Այսօր Հայաստան կժամանի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը եւ 3 օր կլինի մեր երկրում: Համաձայնեք, որ սա լրջագույն իրադարձություն է Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին իմիջը կարող է շեշտակի փոխվել, եթե իսկապես գրագետ քարոզչություն արվի: Այսպիսի հյուրընկալություն, իհարկե, մենք էլի ենք ունեցել: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի նախորդ` Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի Պապը 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստան էր այցելել: Նա Երեւան էր եկել Հայաստանում քրիստոնեությունը որպես կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Եւ այդ այցը բավականին անշուք անցավ, այն ավելի շուտ հիշեցնում էր պետության ղեկավարի պաշտոնական այց, քան հոգեւոր առաջնորդի այցելություն: Դժվար է ասել, թե դրա պատճառը որն էր` Հովհաննես Պողոս Երկրորդի պատկառելի տարիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ:
Ամեն դեպքում, այսօր մենք` որպես ժողովուրդ, պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապը արժեւորում է հայերին` որպես հավատացյալ ժողովուրդ, քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր եւ գալիս է «ըմպելու մեր ժայռե հավատքի աղբյուրից»: Եռօրյա այցելության ծրագիրը առավել քան հագեցած օրակարգ ունի: Ու հանուն արդարության պետք է ասել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, թեեւ բազմաթիվ այլ հարցերում նաեւ մեր կողմից է քննադատության ենթարկվել, այնուամենայնիվ, օրինակելի աշխատանք է կատարել: Ե՛ւ որպես դիվանագետ, ե՛ւ որպես մեդիա դաշտի «տիրակալ» Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն կազմակերպել է Պապի այցը մեր երկիր: Հայաստանի դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդօրինակելու կարիք ունեն: Շատերն անսահման ֆինանսական միջոցներ ունեն, բայց նման լուրջ աշխատանք ոչ ոք կարծես թե չի արել: Հուսանք` Հռոմի Պապի հետ տարբեր սրբավայրերում աղոթելուց հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը իրապես «դարձի կգա»` փրկելով հայ հավատավոր ու պայքարող ժողովրդին աղքատության եւ անարդարության ճիրաններից:
Հ. Գ. Ի դեպ, վաղը՝ ժամը 19.00-ին, Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք: Քաղաքացիների մուտքն ազատ է, բայց իրավապահները խորհուրդ են տալիս հրապարակում լինել արարողությունից առնվազն կես ժամ առաջ:
Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Արցախ՝ առաջնագիծ մեկնեց, ահագնացան խոսակցություններն այն մասին, որ սկսել է գործել «Կազան 2» «օպերացիան», որով նախատեսվում է ազատագրված որոշ տարածքների հանձնում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Բաբայանի. «Սերժ Սարգսյանի այցը հիմնականում վերաբերում էր բանակաշինության ոլորտին եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը: Երկու նախագահները եղել են սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել են զինվորների առօրյային, այնուհետեւ եղել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակից բարձրագույն հրամկազմի հետ»:
Երկուշաբթի օրը խորհրդարանը պետք է քննարկի ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Այդ փոփոխություններով նախատեսվում է փոխել ընտրական ցուցակների կազմման կարգը եւ տեղամասերում ներդնել քվեարկության ընթացքը տեսագրելու եւ համացանցով ուղիղ եթերում հեռարձակելու համակարգ: Առաջարկվող փոփոխություններով ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն միայն նույնականացման քարտ ստացած քաղաքացիները: Եթե այս փոփոխությունը կյանքի կոչվի, եւ ընտրական ցուցակներից հանվեն Հայաստանից բացակա ընտրողների տվյալները, ապա արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք կունենանք իրականին մոտ ընտրական ցուցակներ: Սրա հետեւանքով ընտրությունների մասնակցության թիվը եւս կնվազի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի խորհրդարանի անցողիկ շեմի թվի նվազմանը: