ԲՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը բնապահպանական խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Բնականաբար, վարչապետի նման դիրքորոշումը կարելի է միայն ողջունել: Սակայն այս` առաջին հայացքից սրտացավ դիրքորոշման ներքո թաքնված են  որոշակի քաղաքական գործընթացներ, որոնց արտահայտությունը եղավ ոչ միայն այս, այլեւ մոտ երեք ամիս առաջ «Սեւան ազգային պարկ»-ի հետ կապված ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, որով պարկի` պահպանության ենթակա գոտիներն ընդլայնվեցին, եւ նույն Ամուլսարը հայտնվեց այդ շրջանակում: Ասել է թե` խստացվեցին Ամուլսարի շահագործման չափանիշները: Ինչո՞վ է պայմանավորված Տիգրան Սարգսյանի նման մտահոգությունը հայրենի ընդերքի եւ շրջակա միջավայրի հանդեպ: Չէ՞ որ Հայաստանում կան բազմաթիվ այլ` ոչ պակաս վտանգավոր հանքեր, որոնց շահագործման հետ կապված անթիվ բողոքները մնում են անպատասխան: Հենց նույն Թեղուտը, Քաջարանը եւ այլն: Ըստ որոշ տեղեկությունների՝ Տիգրան Սարգսյանի այս անսպասելի սերը` առ հայրենի բնություն, պայմանավորված է Ամուլսարի հանքավայրի սեփականատերերից մեկի` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անձով: Նա, հիշեցնենք, օրերս կրկին նշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ, ըստ համառորեն շրջանառվող լուրերի, լուրջ ծրագրեր ունի` կապված առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու հետ: Իսկ վերադարձն այդ կարող է լինել վարչապետի պաշտոնում նշանակմամբ: Որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձում է Մաքսային միության հետ կապված իր դիրքորոշումները սրբագրել` այդպիսով ինքն իրեն, մեղմ ասած, անհեթեթ վիճակի մեջ դնելով, դա չի ընկալվում ո՛չ ռուսների եւ ո՛չ էլ, առավել եւս, եվրոպացիների կողմից: Առաջինները Տիգրան Սարգսյանին ուղղակի չեն հավատում, եւ նա, չնայած գործադրած ջանքերին, շարունակում է մնալ ռուսների կողմից չընդունված, իսկ եվրոպացիները Տիգրան Սարգսյանի ռուսական ռեվերանսներն ուղղակի ընկալում են որպես դավաճանություն, քանզի որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ անցած հինգ տարիներին երկրի տնտեսությունը ձախողած Տ. Սարգսյանն իր աթոռը պահպանեց բացառապես եվրոպացիների ճնշման արդյունքում: Եվ հիմա, փաստորեն, դուրս է գալիս, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն չի դիմադրել Սերժ Սարգսյանի` ՄՄ-ին անդամակցելու որոշմանը, այլեւ փորձում է նրանից առաջ ընկնելով` գովերգել Մաքսային միության առավելությունները: Եվ հիմա հենց այն պահն է, երբ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը չեն դիմադրի ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ, առավել եւս, ռուսները: Իսկ Արմեն Սարգսյանի նշանակմամբ գոհ կլինեն ե՛ւ եվրոպացիները (վերջինիս եվրոպական կապերը հայտնի են), ե՛ւ ռուսները (Ա. Սարգսյանը ՌԴ-ում միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է նախաձեռնել): Այնպես որ, Տիգրան Սարգսյանը հայրենի բնությունը սիրելու «լուրջ դրդապատճառներ» ունի:




Լրահոս