներից Սամվել Բալասանյանն առանձնացրեց 10 (տաս) հատ նոր ավտոբուսների շահագործումը քաղաքային երթուղիներում և տեղեկացրեց մոտ ժամանակներս 5 (հինգ) հատ նոր ավտոբուսների ներկրման, ինչպես նաև նախատեսված 1 (մեկ) նոր երթուղու շահագործման մասին:
Սպորտի ոլորտում կատարված աշխատանքներից քաղաքապետն առանձնացրեց փակ լողավազանի վերանորոգումն ու գործարկումը, նշեց նաև, որ 2013թ ին միջազգային ասպարեզներում գյումրեցի մարզիկները նվաճել են 208 մեդալ:
Ասուլիսի ընթացքում քաղաքապետը ներկայացրեց նաև մշակույթի, միջազգային կապերի, ֆինանսական և մյուս ոլորտներում կատարված և նախանշված աշխատանքների, ինչպես նաև առկա մի շարք հիմնախնդիրների մասին տեղեկություններ: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիներին ցուցաբերված օգնությունների, տարբեր կազմակերպպություների հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերի, ՀԿ ների, ԶԼՄ ների հետ և այլ ոլորտներում տարվող աշխատանքների մասին տեղեկություններ, որից հետո քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին: