ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նիստի ընթացքում մենք ընդունել ենք հայտարարություն ղարաբաղյան և սիրիական հակամարտությունների վերաբերյալ», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս ընդգծեց, որ նիստի ընթացքում ուշադրություն է հատկացվել միջազգային անվտանգության թեմային, հատկապես կարևորվել է կովկասյան տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որի վերաբերյալ ընդունվել է հայտարարություն:
Հայտարարության մեջ ասվում է.
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար
Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար