Երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Է. Բարսեղյանի հետ, քանի որ օրվա առաջին կեսին վերջինիս հեռախոսին պատասխանում էր ինչ-որ անծանոթ երիտասարդ, իսկ ավելի ուշ արդեն նրա հեռախոսն անհասանելի էր: Թե որն էր Բարսեղյանի անսպասելի հրաժարականի իրական պատճառը, առայժմ հայտնի չէ:
Տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած նրանից, որ մարզում արձանագրված դիզվառելիքային յուրացումների համար Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է նրա վրա ու նախատել շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Եվ, վերջապես, երկար ժամանակ էր, ինչ խոսվում էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր մարզում ունենալ իր համար սիրելի եւ ընկալելի մարզպետ, դրա համար էլ պարբերաբար շրջանառվում էր Էդիկ Բարսեղյանին ազատելու մասին լուրը:
Ու, դատելով այն իրողությունից, որ Արարատի նոր մարզպետը, ամենայն հավանականությամբ, լինելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, արդեն հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել այդ պաշտոնի շուրջ: Թեեւ երեկ խոսվում էր նաեւ, որ հնարավոր է՝ մարզպետ դառնա Գրիգորյանի եղբայրը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, այժմ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ):
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց Արայիկ Գրիգորյանի հետ զրուցում պարզել, թե նրանցից ով է, ի վերջո, դառնալու Արարատի մարզպետը:
-Պարո՛ն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ Դուք եք լինելու Արարատի հաջորդ մարզպետը: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ես նման տեղեկություն չունեմ:
-Է. Բարսեղյանը համարվում է Ձեր մտերիմներից մեկը, տեղյա՞կ եք՝ ինչու է նա որոշել հրաժարական ներկայացնել:
-Ես տեղյակ չեմ, նոր եմ այդ տեղեկությունը լսում:
-Իսկ Ձեզ առաջարկե՞լ են մարզպետի պաշտոնը:
-Ո՛չ, այսօր իմ պաշտոնն ավելի լավն է:
-Եթե առաջարկեն Արարատի մարզպետի պաշտոնը, չե՞ք համաձայնի:
-Եթե ինձ լինի առաջարկություն, իհարկե ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Պատգամավորն ավելի լավ է, ժողովրդին ահագին պետք ենք գալիս, ահագին բաներ ենք անում մեր տարածքների համար:
-Բայց որպես մարզպետ՝ նույնպես կարող եք աշխատել ժողովրդի համար:
-Հիմա չեմ հասկանում, Դուք ուզում եք, որ ես հրաժարվե՞մ: Ինձ նման առաջարկ չի եղել ընդհանրապես:
-Այսինքն՝ եթե անգամ առաջարկեն, Դուք հրաժարվելո՞ւ եք:
-Դե կարծում եմ, որ չի լինելու:
-Գուցե մարզպետը Ձեր մտերիմն է, դրա՞ համար եք նման բան ասում:
-Չէ՛, կարծում եմ, որ երբեք նման առաջարկ չի լինելու, ես էլ իմ պատգամավորական գործունեությունն եմ շարունակելու:
-Տեղեկություններ կան, որ մարզպետի հավանական թեկնածու է համարվում նաեւ Ձեր եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը:
-Անկեղծ տեղյակ չեմ, կլինի, կիմանանք:
-Նշվում է, որ Դուք մտերիմ հարաբերություններ ունեք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որը եւս մարզպետի իր թեկնածուն ունի: Այդ դեպքում ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու:
-Ես միշտ եմ մտերիմ եղել Հովիկ Աբրահամյանի հետ եւ ոչ թե վերջին ժամանակաշրջանում: Մենք լավ ընկերներ ենք եղել միշտ:
-Դա հատկապես աչքի ընկավ, երբ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունների ժամանակ Դուք ԱԺ նախագահի հետ միասին եկաք:
-Խոսելու բան կար, բարձրացել էի Հովիկ Աբրահամյանի հետ խոսելու, միասին իջել ենք, այդտեղ ոչ մի միտումնավոր բան չկար: Ինքն էլ չէր ընտրել, ես էլ, միասին իջանք: Ու ես ասեմ՝ մենք միշտ էլ ջերմ, հարազատ մարդիկ ենք եղել:
«ԵՍ ՄԻՇՏ ԵՄ ՄՏԵՐԻՄ ԵՂԵԼ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