Գյումրու նախկին քաղաքապետը չի՞ թողել հարևանի դիակը հերձեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով` մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը: Սակայն վերջինիս հարազատներն ու հարեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, չեն թույլատրել դատաբժշկականում դիակը հերձեն՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ:
Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են:

Այնուհետև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դատաբժշկական դիահերձման: Ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ինքը որպես քրիստոնյա էր դեմ կանգնում դիահերձմանը, այլապես ոչ մի խնդիր չկա:

Այս առնչությամբ ArmLur.am-ն զրուցեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Վերջինս թեմայի շուրջ որևէ բան չասեց և իր սովորության համաձայն մեղադրական խոսքեր հնչեցրեց լրագրողների հասցեին:

Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս