Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Սանկտ Պետերբուրգում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ 7 շրջանների հանձնումը ենթադրող փուլային տարբերակի շուրջ: Այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ արդեն երեկ հարցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե կա հրապարակված պաշտոնական փաստաթւղթ, որտեղ նման պայմանավորվածության մասին խոսք չկա, իսկ դրանից դուրս մեկնաբանությունները նա որակեց «անբարեխիղճ եւ այլասերված»:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:
-Պարո՛ն Իշխանյան, Մամեդովի հայտարարությունը՝ ԼՂՀ 7 շրջանները զիջելու մասին, լուրջ մտահոգության տեղիք տվեց, ու թեեւ թե՛ ՀՀ ԱԳՆ-ն, թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դա հերքել են, այդուհանդերձ, արդյո՞ք դա լիովին անհիմն հայտարարություն եք համարում:
-Անհանգստությունը եւ այդ մտահոգությունները, որ բոլորս ունենք, հասկանալի են: Ընդհանրապես Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված ոչ միայն դիտում, այլ նաեւ փորձում ենք ներգործություն ունենալ, բայց կարծում եմ, որ ադրբեջանական կողմի այդ «բացված» փակագծերը պետք է ընդունել որպես սադրանք, մանավանդ որ այդ ամենը ոչ թե պետք է դիտարկել որպես բանակցություն, այլ որպես պարզ հանդիպում: Ի վերջո, բանակցությունների գործընթացն անցյալ տարիներին գտնվում էր փակուղում եւ արդեն իսկ արծածված էր, եւ այդ ամենի վերջակետը, կարծես թե, ապրիլյան դեպքերն են: Սրանից հետո երկու հանդիպում տեղի ունեցավ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Վիեննայի հանդիպման արդյունքում խոսվեց հետաքննությունների մեխանիզմների տեղակայման եւ միջնորդական առաքելություն իրականացնող գրասենյակի ընդլայման մասին, իսկ Սանկտ Պետերբուրգում մի քիչ ավելի ժլատ են տեղեկատվության առումով, այնպես որ միակողմանի մեկնաբանություններ անելը, կարծում եմ, ճիշտ չի:
-Իսկ բացառո՞ւմ եք, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն էր դրված, որով նախատեսվում էր ԼՂՀ շրջանների վերադարձ, եւ ինչպես այդ մասին ապրիլին խոստովանեց Ս. Սարգսյանը, հայկական կողմը համաձայն էր:
-Վերջին 6-7 տարիներին խոսվում է մադրիդյան փաստաթղթի, այնուհետեւ Կազանի փաստաթղթի կամ նորացված մադրիդյան սկզբունքների մասին, որն աստիճանաբար «գաղտնազերծվել եւ բացվել է»: Իսկ թե ինչ փաստաթուղթ էր այս անգամ դրված սեղանին, չենք կարող ասել:
Բազմիցս մենք առիթ ունեցել ենք մեր տեսակետները ներկայացնելու թե՛ որպես քաղաքական ուժ, թե՛ որպես արցախյան կողմ: Ինչ հողերի հանձման մասին է խոսքը, կամ ով կարող է իր վրա լիազորություններ եւ պարտականություններ վերցնել հողեր հանձնելու:
-Պարո՛ն Իշխանյան, ուշագրավն այն է, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալու հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը այցելեց Լեռնային Ղարաբաղ: Արդյո՞ք սա պարզ զուգադիպութուն է:
-Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Հայաստանի նախագահն այցելում է Արցախ. բնականաբար, դա կարող է որոշ մեկնաբանությունների տեղիք տալ, բայց դրանք լինում են ուղղակի իրականության պատկերը պարզ չլինելու մեկնաբանություններ, ինչը մի քիչ զարմանալի է: Կան, այո, մտահոգություններ, եւ ամեն մի այցելություն, այո, իր հետ բերում է վերլուծությունների, պատկերացումների ինչ-որ մի փուլ, բայց ես չեմ կարծում, որ խուճապային ինչ-որ տրամադրվածություն կա: Պարզապես մտահոգություններ են, մեկնաբանություններ, որոնք արդեն առաջացնում են մթնոլորտ:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել: Ստորեւ ներկայացնում ենք այն.
«Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում:
Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ՝ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից:
Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը: Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ` այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա: Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց եւ մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչեւ որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերեւով:
Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել եւ հույսը պետք է հարություն առներ: Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ՝ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում: Թող որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը` մասնավորապես Եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ: Հատկապես, սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու եւ նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն: Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից եւ Սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք: Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու եւ մեզ հույսով քաջալերելու համար:
Շնորհակալություն եւ ցտեսություն»:
ՀՀ ԿԲ ԱՆԴԱՄԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 44 մլն դրամ, 13 հազար եվրո եւ 114 հազար դոլար: Նրա փոխառությունները 2015-ի վերջին կազմել են 60 հազար դոլար: ԿԲ խորհրդի անդամի ընդհանուր եկամուտները կազմել են 38 մլն 288 հազար դրամ, որից ավելի քան 22 մլն 151 հազար դրամը եղել է տարեկան աշխատավարձը (ամսական՝ 1 մլն 845 հազար դրամ): 1 մլն 687 հազար դրամն էլ նա հայտարարագրել է իբրեւ փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար: 349 հազար դրամ էլ ապահովագրական հատուցման դիմաց է ստացել: Իսկ իբրեւ շահաբաժին հայտարարագրել է 14 մլն 100 հազար դրամի եկամուտ: Հարկ է նկատել, որ ԿԲ խորհրդի անդամի կինը՝ Արմենուհի Օրդյանն էլ իբրեւ դրամական միջոց հայտարարագրել է 17 հազար դրամ եւ 16 հազար դոլար: Նրա ամսական եկամուտը կազմել է 286 հազար դրամ:
ՊԵԿ-Ի ՆՈՐ ԿԱՀՈՒՅՔԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք: Ի դեպ, վերջինի համար վճարվել է 1 մլն 80 հազար դրամ, իսկ գնված 3 գրասեղաններից յուրաքանչյուրի համար վճարվել է 290 հազար դրամ եւ 185 հազար դրամ: Մի կողմից ծախսերը կրճատելու մասին են հայտարարում, մյուս կողմից մտածում են էլ որտեղ գումարները վատնեն:
ՄԻԱՅՆ ՀՈՂԻ ԵՎ ՋՐԻ ՀԱՐԿԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ համայնքներում տեղացած ուժգին կարկուտից տուժած գյուղացիները դեռ փոխհատուցում չեն ստացել: Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն կառավարությունը նույնիսկ դեռ չի էլ խոստացել, որ կփոխհատուցի: Իսկ գյուղացիները միլիոնների հասնող վնասներ են կրել: Տուժած գյուղերի թվում են Շենավանը, Բերքաշատը, Նալբանդյանը, Ջանֆիդան եւ այլն: «Ժողովուրդ»-ը տուժած մի քանի համայնքների ղեկավարներից փորձեց պարզել, թե իրենք ինչ տեղեկություն ունեն, ի վերջո, կառավարությունը փոխհատուցելո՞ւ է գյուղացիների կրած վնասները, թե՞ ոչ: Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ սպասում են կառավարության պատասխանին: «Ասել են, որ էս քանի օրը պիտի մի բան անեն, սպասում ենք»,- ասաց Չվչյանը: Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանի խոսքերով՝ իրենց գյուղացիների պտղատու այգիները մայիսի 18-ին կարկտահարության արդյունքում 80-100 տոկոսով վնասվել են: «Ժողովուրդ»-ի մյուս զրուցակիցը՝ Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը, հայտարարեց, որ փոխհատուցելու են միայն հողի եւ ջրի հարկերը. «Ուրիշ ոչ մի բան»: