ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԲԱՆ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը մեծ ոգեւորություն առաջացրեց հանրության շրջանում: Սակայն շատերի փափագը՝ Սրբազան քահանայապետին մոտիկից տեսնելու, այդպես էլ չիրականացավ: Անգամ շատ հայտնի դեմքերի նման հնարավորություն չընձեռնվեց, եւ անհասկանալի մնաց, թե ինչ սկզբունքով էին բաշխվել հրավիրատոմսերը:

Արդյո՞ք օրենսդիրները հնարավորություն ունեցել են հանդիպել Հռոմի Պապին, եւ, առհասարակ, ի՞նչ ազդեցություն է թողել Պապի այցը նրանց կյանքում՝ փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից:
-Պարո՛ն Այվազյան, Ձեզ հաջողվե՞ց հանդիպել Հռոմի Պապին եւ ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
-Ցավոք սրտի, այդ բախտին չեմ արժանացել: Բոլոր դեպքերում այն զգացողությունը, որ ես տեսնում եմ, թե ինչպիսի ապրումներ ունի մեր հասարակությունը՝ շատ բարի, դրական, էմոցիոնալ հույսեր արթնացնող ակնկալիքներով, ժողովրդի մոտ լուրջ տեղաշարժ է տեղի ունենում:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ չհանդիպեցիք. անկարեւո՞ր էր, թե՞ պարզապես Ձեզ հերթ չհասավ:
-Դուք գտնում եք, որ ես պարտադիր պետք է հանդիպեի՞: Չեմ կարծում, որ որեւէ մեկի առաքելությունը կայանում է նրանում, որ Հռոմի Պապի հետ հանդիպի: Ոնց որ բոլորը, այնպես էլ ես. չի եղել նմանատիպ առիթ, ինձ բախտ չի վիճակվել:
-Որպես Աժ պատգամավոր, տեղյա՞կ եք, թե հրավիրատոմսերը ինչ սկզբունքով էին բաշխվել. շատ մարդիկ հնարավորություն չունեցան Հռոմի Պապին տեսնել կամ թեկուզ տարածքին մոտենալ:
-Իրազեկված չեմ, որովհետեւ այդ ամբողջ արարողակարգը իրականացվել է հայ առաքելական եկեղեցու կողմից: Եղել է հրավիրատոմս, այսքանը:
-Իսկ չեք կարծո՞ւմ, որ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքն այս դեպքում էլ է գործել:
-Չեմ կարծում: Ես գիտեմ, որ մոտավորապես բաշխվել է 23, 25 հազար հրավիրատոմս. հասարակական սեկտր, քաղաքական գործիչներ, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներ, ազգաբնակչություն: Ընդհանրապես ցանկացած երկրում ընդունված է այդ մոդելը: Այդ իրավասությունները, որի մասին մենք խոսում ենք, կախված են միայն այն մարմնից, որը հանդիսանում է այդ միջոցառման հիմնական իրականացնողը. տվյալ պահին դա պետական իշխանությունները չէին: Դա ավելի շատ հոգեւորական այցելություն էր, եւ որպես ավետյաց երկիր, քրիստոնեություն ընդունած երկիր՝ դրա հիմնական իրականացնողը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցին:
-Հռոմի Պապի եռօրյա այցի ողջ ընթացքում կադրերում միայն Սերժ Սարգսյանն էր ու նրա փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպանը, նաեւ՝ մեկ-երկու ուժային կառույցների ղեկավարներ: Իսկ, ահա, նախարարներ, պատգամավորներ չկային, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
-ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, դրա համար պետք է մի քիչ Սահմանադրություն իմանալ: Միքայել Մինասյանը հանդիսանում է ՀՀ-ի դեսպանը Վատիկանում, իսկ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է Հռոմի Պապը հենց անձամբ, ո՞նց եք մտածում՝ մի այլ երկրի ղեկավար որ գար, այդ երկրի դեսպանը իր կողքին պետք է լիներ, թե չէ…
-Իր ուղերձում Հռոմի Պապը խոսեց նաեւ Արցախից ու ստատուս քվոյից: Ըստ Ձեզ՝ որն էր ասվածի ենթատեքստը:
-Դա, համենայնդեպս, պետության ղեկավարի, աշխարհում լուրջ ազդեցություն ունեցող մարդու խոսքեր են, որ իր տեսլականը ներկայացրեց Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ կապված: Հարցերը պետք է լուծվեն այլ ֆորմատում: Դա գտնվում է ԵԱՀԿ-ի եռանախագահող երկրների շրջանակներում, երկարատեւ քննարկման փուլ է անցել: Հռոմի Պապը հանդիսանում է մոտ 1 միլիարդ ազգաբնակչության լուրջ հոգեւորական՝ լուրջ առաքելությունով, եւ չեմ կարծում, որ նրա կողմից բարձրացված հարցերը իր չափով ազդեցություն չունենան: Բայց բոլոր դեպքերում ցանկացած հարց կլուծվի ավելի ռեալ դաշտում: Պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ… ցանկացած խնդիր լուծվում է իր հարթության մեջ: Հռոմի Պապը ուրիշ շատ ավելի լավ բաներ էլ է ասել:
-Պարո՛ն Այվազյան, լսեցի՞ք Հռոմի Պապի աղոթքը, եւ հատկապես ո՞ր հատվածն էր Ձեզ համար ամենատպավորիչը:
-Բոլորը:
-Հռոմի Պապի այցը ի՞նչ կփոխի Ձեր կյանքում: Քրիստոնեական պատվիրանները ի՞նչ չափով կկատարեք:
-Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի այցելությունը ինչ-որ մեկի մոտ պետք է..պարզապես լուրջ, դրական էմոցիաներով, իր կոչերով, շատ դրական սպասումներով առաջ է բերում նոր արժեքների համակարգ: Ժամանակ առ ժամանակ երբ մարդկանց բերում ես, հոգեւոր կապի հետ սերտ առնչում, մարդը սկսում է նաեւ հոգեւոր արժեքների մասին մտածել: Հիմա իմ մոտ ինչ կփոխվի, ինչ չի փոխվի, չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ բոլորի մոտ ինչ-որ մի բան պետք է փոխվի: Եթե մենք ավելի շատ դրականի մասին խոսենք, չխոսենք, օրինակ՝ ինչպես եղավ, որ Հռոմի Պապից այս մարդկանց շատ տեսանք, այս մարդկանց քիչ տեսանք, անձամբ տեսանք, գրկախառնվեցինք եւ այլն… բոլորի համար էլ ինքը հավասարաչափ էր, մոտիկ, հեռու լինելուց չի, զգացողությունն ապրելուց է:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՐԵՔՍԻԹԻ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՉԻ ԶԳԱ

Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումն իրականում անսպասելի էր ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլեւ հենց իր՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունների եւ քաղաքացիների զգալի մասի համար, որոնք ինչպես պարզվեց, մինչեւ վերջ չէին հաշվարկել այդ քայլի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հետեւանքները:

Արդեն իսկ վերջին օրերին ֆունտի արժեզրկումը, երկրից օտարերկրյա ներդրումների արտահոսքը եւ, ամենակարեւորը, Շոտլանդիայի իշխանությունների կողմից Մեծ Բրիտանիայից անկանխանալու մասին նոր հանրաքվեի անցկացման մասին հայտարարությունը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիային, ինչպես նաեւ՝ շուրջ 20 տոկոս բյուջետային կրճատման վտանգի առաջ կանգնած Եվրամիությանը առաջիկայում սպասվում են նորանոր ցնցումներ:
Իսկ ինչպես կանդրադառնան այդ ցնցումները Հայաստանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Բրեքսիթը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում էական եղանակ չի փոխի մի պարզ պատճառով. Հայաստանը տնտեսություն կամ ընդգծված արտաքին քաղաքականություն չունի.
«Հայաստանի Հանրապետությունն ածանցյալ տարածաշրջանային պետականատիպ մի միավոր է, որն ազդվում է համաշխարհային քաղաքականության եւ հատկապես տնտեսության բոլոր ալիքներից: Կախված նրանից, թե ինչպես կարձագանքեն համաշխարհային շուկաները, Հայաստանը դա կզգա իր մաշկի վրա: Ֆոնդային բորսաների փլուզումն այդ առումով արդեն արձագանքներ է գտնում այստեղ»,- նկատում է քաղաքագետը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով էլ` Բրեքսիթի հետեւանքները Հայաստանի տնտեսությունը կզգա հիմնականում միջնորդավորված` կապված արտարժույթների տատանումների եւ այլ երկրների տնտեսությունների վրա ունեցած ազդեցությունների հետ: «Փոխարժեքի տատանումները կարող են ազդել Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ մեզ վրա, քանի որ տրանսֆերտներ ուղարկող առաջին եւ մեր հիմնական առեւտրային գործընկերը Ռուսաստանն է: Երկրորդը՝` ԵՄ-ի երկրների հետ, որոնց հետ մենք ունենք տնտեսական հարաբերություններ, առեւտրի ծավալների նվազում կարող է արձանագրվել: Բայց չեմ կարծում, որ էական վնասներ կրենք դրանից, քանի որ մեր արտահանումը հիմնականում դեպի Գերմանիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա է ուղղված»,- ընդգծում է տնտեսագետը:
Այսպիսով՝ ստացվում է, որ իր գլոբալ մեկուսացվածության արդյունքում Հայաստանը կարող է զերծ մնալ շատ զգալի բացասական հետեւանքներից: Ըստ էության՝ լինելով թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգության ընդամենը սպառող երկիր՝ մենք մինիմալ չափով կկրենք ազդեցությունն այն գործընթացի, որի վրա ինքներս ազդեցության որեւէ լծակ չունենք: Դրանով հանդերձ, սակայն, Եվրամիության միասնականությանը հասցված այս հզոր հարվածը չի կարող իր անդրադարձը չունենալ Հայաստանի՝՝ եվրաինտեգրացմանն ուղղված քաղաքականության հեռանկարների վրա:

ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում դժգոհության ալիք է բարձրանում: Մեր տեղեկություններով՝ ԵՊՀ-ի նշված մասնաշենքին եւս մեկ հարկ է ավելացվում, որը ԵՊՀ ռեկտորատը վարձակալությամբ ինչ-որ կազմակերպությունների է տալու: Ըստ ԵՊՀ աշխատակիցների՝ համալսարանի նշված մասնաշենքում նոր վերելակ են տեղադրել, որից ԲՈՒՀ-ի աշխատակիցներին եւ ուսանողներին արգելվում է օգտվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Այդպիսի բան չկա: Կառավարության որոշումով համաշխարհային բանկի տված կրեդիտով այդտեղ մեծ ռեսուրս-կենտրոն է բացվում ողջ հանրապետության մասշտաբով: Մեր ուսանողները պետք է գնան այդտեղ եւ իրենց գաղափարները վերածեն պրակտիկ գործունեության: Դա համալսարանի սեփականությունն է, դա կառուցում է եւ տալիս է մեզ, պետք է ուրախ լինենք, որ մեծ կենտրոն է բացվում, տարածաշրջանում այդպիսի կենտրոն չկա: Կրկնում եմ՝ դա եղել է կառավարության որոշումը, դեռես Տիգրան Սարգսյանի ժամանակ»:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ՀԱՆՁՆՎԵՑ»
Դեռեւս 2014 թվականի հունվարի 31-ին ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն է, կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր: Ավելի ուշ ԱԺ պատգամավորը պարզել էր, որ գնված հողամասի համար նախատեսվածից շատ գումար է վճարել: Նա փորձում էր դատական կարգով վերանայել գործարքը, որը կնքվել է Երեւանի քաղաքապետարանի հետ: Այս գործով դատավարությունը շարունակվում էր արդեն երկու տարի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունիսին գործը կարճվել է, քանի որ պատգամավորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանը տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն քանդելու գործին էր լծված, տարաբնույթ խարդավանքներ էր հյուսում, սակայն չստացվեց քանդել Ծառուկյանի հիմնած կուսակցությունը, ինչից հետո պատգամավորն անհետացել է, նա ԱԺ ոտք չի դնում:




Լրահոս