Եթե կողմ քվեների 5 տոկոսը 2012-ի ընտրություններում կազմել է մոտ 80 հազար քվե, ապա 2017-ին 50-60 հազար քվեով կուսակցությունները կարող են ԱԺ-ում խմբակցություն ունենալ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից թվեր «նկարելու» գործելակերպը վաղուց եւ բոլորին հայտնի իրողություն է: Սակայն ԱՎԾ-ն սկսել է ինքն իրեն գերազանցել: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 միլիարդ 939 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ ձուկ: Այնտեղ նշված է, թե այս թիվը 2,6 տոկոսով ավել է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածը: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին չորս ամիսներին արտադրվել է 11 մլրդ 986 մլն 900 հազար դրամի ձուկ: Դժվար է ասել, թե ԱՎԾ-ն ինչու է այդքան ջանացել կեղծ աճ նկարելու համար: Իրականում ոլորտի մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ անկում է իրենց մոտ: Մասնավորապես «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս տարվա ընթացքում առանց չափազանցնելու արդեն մոտ 25 ձկնային տնտեսություն ունենք փակված: Պարզապես վիճակը ողբալի է»:
ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ շատ կոշտ կերպով քննադատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ն. Մամեդովի հայտարարությունը՝ կապված Սանկտ Պետերբուրգում իբրեւ թե ձեռք բերված համաձայնության հետ: Մամեդովը, հիշեցնենք, ասել էր, թե փուլային տարբերակով հայկական կողմը սկզբնական շրջանում հանձնելու է 5 շրջան, ապա եւս 2-ը, որից հետո քննարկվելու է միջանցքի եւ ԼՂՀ կարգավիճակի հարցը: Եվ, ահա, Զախարովան այդ հայտարարությունը բնորոշել է դիվանագիտական բառապաշարում խիստ հազվադեպ կիրառվող ձեւակերպումներով. «Պետք է առաջնորդվել հայտարարության օրիգինալ տեքստով, ոչ թե այն բավականին ոչ բարեխիղճ, խեղաթյուրված հայտարարություններով, որոնք մենք լսեցինք: Կա կոնկրետ հայտարարություն, այն հրապարակվել է եւ հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որեւէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»,-ասել է Զախարովան:
Դժվար է ասել, թե երբ էր վերջին անգամ ՌԴ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նման կոշտ գնահատական տվել ադրբեջանցի որեւէ գործչի գործողությւններին, առավել եւս ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյայի հայտարարությանը: Իհարկե, մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը որակվեց որպես «այլասերված մեկնաբանություն», ինչից կարելի է եզրակացնել, որ ինքնին, կարգավորման քայլերի նման հաջորդականությունն է պաշտոնական Մոսկվայի կողմից որակվում որպես «խեղաթյուրված եւ այլասերված»:
Այդուամենայնիվ, նկատի առնելով 2011թ հունիսին՝ ճիշտ 5 տարի առաջ, Կազանում կայացած գագաթնաժողովում սեղանին դրված փաստաթղթի էությունը եւ դրանում ներկայացված քայլերի հաջորդականությունը՝ Զախարովայի հայտարարությունից ոգեւորությունը կտրուկ սառչում է: Հիշեցնենք, որ ինչպես «Բլումբերգին» տված հարցազրույցում խոստովանեց Ս. Սարգսյանը, Կազանյան փաստաթղթով հայկական կողմը պարտավորվում էր հանձնել ԼՂՀ հարակից շրջանները, եւ պաշտոնական Երեւանը համաձայնել էր ստորագրել այդ փաստաթղթի տակ: Իսկ այդ փաստաթղթով, ըստ մինչ օրս եղած արտահոսքերի՝ տարածքների վերադարձին զուգահեռ չէր լուծվում ԼՂՀ կարգավիճակի հարցը, այլ ի սկզբանե տրվում էին տարածքները, ապա քննարկվում էր որոշ ժամանակ անց /իսկ այդ ժամանակի հարցում անորոշությունը հենց ամենամեծ խնդիրներից մեկն է/, հանրաքվեի անցկացման հարցը:
Այնպես որ՝ լավ է, որ Զախարովան հերքեց Մամեդովի հայտարարությունը, սակայն դա բավարար չէ՝ պնդելու համար, որ նման հարց Սանկտ Պետերբուրգում չի քննարկվել եւ, առավել եւս, չի քննարկվի առաջիկայում: Համենայն դեպս, սա այն հարցն է, որի շուրջ թե՛ լրագրողների, թե՛ հանրության կողմից ավելորդ կասկածամտությունն ու իշխանություններից գործողությունների թափանցիկության հարցում պահանջատիրությունը հաստատ չեն խանգարի: