ԻՆՉԻ ՇՈՒՐՋ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՆԱԿՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական լրահոսը վերջին երեք օրերին ամբողջությամբ տարված էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած եռօրյա այցելությամբ: Սակայն հենց այդ օրերին Արցախի հիմնահարցի հետ կապված առավել քան կարեւոր հայտարարություններ հնչեցին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի նախապայմաններն իր համար ընդունելի չեն: Սակայն հայկական կողմից այս հայտարարությանը համարժեք պատասխան այդպես էլ չհնչեց: Հռոմի Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողների հետ հարցազրույցներում Արցախի խնդրին անդրադառնալիս եւս Սերժ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց Ալիեւին: Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում Արցախի խնդրի կարգավորման ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչեւ ապրիլյան իրադարձությունները, մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը ԼՂ բնակչության, ԼՂ ժողովրդի համար, եւ գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ սփյուռքում»: Առաջին հայացքից թվում է, թե Սարգսյանը ամեն ինչ ճիշտ է ասել, բայց փաստն այն է, որ նա այս դեպքում եւս այդպես էլ չի անդրադարձել այն խնդրին, թե ինչպես կարող են բանակցությունները շարունակվել` միայն Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների հիման վրա:
Նկատենք, որ Ալիեւը համաձայն չէ նաեւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանին: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո ինքնաթիռում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ լավ կլինի մինչ հաջորդ հանդիպումը հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն: Սակայն մինչ օրս դրված չեն:

 

 

 

«Ժողովուրդ»-ը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եւ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնականում խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, պարտատերերից եւ ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն: Ավելին՝ նրանցից շատերը ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը: Ի դեպ, նկատենք, որ տվյալ դեպում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաեւ մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը, որոնք Բաբայանը կուտակեց Հայաստանում սկսած ու ձախողված բիզնեսի արդյունքում:

 

 

 

Հունիսի 24-ին տեղած հուժկու կարկուտի եւ հորդառատ անձրեւի պատճառով սկսված ջրհեղեղի արդյունքում Շիրակի Արթիկ քաղաքի փողոցները եւ տները պատվել են տասնյակ տոնա քարերի եւ տիղմի շերտով: Քաղաքի գազի եւ խմելու ջրի մատակարարումը դադարեցվել է: Բնական աղետից անցել է չորս օր, սակայն, պետական կառույցները չեն շտապում արթիկցիներին օգնության հասնել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արթուր Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փողոցների եւ տների տիղմը մաքրելու հարցում արթիկցիներին օգնելու խնդրի վերաբերյալ ասաց. «Իսկ հեղեղատարների եւ տնամերձ հողակտորները քարից, տիղմից մաքրման աշխատանքներ անելու համար վնասի գնահատումից հետո որոշակի նախագծանախահաշիվային աշխատանքներ կիրականացնենք նաեւ: Գումար պետք է հատկացվի, որովհետեւ դրանք մեծ ծավալով աշխատանքներ են»: Այսինքն՝ մարդկանց տները պետք է օրեր շարունակ ջրի մեջ մնան, մինչեւ նախագծահաշվարկային աշխատանքներն անեն արտակարգ նախարարությունում: Թե որքան կտեւի, պարզ չէ: Ահա ապահով Հայաստանը:

 

 

