Եկող երկուշաբթի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի, որպեսզի քննարկի ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնց մինչ վերջերս Հայաստանի իշխանությունները դիմադրում էին: Այդ փոփոխություններից առանցքայինը երկուսն են` ընտրողների ցուցակում միայն նույնականացման քարտ ստացած անձանց ընդգրկելը եւ տեղամասերում քվեարկության ընթացքը տեսագրելն ու համացանցով օնլայն հեռարձակելը:
Փաստորեն, ընտրողների ցուցակում միայն նույնականացման քարտ ստանալու համար դիմած ընտրողներին ընդգրկելու դեպքում այդ փաստաթուղթն, ըստ էության, «կմաքրվի» բացակա ընտրողներից: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը, ըստ պաշտոնական ցուցակների, կազմել էր 2 միլիոն 566 հազար հոգի: Եթե ցուցակները չմաքրվեն եւ նախկին կարգով կազմվեն, ապա կասկածից վեր է, որ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, ընտրողների թիվը կգերազանցի 2 մլն 600 հազարը: Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանում առկա բնակչության թիվը դժվար թե այդքան լինի:
2011-ի մարդահամարի արդյունքներով Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել էր 2 մլն 871 հազար հոգի: Մարդահամարին հաջորդած 4 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է շուրջ 160 հազար մարդ (այս տարվա տվյալները այդ թվի մեջ ներառված չեն): Ստացվում է, որ Հայաստանում առկա բնակչության թիվը պետք է 2 մլն 700 հազարի սահմաններում լինի: Ընտրողների թիվը սովորաբար ընդհանուր բնակչության մոտ 60 տոկոսն է կազմում: Տվյալ դեպքում ստացվում է, որ ընտրողների թիվը 1 մլն 600 հազարի սահմաններում է: Ի դեպ, ՀՀ իշխանությունների հաշվարկներով եւս այդ թիվն է ստացվում, ինչի մասին վկայում է այն փաստը, որ երբ քննարկվում էր միայն նույնականացման քարտ ստացածներին ընտրողների ցուցակում ընդգրկելու մոտեցումը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հիմնական առարկությունը կայանում էր նրանում, որ եթե այդ համակարգը ներդնեն, ապա մոտ վեց ամսում պետք է կարողանան 900-ից մինչեւ 1 մլն նույնականացման քարտ թողարկել, ինչի համար լրացուցիչ ֆինանսավորում է հարկավոր լինելու: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տրամադրած տվյալի համաձայն՝ երեկվա դրությամբ Հայաստանում նույնականացման քարտ է ստացել 678 հազար 300 քաղաքացի:
Ի դեպ, ՀՀ իշխանությունները համաձայնել են ընտրական ցուցակներում միայն նույնականացման քարտ ստացածներին ընդգրկել` պայմանով, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը հնարավոր լինի դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը գտնել: Մոտավոր հաշվարկներով խոսքը 16 մլն եվրոյի մասին է, որից 9 միլիոնը եվրոպական միությունն արդեն իսկ խոստացել է հատկացնել:
Ինչեւէ, ակնհայտ է, որ Հայաստանում առկա բոլոր ընտրողները դժվար թե ցանկանան նույնականացման քարտ ստանալ` հանուն այն բանի, որ ընտրողների ցուցակում ընդգրկվեն: Հայտնի է, որ քաղաքացիների մի խումբ կա, որը բոլոր տեսակ ընտրություններից փախչում է: Մյուս կողմից էլ քրեական կյանքով ապրողները եւս հաստատ մեծ ցանկություն չեն ունենա նույնականացման քարտ ստանալ, քանի որ դրա համար իրենք պարտավորված են լինելու իրենց մատնահետքերը հանձնել: Մի խոսքով, մոտավոր հաշվարկներով ընտրությունների համար նույնականացման քարտ ստացողների թիվը առավելագույնը 600 հազար մարդու սահմաններում կարող է լինել: Այդպիսով ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը կլինի 1 միլիոն 300 հազար մարդու սահմաններում:
Ընտրական ցուցակները բացակա ընտրողների անուններից մաքրելուց հետո, որքան էլ ընտրողները ակտիվ գտնվեն, 2017-ի խորհրդարանական ընրությունների ժամանակ մասնակցությունն առավելագույնը կարող 80%-ի սահմաններում լինել: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ մաքրված ցուցակներով 2017-ի ԱԺ ընտրությունների մասնակցության թիվը 1 միլիոնի սահմաններում է լինելու:
Այսպիսով՝ ստացվում է, որ Աժ ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարելու եւ խորհրդարանում խմբակցություն ունենալու համար քաղաքական ուժերը ընտրություններում 50-ից 60 հազար ձայն պետք է հավաքեն: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ այդ շեմը 80 հազարի սահմաններում էր, քանի որ բացակա ընտրողների հաշվին իշխանական կուսակցության ձայները արհեստական ավելացվել էին, եւ մասնակցության թիվը հասել էր 1 մլն 570 հազարի:
Մի խոսքով, եթե ընտրական ցուցակները մաքրվեն եւ ընտրակեղծարարության` բացակա ընտրողների հաշվին մասնակցության թիվն արհեստական բարձրացնելու գործիքը հնարավոր չլինի օգտագործել, ապա խորհրդարանի անցողիկ 5 տոկոսանոց շեմը բացարձակ թվային արտահայտությամբ կնվազի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՃՈՂՈՊՐԵԼ
Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսքն ուղղելով կառավարության անդամներին, ասել էր. «Կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»: Սակայն նրա այդ խոսքից հետո նախարարները շարունակեցին կառավարության շենքի ետնամուտքով աննկատ հեռանալ: ՀՀ կառավարության երեկվա նիստն այս տեսանկյունից բացառություն չէր: Նիստից հետո, երբ բոլոր լրագրողները սպասում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին, նա կառավարության շենքը լքեց հետնամուտքից: Նրա հետ էր նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե ճիշտ են այն լուրերը, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային սեղանին կրկին դրվել է հայտնի Կազանյան փաստաթուղթը, որով Արցախի ազատագրած 5 շրջանների վերադարձ է նախատեսվում: Սակայն Շավարշ Քոչարյանը հենց այնպես չէր ետնամուտքով ճողոպրել, որ լրագրողների հարցին պատասխաներ, ուստի նա հարցը լսելուց հետո ընդամենն ասաց. «Վայ կներեք» եւ իրեն նետելով ծառայողական ավտոմեքենան՝ հեռացավ:
ԴԵԶԻՆՖՈՐՄԱՑԻԱ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումները: Մասնավորապես լուրեր են պտտվում, որ կրկին բանակցվում է կազանյան փաստաթուղթը, որով նախատեսվում է շրջանների վերադարձ: Արդյո՞ք դրա համար էր Սերժ Սարգսյանը Արցախ մեկնել: «Ես այն համոզմունքն ունեմ, որ ՀՀ եւ առավել եւս ԼՂՀ-ն չի պատրաստվում այդպիսի քայլի դիմել: Նախագահի այցերը նախապես են պլանավորված, ես կարծում եմ՝ դա աշխատանքային այց էր: Գուցե քննարկվում են այդպիսի հարցեր, բայց այդպիսի ելք ես չեմ կանխատեսում»,-պատասխանեց Լոքյանը:
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության շրջանում արդեն մի քանի օր է՝ սկսել են նախապատրաստվել երկուշաբթի՝ հունիսի 27-ին հրավիրվելիք արտահերթ նիստին: Իսկ ՀՀԿ-ականների «պատրաստվելը» ենթադրում է պատգամավորներին բերման ենթարկել, որպեսզի հենց պահը գա, նրանք կոճակ սեղմեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի օգնականները հերթով զանգում են խմբակցության անդամ պատգամավորներին եւ նրանց «խնդրում» անպայման ներկա գտնվել արտահերթ նիստին` նշելով, որ այն վերջինն է լինելու, եւ լավ կլինի, որպեսզի մասնակցեն, եւ այս նստաշրջանի հետ կապված նախագծերը սպառվեն: Խոստացել են այլեւս պատգամավորներին նիստերի գալու հարցով չանհանգստացնել:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հունիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորությամբ, վերջինիս նախաձեռնությամբ: «Քաղաքացիական պայմանագիրն» այդ հանդիպմանը ներկայացրել են կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխնախագահ Լենա Նազարյանը, վարչության անդամներ, խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
ՆՎԵՐ ՊԱՊԻՆ
Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է նվեր մատուցել Հռոմի պապին. Tert.am-ին այդ մասին ասել է Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Եկեղեցին Հռոմի պապին սուրբ հաղորդության սկիհ է նվիրելու, որով սուրբ պատարագ ենք մատուցում: Բավական գեղեցիկ սկիհ է, որի մի կողմում պատկերված է Վատիկանը, մյուս կողմում՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, երկու հիմնադիր առաքյալները՝ սուրբ Թադեոսը եւ սուրբ Պետրոսը: Այս նվերները սիրո եւ եղբայրության նմուշ են երկու եկեղեցիների միջեւ»,- ասել է Տ. Զաքարիան:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 27-ին, ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված է 24 հարց: Դրանցից 4-ը միջազգային պայմանագրեր են, օրակարգի 7 հարցերն էլ երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ հարցերն են, իսկ մնացած նախագծերը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր են: Նշենք, որ քննարկվելիք հարցերի թվում են ԸՕ փոփոխություններն ու համատեղ ՀՕ համաձայնագիրը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ նախագահության թվիթերյան էջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
ՆՌՆԱԿԱՆԵՏՈՎ
Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` արեւելյան ուղղությամբ կիրառելով նաեւ ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):
ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կառավարության երեկվա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ՝ տվյալ ոլորտներում պետական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով: Հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով եւ հետամուտ կլինի բարձրորակ ու միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին եւ արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: