«Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է». Զախարովան վստահեցնում է, որ իր խոսքը խեղաթյուրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմացած է, որ իր խոսքը` կապված Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ, լրագրողների կողմից խեղաթյուրվել է: Այսօր լրագրողների հետ զրույցում Զախարովան հայտարարել է, որ արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է. «Մենք ոչ միայն հարգում ենք, այլև աշխատում Հայաստանի հետ ՄԱԿ-ի միջազգային հարթակում՝ նացիզմի հերոսացման որևէ հնարավորություն թույլ չտալու համար, զգում ենք այս հարցում մեր հայ գործընկերների հուսալի թիկունքը: Այստեղ չի կարող լինել որևէ երկակի ստանդարտ»:

ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը խնդրել է լրագրողներին իր խոսքը մեջբերել բառացի, որպեսզի այն չաշխատի հօգուտ նրանց, ովքեր Հայաստանի բարեկամները չեն։

Զախարովան նաև անդրադարձել է նաև ԼՂ հարցում Ռուսաստանի զբաղեցրած դիրքորոշմանը` ասելով, որ Ռուսաստանն ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի կարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին քաղաքական գերատեսչությունը ակտիվ ջանքեր են ներդրում՝ երկկողմ, բազմակողմ ուղիներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ «ձգձգման յուրաքանչյուրը օր սպառնալիք է պարունակում տեղի բնակիչների համար»։




Լրահոս