 
Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կալանավորման պատճառները շարունակում են գաղտնիության քողով պատված մնալ, անհայտ է նաեւ, թե ինչ կապ ունեն կալանավորվածները Սէֆիլյանի հետ, եւ մեքենայում եղած զենքերը` կալանավորվածների հետ: Ակնհայտ է մեկ բան, նույն գործով ձերբակալվածները հանրությանը հայտնի անձինք չեն: Ժիրայր Սէֆիլյանի՝ հանրությանը հայտնի ընկերներից չեն: Այդ գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընկերը` Սերգեյ Դարբինյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ներսեսին աջադրված մեղադրանքն անհիմն է: «Ներսեսին Սէֆիլյանի համար չէ, որ բռնել են, այլ նա շատ էր ակտիվ ֆեյսբուքում: Կառավարությանը քննադատում էր, ակցիաներին ակտիվ մասնակցում էր: Ես չեմ, հավատում, որ նա զենքի վաճառքի հետ որեւէ կապ կարար ունենար: Սա վրեժ էր, ու ոչ թե զենքի առք ու վաճառք: Նա ռեմոնտչիկ տղա է, ի՞նչ զենք: Որ փող ունենար, ես դրսից 50 ռուբլի չէի ուղարկի, որ զանգի»,- ասաց կալանավորվածի ընկերը: Այսպիսով՝ եթե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախկինում դատապարտված «կաֆելչիկները» ազատազրկվեցին, այս անգամ գործ ունենք «ռեմոնտչիկների» հետ: Քննչական մարմինների երեւակայությունը ավելին «չի ձգում»:

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
Երեկ ուշագրավ զարգացում է տեղի ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որտեղ ցավակցություն է հայտնել «Սու 24» ռուսական ռմբակոծիչի օդաչուի մահվան կապակցությամբ եւ օգտագործել «ներողություն» բառը: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն 2-րդ նամակն է՝ ուղղված Պուտինին Թուրքիայի նախագահ Էրդողանից: Նախորդ նամակը, ինչպես հիշում ենք, կապված էր ՌԴ ազգային տոնի հետ, սակայն հակառակ թուրքական կողմի ակնկալիքների՝ Կրեմլը շատ սառը արձագանքեց՝ ասելով, որ պատասխանելու անհրաժեշտություն չի տեսնում, եւ դա ընդամենը ֆորմալ քայլ էր՝ ընդունված անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջեւ:
Արդյոք այս անգամ Մոսկվայի արձագանքն այլ կլինի, պարզ չէ: Ի դեպ, հստակ չէ նաեւ բուն նամակի բովանդակությունը: Համենայնդեպս, պաշտոնական Անկարայից երեկվա դրությամբ չկար որեւէ տեղեկություն այն մասին՝ արդյոք Էրդողանն իրապես «ներողություն» բառն օգտագործել է, թե դա պարզապես եղել է նամակի բովանդակության համատեքստում: Թեեւ երեկ Թուրքիայի վարչապետը խոսել էր ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դրական առաջընթացի մասին՝ խոստանալով այն առաջիկայում ներկայացնել հանրությանը:
Նկատենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերկանգնման գլխավոր նախապայմանը՝ առաջադրված Պուտինի կողմից դեռեւս 2015թ. Նոյեմբերին, հենց պաշտոնական ներողությունն էր, ինչն այսքան ամիսներ այդպես էլ չէր ցանկանում արտաբերել Անկարան՝ հակադարձելով, թե իրենք չեն պատրաստվում ներողություն խնդրել սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Սակայն որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ եվրոպական ուղղությամբ կրած նոր հիասթափություններից հետո Թուրքիան գնաց այդ քայլին, եւ սա չի կարող մտահոգիչ չլինել մեզ համար: Առավել եւս, որ այդ հարցում ոչ վերջին նշանակությունն ունեցավ հենց հայկական գործոնը՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին իրադարձություններից Գերմանիայում, ավարտած ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի կրած անհաջողություններով եւ Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջադրված ոչ ադրբեջանանպաստ՝ հետաքննությունների մեխանիզմի տեղակայման ուղղությամբ զարգացումներով:
Եվ այս իմաստով ամենեւին պատահական չպետք է համարել հետաքննության մեխանիզմների մերժման հետ կապված Իլհամ Ալիեւի՝ նախօրեին արած հայտարարությունը: ոչ պակաս կարեւոր է նաեւ ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համաձայնագրի վավերացման գործընթացի արագացումն ու Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ֆորմատից զատ՝ նոր՝ երեք նախագահների ֆորմատի ամրագրումը: Սրանք բոլորը գործընթացներ են, որոնք մեկը մյուսի հետ շատ սերտորեն կապված են, եւ որոնց ընդհանուր ուղղվածությունը ՀՀ որեւէ լավ բան չի խոստանում:




Լրահոս